Սրանց կշտացնել կլինի՞․․․

Սրանց կշտացնել կլինի՞․․․

Այս սովալլուկներին, որ տեսա, ի սկզբանե, սարսափեցի։ Այսքան սոված բերան պահել կլինի՞։ Ինչու եմ սովալլուկ ասում, որովհետև Նիկոլ Փաշինյանը որ թխսամոր նման սրանց հետևից արած եկավ, ասաց՝ մաքուր, անարատ, ջեբները դատարկ մարդիկ են։ Հենց այդտեղից վախը մտավ մեջս։ Վայրի, կուսական ցեղեր կան է՜, որ չգիտեն էլ հացն ինչ է։ Պատկերացրեք նրանց նստեցնեն հացի սեղանի շուրջ։ Գոռում- գոչյունով, դըմփ- դըմփ անելով՝ամաններն էլ կուտեն։ Մոտավորապես նման բան ստացվեց։ Եկան ու ասացին, որ իրենց նման մասնագետներին  պետք է շա՜տ, շա՜տ փող տան։ Շատ ուտելիք, շատ սնունդ, ամեն ինչ շատ։ Ժողովուրդը մի կողմ քաշվեց, որ էդ սովածները ,, սեղանը լպստեն,,։ Մի երկու տարում շքեղ տներ, մեքենաներ գնեցին, սեփականությունների տեր դարձան, ինչ ձեռքները ընկավ՝ իրենցով արին։ Բայց սովալլուկներին կշտացնել կլինի՞։ Նիկոլը շերեփն առավ ու ժողովրդի փայն էլ մեջ- մեջ արին։ Ակամայից հիշեցի, երբ մեր գյուղի աղքատ Վալոդին նախագահ նշանակեցցին։ Երբ Վալոդի մորն ասացին՝ լավ է, քո տղան ուտող չի, բարկացավ՝ խի՞ իմ տղան բերան չունի՞։ Հիմա սրանք են, մինչև գալները բերաններն այնքան լայն էին բացել, բայց մեկի մտքով չանցավ՝ լավ, էս բերաններին կշտացնել կլինի՞։ Սրանք առանց աղ անելու մեզ էլ կուտեն․․․ Երկիրն էլ կուլ տվին, մի հատ զկրտոց չլսվեց։