Ջայլամային վարքագիծ

Ջայլամային վարքագիծ

Բազմիցս եմ ֆեյսբուքյան գրառումներում եւ «Հրապարակի» հոդվածներում մեջբերել ռուսական ասացվածքը. «Դար ապրիր՝ դար սովորիր»: Արդեն մոտենում եմ դարի երկու երրորդի վերջնագծին, բայց շարունակում եմ զարմանալ մեր ժողովրդի առանձին ներկայացուցիչների մտքի «գոհարների» վրա: Առաջին հերթին, բնականաբար, իշխանություն ունեցողների, քանի որ նրանցից են անընդհատ մեջբերում անում լրագրողները: Այսօր էլ երջանկություն ունեցա «վայելելու» նման մտավոր «գոհարներից» մեկի մատուցած հոգեւոր հաճույքը՝ ներկայացված ԱԺ նախագահ Սիմոնյան Ալենի կողմից: Ահա այն․ «Հայկական կողմի վրա պարտադրանք չի կարող լինել, որովհետեւ Հայաստանի Հանրապետության իշխանությունն ընտրված է»: 

Եվ այդ խորիմաստ դատողության հեղինակն այն իշխանության ներկայացուցիչն է, որը բազմիցս ենթարկվել է նման պարտադրանքների 44-օրյա պատերազմում խայտառակ պարտությունից հետո: Ինչը տեղի է ունեցել դատողության հեղինակի՝ «չշշկռված» առաջնորդի, հրամանատարությամբ: Հերթական այդ գոհարն էլ ասվել է «Զանգեզուրի միջանցքը» բացելու պարտադրանքի առումով:

Բայց քանի որ նրա առաջնորդի առումով վաղուց համոզմունք կա, որ զերծ չէ հիշողության կորուստներից, ենթադրում եմ, որ այն վիրուսային հիվանդությունների նման փոխանցվել է իր շրջապատին: Ասեմ, որ այդ համոզմունքն էլ հիմնված է բազմիցս կրկնված՝ «Ե՞ս եմ նման բան ասել, ինչ-որ չեմ հիշում» կարգի արտահայտության վրա: Կամ էլ պետք է ենթադրենք, որ մինչեւ պարտադրանքի վերաբերյալ խոսելը նման կարգի երեւույթները, որպես այդպիսին, չեն դիտարկվել: Կամ էլ, ինչն ավելի ֆանտաստիկ ենթադրություն է, պարտադրող ադրբեջանա-թուրքական զույգը տեղյակ չի եղել վերը նշված բանաձեւի մոգական գոյության մասին: Բայց նախորդ օրը Բաքվում կրկին խոսվել է «Զանգեզուրի միջանցքը» բացելու անխուսափելիության մասին: Ինչը նշանակում է, որ ամենից հնարավոր ենթադրությունը վտանգի պահին գլուխն ավազի մեջ մտցնելու՝ ջայլամային վարքագծի առկայությունն է:    

Բայց այդ վարքագիծն էլ հենց նպաստում է գիշատիչների կողմից ջայլամին հոշոտելուն: Չեմ կարող ասել՝ Սիմոնյան Ալենը ծանո՞թ է, թե՞ ոչ ջայլամային վարքագծին: Սակայն, ինչպես օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, այնպես էլ ջայլամային առանձնահատկության չիմացությունը չի խոչընդոտում գիշատիչ հարեւանների ոտնձգությունները: Իսկ մոգական արտահայտությունների հզոր ուժն էլ դրսեւորվում է ոչ թե իրական կյանքում, այլ միայն հեքիաթներում: Եթե այսքանը պետք է բացատրվի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին, ապա ի՞նչ գործ ունի նա այդ պաշտոնում: Իհարկե, միայն ինքը չէ, որ զբաղեցնում է մի պաշտոն, որին արժանի չէ: Ճիշտ այնպես, ինչպես արժանի չէ իր զբաղեցրած պաշտոնին վերջինիս առաջնորդը՝ Փաշինյան Նիկոլը: 

Այդ առումով բացառություն չէ նաեւ Միրզոյան Արոն, ով զբաղեցնում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Եվ բացառություն չեն ՔՊԿ-ական եւ ոչ ՔՊԿ-ական բազմաթիվ այլ անձինք, որ զբաղեցնում են իրենց կարողություններից շատ ավելի բարձր եւ դրանով էլ՝ ոչ համապատասխան պաշտոններ: Ուղղակի մեղք է Հայաստանի Հանրապետությունը, որ սրանց պատճառով հայտնվել է գոյութաբանական իրողության մեջ: Ու դրանից դուրս գալու ելքեր չի տեսնում հենց սրանց ապաշնորհ (առնվազն) ղեկավարության պատճառով: