Մոխրացած «սպիտակ» Մարությանը

Մոխրացած «սպիտակ» Մարությանը

Երկու տասնամյակ նախկինների դեմ կռիվ եմ տվել, բայց չեմ պատկերացրել, որ բոլորիս պայքարի արդյունքում կստանանք այսպիսի չտեսնված-չլսված իշխանություն… Այնպիսի իշխանություն, որի յուրաքանչյուր անդամ արժե մեկը մյուսին և բոլոը միասին՝ իրենց առաջնորդին: Եվ եթե մեր իրավիճակն այսքան ողբերգական չլիներ, ապա կարելի էր ենթադրել, որ սրանց իշխանությունը Էվերեստի լեռան բարձրության ու Մարիանյան իջվածքի խորության ձեռառնոցիի պաշար է ամբարել իր մեջ: Ինչը կարող էր բավարարել երկրագնդի շուրջ 8 միլիարդ բնակիչների հոգսերը հոգեբանորեն թեթևացնելուն: Չնայած պետք է խոստովանեմ, որ սրանց գոյությունը զուտ հայկական միջավայրով պայմանավորված չէ: Երբ կողքանց դիտում ես մեր հարևան վրացիների «վարդային» և ոչ այնքան հարևան ուկրաինացիների «մայդանային» ցնծությունը, հասկանում ես, որ «գունային» հեղաշրջումները պայմանավորված են ոչ թե ազգային, այլ տարբեր ժողովուրդների համար ընդհանուր քաղաքական տհասությամբ: Իսկապես, եթե դա չլիներ, ապա ի՞նչ գործ ուներ Փաշինյան Նիկոլը վարչապետի պաշտոնին խայտառակ պարտությունից հետո: Եվ ի՞նչ իրավունքով էր Վրաստան վերադառնում 2008-ի ռուս-վրացական պատերազմի հակահերոս, սեփական փողկապը ծամծմող Միխեիլ Սահակաշվիլին: Եվ ինչպե՞ս էր հնարավոր, որ «մայդանային» մեկ փուլից հետո, որի արդյունքում կորսվեցին Ղրիմն ու այլ Դոնբասի մի մասը, Ուկրաինայում տեղի ունենար երկրորդ «մայդանը», և երկրի ղեկավար ընտրվեր կրկեսային աճպարարի մակարդակի դերասանը:  

Ինչևէ, նախաբանից անցում կատարենք այն իրադարձությանը, որը պատճառ հանդիսացավ հերթական անգամ տրագիկոմիկ իրականությանն առնչվելուն: Եվ այսպես, հեղափոխական և սպիտակ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրասենյակից լրատվական կայքերից մեկի հարցն ի պատասխան հայտնել են, որ «ողջունում են պետական և համայնքային կառույցներում ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը»։ Երկարաշունչ նախադասությունը գրելուց հետո ինձ բռնացրի այն բանի վրա, որ աչքս չեմ կտրում «Հայկ Մարությանի գրասենյակից» արտահայտությունից: Իսկապես, ո՞վ եղավ նախկին քաղաքապետ և ավելի նախկին կոմիկ դերասանը, որ պաշտոնից զրկվելուց հետո որոշեց գրասենյակ ունենալ: Լավ, ընդունենք, որ հարցը հռետորական է և անցնենք առաջ: Իսկ որո՞նք էին «ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը», որպեսզի արժանանային Հայկ Մարության գրասենյակի ողջույնին: Պարզվում է, որ դրանք Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կողմից քաղաքապետարանում կատարած ուսումնասիրության արդյունքներն էին, որ ուղարկվել էին դատախազություն: Ըստ որոնց, ՊՎԾ-ն հայտնաբերել էր քաղաքապետ Մարությանի օրոք կատարված շուրջ 8,5 միլիարդ դրամի խախտումներ: 

Քանի որ ՊՎԾ-ի կողմից բացահայտված նյութերն արդեն ուղարկվել են դատախազություն, ապա նախկին սպիտակ Մարությանի ճակատագիրը 50-50 տարբերակով Փաշինյան Նիկոլի և դատախազության ձեռքերում է: Ինչը, ընդունենք, խիստ հետաքրքիր իրավիճակ է: Բայց վերջնական որոշումն, այնուամենայնիվ, Նիկոլի ձեռքում է: Եվ եթե վերջինս որոշի, որ Հայկ Մարությանը պետք է պատժվի, ապա դատախազությունը կյանքի կկոչի այդ որոշումը: Ինչը կնշանակի, որ Մարությանի գրասենյակը ողջունում էր վերջինիս նկատմամբ քրեական գործի հարուցումը: Հուսով եմ, որ այդ դեպքում «ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված» քայլերը կուսումնասիրվեն Մարության կողմից՝ երբ վերջինս ավելի «հանգիստ» պայմաններում բավարար ժամանակ կունենա դա անելու համար: Իսկ եթե նույնիսկ քրեական գործ չհարուցվի էլ, ապա ՊՎԾ-ի կողմից դատախազություն նյութեր ուղարկելը երկրորդ (առաջինը պաշտոնից հեռացնելն էր) մոխրագույն բիծն է նախկին հեղափոխական Մարությանի «սպիտակ» քաղաքական կարիերայում: Ինչի համար էլ բացվել է գրասենյակը: Մարությանին էլ կմնա ընդամենը աղոթել Աստծուն, որպեսզի իր բնութագրած «սևերը» որքան հնարավոր է արագ պաշտոնից հեռացնեն իր երբեմնի «սպիտակ» առաջնորդին: