Ոտքի կանգնելը կլինի ընդամենը ժամանակի հարց

Ոտքի կանգնելը կլինի ընդամենը ժամանակի հարց

44-օրյա պատերազմում Նիկոլի «գերագույն հրամանատարությամբ» խայտառակ պարտություն կրելուց հետո նույն անձի վարչապետությամբ մուտք գործեցինք չորրորդ տարին: Եթե Նիկոլը մնար 2018 թվականի «դուխով» անձը, որ քայլ անելով Սերժ էր մերժում կամ 2020 թվականի օգոստոսին Սարդարապատում Մարտական խաչի շքանշաններ էր բաժանում ու Ազգային հերոսի կոչում շնորհում ընդամենը դիրքային մարտի մասնակիցներին, ապա վերջինիս վարչապետությունը կարող էր նաև խնդրահարույց չլինել: Քանի որ մենք հույս կունենայինք հենց նույն անձի ղեկավարությամբ ետ բերել կորսված հաղթանակը: Բայց դա միայն այն դեպքում, եթե Նիկոլն իրականում համարձակ լիներ: Եվ չլիներ «դուխով» գրությամբ գլխարկի «զորությամբ» խեղկատակություն անող անձ: Դրան գումարած այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղն, իր ասելով, Հայաստանի համար բեռ չհամարեր ու Սերժ մերժելու նպատակը չլիներ իշխանություն գրավելն ու ադրբեջանական տարբերակով հակամարտություն կարգավորելը: Այն էլ բազմահազար զոհերի առկայությամբ պատճառված հոգեբանական շոկի միջոցով:

Բայց իրական Նիկոլը հենց այն մարդն է, որը խայտառակ պարտության մեղքը բարդեց բոլորի վրա՝ սեփական անձն արդարացնելու նպատակով: Հենց այն մարդն է, որ լռելյայն կրեց թշնամու բոլոր ստորացումներն իշխանությունը պահպանելու նպատակով: Եվ հետպատերազմյան չորրորդ տարին ոտք դրեց «ներսում առյուծի, դրսում նապաստակի» պատմուճան հագած: Մարդ, ով առաջնորդվել է «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» կարգախոսով ու, չնայած բոլոր անհաջողություններին ու պարտություններին, շարունակում է առաջնորդվել դրանով: Մարդ, ով ոչ թե դասեր է քաղել սեփական ժողովրդի (եթե ինքն իսկապես պատկանում է մեր ժողովրդին) ոչ վաղ անցյալի պատմությունից և այլ ժողովուրդների ժամանակակից պատմությունից, այլ շարունակում է թարս նստած էշ քշելը: Շարունակ վտանգի ենթարկելով ոչ թե իրեն կամ էշին (ջհանդամը, թե վտանգի չենթարկվի), այլ հայոց պետականությունը: 

Գիտակցելով մեր գլխին կախված վտանգը՝ հասարակության հայրենասեր հատվածը 2020 թվականի նոյեմբերի 10-ից այս կողմ բազմաթիվ անգամ դուրս եկավ փողոց, բայց փողոցային պայքարն արդյունք չտվեց: 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, նրա տեղակալները, ԳՇ անդամները փորձեցին փրկել իրադրությունը, սակայն, դժբախտաբար, փոքրոգություն դրսևորեցին ու ետ կանգնեցին իրենց համարձակ հայտարարությունից: Որոշ մարդկանց կարծիքով, որը բարձրաձայնվեց ընդդիմադիր գործիչ Նարեկ Մալյանի կողմից, մեր ժողովրդի և պետականության վերածնունդի վերջին հույսը Հայ Առաքելական եկեղեցին է: Այդ անձանց և հատկապես Նարեկին հարգելով հանդերձ՝ ինձ թույլ տամ չհամաձայնվել նման կարծիքի հետ: Վերջին մեկուկես հազարամյակի ընթացքում մեր ժողովուրդը բազմիցս է զրկվել պետականությունից, բայց եկեղեցին երբևէ չի կատարել վերածնունդի դեր: Որիշ հարց, որ եկեղեցին այդ ընթացքում եղել է ազգապահպանման հզոր գործոններից մեկը: Կամ նույնիսկ առանցքային գործոնը: Սակայն դա, այնուամենայնիվ, այն չէ, ինչ այսօր վերագրվում է նրան:   

Ո՞րն է այդ դեպքում ելքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանի վարչապետության շարունակումն անընդհատ խորացնում և ծանրացնում է մեր երկրի գոյաբանական վտանգները: Իսկ նրան պաշտոնից հեռացնելն էլ, թարսի պես, չի ստացվում՝ կարծես պաշտպանված լինի այն սատանաների կողմից, որոնց բռնել էր հանձնարարում ԱԱԾ պետին: Հարցի վերաբերյալ երկար մտորումները հանգեցրին մի միջոցի «հայտնաբերմանը»: Ինչի կարիքը նույնիսկ չկար էլ, քանի որ այն միշտ եղել է աչքի առաջ: Ուղղակի այդ կառույցի առումով որևէ մեկը նման գործառույթ չի պատկերացրել: Դա արդարադատության համակարգն է, ավելի ճիշտ, այդ համակարգի այն դատավորների շրջանակը, որ դեռևս պահպանել են հայրենիքի, պետականության և ազնվության զգացումներ: Ու, չնայած գործող իշխանության անմիջական ճնշումներին, շարունակում են պահպանել այդ հատկանիշները: Իսկ մեխանիզմն էլ այն է, որ նրանք շարունակեն ազնվորեն ծառայել արդարադատությանը, ինչը մարդկանց մեջ աստիճանաբար հույս կարթնացնի, որ նույնիսկ այսօրվա ոստիկանապետության պայմաններում հնարավոր է դեմ գնալ Նիկոլին՝ պահպանելով օրենքն ու ազնվությունը: 

Իսկ հույսի արթնացումն, ինչպես գիտենք, իր հետ բերելու է նաև, հանուն մեր հայրենիքի ու պետականության պահպանման, գործողություններ իրականացնելու վճռականություն: Ինչից հետո ընդամենը կարճ ժամանակի խնդիր կլինի Նիկոլի հեռացումը, իսկ այնուհետև մեր ժողովրդի հոգեկան փոխակերպումը: Այդ ամենից հետո կրկին ընդամենը ժամանակի հարց կլինի մեզ հասցված վիրավորանքների դիմաց արտաքին թշնամուն ծնկի բերելը: