Հիսուն կոպեկանոց շուկայի վարդը քնարական է դարձրել․․․
Հրանտ Մաթևոսյանն ասում էր․ «Ես կցանկանայի հնարել հիասքանչ շատ մարդկանց, և այդ դեպքում տեղ չէր մնա վատ մարդկանց համար..․»։ Ու հնարել, ստեղծել է այդ լավ մարդկանց կերպարները, ինչպես ինքն է ասում, «Հիսուն կոպեկ արժեցող շուկայի վարդը դարձրել քնարական, սոսկական ծննդաբերողից կնոջը դարձրել կուռք»։ Մարդ հնարելը, կերպար ստեղծելը ոչ միայն ստեղծողին է բնութագրել, այլ տվյալ ազգի նկարագիրն է եղել։ Մենք մաթևոսյաններով ենք մեծ եղել, լավը եղել, հզոր եղել ու աշխարհը հայի կերպարը նրանց միջոցով է ճանաչել։
Գրառումներ եմ կարդում երբեմն, որ զարմացած հարցնում են՝ սա մե՞նք ենք՝ այդքան թույլ, ստրուկ, վախկոտ, անհայրենիք․․․ չեմ ուզում ցավացնել թվարկումով։ Ուզում եմ վստահորեն ասել՝ սա մե՜նք չենք։ Սա 2018-ին իշխանության եկածի հնարած կերպարներն են, իր հետ բերած կերպարները, որը վարդը դարձրել է մոլախոտ, կնոջը, հայրենիքի համար զոհվածի մորը նվաստացնելու ու քաշքշելու գոյացություն։ Սա մե՜նք չենք, սրանք հնարովի կերպարներ են, որը ստեղծել է մի մարդ՝ իր ողջ երևակայությամբ հանդերձ։ Տեսե՜ք ինչքան նման են իրար այդ մարդիկ, կանայք՝ ճղճղա՜ն, չա՜ր, դաժան, հայհոյող, չուգունի պես պինդ․․․ Սրանք, նորից եմ ասում, հնարովի, փչած կերպարներ են, որոնք ստեղծողի չլինելուց հետո պղպջակի պես հօդս են ցնդելու։ Մեր ժողովրդի միջուկը հզոր է, բայց այդ միջուկը՝ տեսնելով հնարովի կերպարները, հոգեբանական ծանր վիճակի մեջ է հայտնվել՝ մի՞թե սա է մեր ժողովուրդը․․․Մի՞թե սուտ էր հայրենիք, պետություն, հերոս, բանակ գաղափարները և շուրջ բոլոր շրջապատված է հակահերոսներով․․․ Սրանք, նորից եմ ասում, մի մարդու հորինած կերպարներն են, որը ցավալիորեն անդառնալի վատ է անդրադառնում ազգի նկարագրի վրա։ Այդ հորինած կերպարները՝ ի տարբերություն մաթևոսյանական լավ մարդկանց կերպարների՝ չար են, շահախնդիր, անհասցե, շատ դեպքերում անանուն, անսեռ, անշոշափելի։ Դրանք մե՜նք չենք, մեր ազգը չէ։ Դրանք շքեղ վարդերը ոտքի տակ տված ու այգեստանը մոլախոտի տեսքով ներկայացնողներն են, որոնք հնգամյա դժնդակ ժամանակների արդյունք են։
Մեր ազգը դեռ ոտքի է կանգնելու։ Մեջքակտոր վարդի թփերը նորից քնարական են դառնալու։
Կարծիքներ