Լավ քաղաք է Վանաձորը, բայց ես մեր Արցախն եմ ուզում
Զրուցում եմ Լոռիի մարզում, ավելի կոնկրետ` Վանաձորում տեղավորված արցախցի բարեկամիս` վաթսունամյա Հայկի հետ։ Հարցնում եմ` քաղաքի, մարդկանց մասին, իր ընտանիքի, պրոբլեմների մասին։
Ասում է` վերջից սկսեմ. հարցնում ես պրոբլեմների մասին։ Դե, դու ինքդ ինձնից լավ գիտես, թե ինչ ասել է ծննդավայր, տունուտեղ, հայրենիք կորցրած մարդ։ Նույնն է, ինչ ծառից կոպտորեն կտրած, մի կողմ նետած ճյուղի կտորը։ Բայց դե, ի՞նչ եմ ասում, ծառի ճյուղը հոգի չունի, գիտակցությունից զուրկ է, հիշողություն չունի, զգացմունք չունի, ցավ չի զգում...
Մի քանի րոպե լռում է ու շարունակում. Մանկությունս, երիտասարդությունս, այն ծեր թթենին, որի տակ հանդիպում էի սիրած էակի հետ, իմ ձեռքով տնկած մի քանի տասնյակ ծառերը, իմ ձեռքով կառուցած երկհարկանի տունը, ամեն ինչ, ինչ ունեի, ինչ ես էի ստեղծել իմ այս կոշտացած ձեռքերով, ինչ կառուցել էին իմ հայրը, պապերը, նրանց ապուպապերը, հարազատներիս գերեզմանները, իմ ապրած վաթսուն տարվա կյանքի, իմ հիշողությունների հետ մնացել է էնտեղ, ինձնից խլված իմ հայրենիքում...
Հետո նայում է ինձ, տխուր նայում է աչքերիս մեջ ու մեղավոր շշնջում` ներիր, քո մեծ ցավն էլ տակնուվրա արեցի... Հա, Վանաձորի, լոռեցի մեր հայրենակիցների մասին հարցրեցիր։
Կրկին լռում է, փորձում է մտքում շրջել ԱՅՆ մի էջը, ցավոտ, ողբերգական, դաժան էջն ու վերադառնում է այս, նոր իրականություն` լավ մարդիկ են։ Հանգիստ, բարեհոգի, ինչ-որ տեղ մեզ` արցախցիներիս նման, ինչ-որ տեղ մեզնից տարբեր...
Վանաձորում, որ էն տարիներին Կիրովական էինք ասում (ի դեպ, այստեղ էլ շատերը շարունսկում են Կիրովական ասել), մինչ այդ երբեք չեմ եղել։ 1988-ի կործանարար երկրաշարժից հետո երբ Արցախից ևս մի մեծ շարասյուն օգնության եկավ, այդ սարսափելի օրերին ես էլ էի կամավոր գրվել ու եկել։ Բայց Լենինականում էր մեր խումբը... Մղձավանջ էր դա։ Էդ օրերին Լենինական, կարծում եմ` նաև Կիրովական ու Սպիտակ այլևս քաղաքներ չէին, այլ համատարած փլատակներ...
Հա, Վանաձորի մասին էիր հարցնում։ Դեռևս էն` սովետական տարիներից գիտեի, որ Հայաստանի երրորդ քաղաքն է` Երևանից ու Լենինական-Գյումրիից հետո։ Միշտ էլ այդպես էի կարծում` Ստեփանակերտից առնվազն կրկնակի մեծ ու թերևս ավելի սիրուն։ Բայց մեծ էր զարմանքս, երբ տեսա, որ ընդամենը միայն մեծ է, բայց ավելի սիրուն չէ։ Մի տեսակ խեղճ, գավառական` ոչ վատ իմաստով, ոնց որ անցյալ դարերի կեսերին մնացած սուսիկ-փուսիկ քաղաք է։
Ապշած էի, որ քսղաքային տրանսպորտը բացառապես հին, դարն ապրած գազել-ներից է կազմված։ Մեզ մոտ էդպիսի մեքենաները «սպիսատ» էին անում, արգելում էին օգտագործել որպես ներքաղաքային երթուղային տրանսպորտ։ Մեզ մոտ` Ստեփանակերտում հիմնականում մեծ, լուսավոր ավտոբուսներ էին աշխատում։ Նաև էստեղ էդ գազելների ավտովարորդներից շատերը հանգիստ ծխում են մեքենա վարելիս ու թերևս բոլորը ռաբիս են միացրած լինում։ Մեզ մոտ նման բան չկար...
- Կարծես միայն բացասականն ես տեսնում` ընդհատում եմ զրուցակցիս։
- Չէ, չէ, լավ, հրաշալի մարդիկ են։ Էնպես ստացվեց, որ մի քանի անգամ ուշ գիշերին շտապ օգնություն կանչեցինք։ Միայն բժիշկն էր` դեղորայքների ճամպրուկով։ Ու նրանք էլ գերազանց նաև սրսկում են։ Իսկ մեզ մոտ ո՞ր բժիշկը սրսկիչը ձեռը կառներ։ Դա միայն բուժքրոջ գործ է նրանց համար, ու պատիվ չի բերում բժշկին` ասեղ վերցնել ձեռը...
Վերջին օրերին քաղաքի կենտրոնական հատվածից դուրս եկող ճանապարհն էին ասֆալտապատում։ Էնպես խնամքով ու որակով էին աշխատում, որ մերոնց հետ համեմատելի չէ։
- Հիմա էլ միայն գովեստներ ես անում,- կատակում եմ։
- Չէ, լավն էլ եմ նշում, վատն էլ։ Օրինակ, ինձ դուր չի գալիս, որ Վանաձորում քաղաքի փողոցային բոլոր լույսերը ժամը
12-ից հետո միշտ անջատում են։ Դուր չի գալիս, որ հաճախ են առանց զգուշացնելու բնակելի շենքերի, թաղամասերի լույսերն անջատում։ Քաղաքի այլ հատվածներում չգիտեմ ինչպես է, բայց մեր Տարոն թաղամասում ջուրը նույնպես երբեմն անջատում են` առանց բնակիչներին իմաց տալու կամ պարզապես կեղտոտ ցեխաջուր են բաց թողնում։
Իսկ ստեփանակերտում վերջին տարիներին համարյա ջրի պրոբլեմ չկար, չհաշված բլոկադայի օրերը։
Նորից դրականն ասեմ` էստեղ քաղաքում մարդիկ պարտաճանաչ հետևում են լուսաֆորներին` ճանապարհն անցնելիս։ Վանաձորցի ավտովարորդները նույնպես օրինապահ են էդ հարցում` ի տարբերություն մեզ։
Նաև էստեղ Ստեփանակերտի համեմատ ավելի ցուրտ է, իսկ Տարոնում նաև գլխարկդ գլխիցդ թռցնող քամիներ են...
Գիտես ինչ, իսկապես լավ քաղաք է Վանաձորը, նաև մարդիկ են լավ, ուրախությամբ միշտ կուզեի այստեղ հյուրընկալվել, բայց ես մեր Արցախն եմ ուզում, ինձնից խլված իմ կյանքն եմ ուզում։ Եվ ուզում եմ իմ հայրենիքը ծախողներն ամենադաժան մահով պատժվեն,- եզրափակեց բարեկամս ու շրջվեց, որպեսզի չտեսնեմ թաց աչքերը։
Վարդգես Օվյան
Կարծիքներ