«Ազգովի խնդրելու» ֆենոմենը կրկնվում է

«Ազգովի խնդրելու» ֆենոմենը կրկնվում է

«Մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը»,- ասում է հայկական ժողովրդական ասացվածքը: Իմաստն այն է, որ յուրաքանչյուր հաջորդ իշխողն ավելի վատն է լինում, եւ արդյունքում մարդիկ երանի են տալիս նախորդին, երազում նրա վերադարձը՝ Այգեկցու առակի մոտիվներով: Հայաստանի պատմության վերջին 35 տարիները, որոնց ականատեսն եմ, այս ասացվածքի դրսեւորման ամենավառ ապացույցն են: Մարդիկ կամ առնվազն նրանց մի մասը, դժգոհելով գործող իշխանությունից, պայքարելով այդ իշխանության հեռացման դեմ, հետո սկսել են պայքարել այդ իշխանության, դրա առաջնորդների վերադարձի համար՝ մտածելով, որ համեմատության մեջ նախորդը, այնուամենայնիվ, գերադասելի էր, քան նոր եկած իշխանությունը: Հիմա մարդիկ երանի են տալիս հին Հայաստանին՝ մերժելով փաշինյանական «նոր Հայաստանը»: 

«Պարոն նախագահ, հետ արի, էլի». հունիսի 12-ին Կոմիտասի անվան պանթեոնում դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրում էին մի խումբ կանայք: Նրանք չեն արտահայտում ողջ հասարակության տեսակետը, բայց ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում մտածել, որ Փաշինյանն ու նրա իշխանությունը որեւէ համեմատության եզր չունեն ընդամենը հինգ տարի առաջ մերժված Սարգսյանի իշխանության հետ: Հնարավոր է, որ այդ կանանցից ոմանք մասնակցել են 2018 թ․ «Մերժիր Սերժին» կարգախոսով անցկացվող հանրահավաքներին, իսկ հինգ տարի հետո խնդրում են Սարգսյանին՝ վերադառնալ իշխանության:

1988 թվականին Արցախը Հայաստանին վերամիավորելու պահանջով փողոց դուրս եկած հայ ժողովրդը մերժեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Կարեն Դեմիրճյանին, միայն այն պատճառով, որ ի պատասխան «Ղարաբաղը մերն է» պահանջի, հայտարարեց՝ Ղարաբաղը ջեբս չի, որ ձեզ տամ: Ընդամենը 10 տարի անց՝ 1998-ին, նույն հայ ժողովուրդը կոմունիստական անցյալի վերադարձի հույսով եւ հավատով յուրաքանչյուր քաղաքում եւ գյուղում գառներ էր մորթում նրա ոտքերի տակ, փաթաթվում եւ գրկախառնվում Դեմիրճյանին՝ խնդրելով նրան վերադառնալ եւ վերադարձնել իրենց նախկին կյանքը, մերժելով Հայաստանի անկախության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Չնայած Տեր-Պետրոսյանը հրաժարական էր տվել «հայտնի ուժերի» պահանջով, բայց այդ օրերին Երեւանում նրա հրաժարականի պահանջով բազմահազարանոց հանրահավաքներ էին անում այդ ժամանակվա ընդդիմության հիմնական ուժերը` ԱԺՄ-ն եւ Կոմկուսը: Կարեն Դեմիրճյանին այդպես էլ չհաջողվեց վերադառնալ իշխանության, քանի որ, չնայած համաժողովրդական աջակցությանը, 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծվեցին, եւ նախագահ կարգվեց Տեր-Պետրոսյանի կողմից վարչապետ նշանակված եւ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո իշխանության ղեկավար դարձած Ռոբերտ Քոչարյանը: Դեմիրճյանի՝ ԱԺ նախագահ դառնալն այդ վերադարձի մի փուլն էր, Վազգեն Սարգսյանի հետ տանդեմով, գուցե այն նաեւ շարունակություն ունենար, եթե 1999-ի հոկտեմբերի 27-ը չլիներ։

Իսկ 1998-ին որեւէ մեկը չէր էլ մտածում, որ 10 տարի անց հնարավոր է մարդիկ փողոց դուրս գան՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանության վերադարձնելու պահանջով, բայց 2008 թվականին տասնյակ հազարավոր մարդիկ նույնիսկ ոստիկանության հետ մարտի էին բռնվում Տեր-Պետրոսյանին իշխանության վերադարձնելու համար: Անձամբ ճանաչում եմ մարդկանց, ովքեր 1998 թվականին Տեր-Պետրոսյանին հռչակում էին իրենց բոլոր դժբախտությունների մեղավոր, իսկ 2008-ին բանտ նստեցին փողոցային անկարգությունների մասնակցելու մեղադրանքով: Տեր-Պետրոսյանը դեռեւս իր իշխանության օրոք էր կանխատեսել իրադարձությունների զարգացման նման սցենար: 1997 թվականին, դեռեւս զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքն առաջադրվի 2001 թվականի նախագահական ընտրություններում, Տեր-Պետրոսյանը պատասխանել էր. «Եթե ազգովի խնդրեք, այդ ժամանակ կառաջադրվեմ»: Տեր-Պետրոսյանը չպաշտոնավարեց մինչեւ 2001 թվականը, բայց  առաջադրվեց 2008 թվականի նախագահական ընտրություններում եւ պարտվեց: Նա եւ նրա կողմնակիցները հայտարարեցին, որ ընտրությունները կեղծված են, չճանաչեցին ընտրության արդյունքները եւ փողոցային պայքարի կոչ արեցին: Իշխանությունը զենք կիրառեց փողոց դուրս եկած ցուցարարների դեմ, որին զոհ գնաց 10 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: 

Պատմական տրամաբանությամբ՝ 2018 թվականին հասարակությունը պետք է պահանջեր Ռոբերտ Քոչարյանի վերադարձը եւ նրա մեջ տեսներ իր փրկությունը, բայց 2018 թվականին իշխանությունն արտաքին ուժերի եւ փողոցի աջակցությամբ բռնազավթեց Նիկոլ Փաշինյանը: Քոչարյանին հետ վերադարձնելու եւ նրա միջոցով փրկվելու պատմական ավանդույթն ընդամենը հետաձգվեց` երեք տարով: 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմության առաջնորդ հռչակված Ռոբերտ Քոչարյանը գլխավորեց «Հայաստան» դաշինքի ցուցակը, եւ հասարակության ընդդիմադիր հատվածը նրա միջոցով էր տեսնում Հայաստանի եւ անձամբ իր փրկությունը Փաշինյանի իշխանությունից: Ռոբերտ Քոչարյանը պարտություն կրեց եւ ընդունեց իր պարտությունը, ուստի Հայաստանում հետընտրական զարգացումներ չեղան: Դրանով Ռոբերտ Քոչարյանը սպառեց իրեն որպես ընդդիմության առաջնորդ՝ ընդդիմության առաջնորդի էստաֆետն ակամայից փոխանցելով Սերժ Սարգսյանին:

Ինչո՞ւ է հասարակությունն ամեն անգամ առաջ նայելու փոխարեն հետ նայում եւ նոր քաղաքական առաջնորդներ փնտրելու փոխարեն փորձում վերադարձնել նախորդներին, որոնցից արդեն հասցրել է հիասթափվել: Պատճառներից մեկն էլ այն է, որ, ինչպես Փաշինյանի դեպքում, հասարակությունը վախենում է, որ նոր եւ անփորձ ղեկավարը, որի հետ ինքը փրկության հույսեր էր կապում եւ նրան համարում փրկիչ, պարզվեց՝ իսկական կործանիչ է` երկրի, նրա ապագայի եւ մարդկանց ճակատագրերի: Հասարակությունը վախենում է նոր դեմքերից՝ մտածելով, որ հերթական փրկչի տակ կարող է բացահայտվել մի նոր հրեշ, եւ ուզում է վերադարձնել իրեն ծանոթ եւ հասկանալի գործիչներին, որոնց լավն էլ գիտի, վատն էլ: Մյուս պատճառն այն է, որ քաղաքականությունը նաեւ ռեսուրսների`ֆինանսական, մարդկային, քարոզչական, պայքար է: Իսկ այդ ռեսուրսն ունեն միայն նախորդ իշխանությունները, եւ մարդիկ համախմբվում են նաեւ այդ ռեսուրսի շուրջ:

Պատճառներից է համարվում թերեւս այն, որ  հասարակությանը թվում է, որ եթե մարդը մի անգամ կարողացել է իշխանության համար պայքարում հաղթել, կկարողանա հաղթել նաեւ երկրորդ անգամ: Իշխանության վերադարձի նախորդ բոլոր փորձերը` Դեմիրճյանի, Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի, ձախողվել են: Տեսնենք, թե ինչպես կստացվի Սերժ Սարգսյանի մոտ, ով իշխանության դեմ պայքար սկսելու մասին տրված հարցին ի պատասխան ասում է. «Ամեն ինչ իր ժամանակին է լինելու»: Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանը մի անգամ խոստացել է այլեւս չհավակնել երկրի ղեկավարի պաշտոնին եւ դրժել է, բայց այս անգամ այլ իրավիճակ է՝ հո չի՞ մերժելու, եթե «ազգովի խնդրենք»:

Ավետիս Բաբաջանյան