Ինչ է լինելու․ Հավանական սցենար

Ինչ է լինելու․ Հավանական սցենար

Ամեն քայլափոխի մարդիկ հարցնում են՝ ինչ է լինելու։ Այս հարցն արդեն դեժավյու է առաջացնում ինձ մոտ՝ նույն հարցը մարդիկ իրար տալիս էին նախկին իշխանությունների ժամանակ, իմ հիշողությամբ՝ ամենաշատը 2007, 2017 թվականներին։ Դրանք այն անցումային շրջաններն էին, երբ որոշվում էր հաջորդ տասնամյակի ճակատագիրը, եւ մարդիկ մի կողմից հոգնել էին իրավիճակից եւ փոփոխություններ էին ուզում, մյուս կողմից՝ բոլորի մոտ տագնապ կար՝ ինչ է լինելու, երկիրն ուր է գնում, մի բան ասեք, պարզություն մտցրեք, հույս տվեք։ Եվ այդ հարցը տալիս էին բոլորը՝ շարքային սեւագործից մինչեւ գիտությունների դոկտոր։ Հիմա այդ հարցը վերադարձել է մեր կյանք՝ ապրելու իրավունք ստացել։ Ի՞նչ է սպասվում մեր հասարակությանն ու երկրին։ Ես իմ պատկերացումներն ունեմ, որոնք հնարավոր է շատերը չկիսեն, բայց առաջիկա ամիսների իմ պատկերացրած սցենարը փորձեմ ներկայացնել։

Համա՞ռ է, թե՞ ինքնասածի

Նիկոլ Փաշինյան ֆենոմենն ուսումնասիրած անձինք կհամաձայնեն ինձ հետ, որ այս հակասական կերպարը, այնուամենայնիվ, մի քանի բնավորության գիծ ունի, որոնք կայուն են եւ նրա քայլերի առումով՝ որոշիչ։ Նախեւառաջ՝ նա համառ է։ Համառությունը շատ լավ որակ է, երբ ծառայում է բարի նպատակներին եւ հօգուտ հասարակության։ Ցավոք, երկիրը ղեկավարող անձի համառությունը սովորաբար ծառայում է իր սխալը համառորեն առաջ տանելուն, խելացի խորհուրդները համառորեն չլսելուն, իր մտացածին պատկերացումներից ու ցանկալի իրականությունից կառչած լինելուն։ Այս տեսանկյունից պետք է արձանագրենք, որ նա այսուհետ եւս համառելու է եւ երբեք չի ընդունելու իր կատարած սխալները, չի նահանջելու իր նվաճած դիրքերից, տվյալ դեպքում՝ վարչապետի աթոռից, ընդառաջ չի գնալու հանրային պահանջին, եթե դա իր ցանկություններից ու պատկերացումներից չի բխում։ Եվ, ըստ այդմ՝ երբեք չի գիտակցելու, որ ինքը վարչապետի պաշտոնում ձախողված է, եւ օր առաջ հեռանալը բխում է իր, իր ընտանիքի, իր թիմի, հասարակության ու երկրի շահերից։

«Պարտվել» չի կարողանում

Նա անձնային առումով պարտվել չգիտի եւ իր պարտությունն ընդունելու է միայն ծայրահեղ դեպքում՝ երբ ուրիշ ճար չլինի։ Եթե վերադառնանք այս երեք տարվա իրադարձություններին, ապա չեք կարող հիշել գեթ մեկ դեպք, որ նա սխալի կեսից հետ է կանգնել, ընդունել է, որ պարտվել է, փորձել է շտկել իր սխալը։ Նա այդպես էլ չհասկացավ, որ դատական համակարգի եւ ՍԴ-ի դեմ անպտուղ ու անհեթեթ պայքարը վնասում է մեր երկրին, եւ այդ ողջ գործընթացն իր մանր ամբիցիաների ու վախերի ծնունդն է։ 2 եւ ավելի տարի ինչքա՜ն ռեսուրս ծախսվեց այդ համակարգը կոտրելու, ոչնչացնելու, մարդկանց մի խմբին մեկ այլ խմբով, որպես կանոն՝ ավելի վատերով փոխարինելու մարմաջին։ Պարտվել չկարողանալն էր պատճառը, որ նա համառորեն փորձում էր կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին, գործ հարուցել Խաչատուրովի նկատմամբ՝ անգամ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու գնով։ Ապա, երբ անգամ հասկացավ, որ Պուտինի դեմ դուրս գալը վնասում է մեր երկրին, կրկին չնահանջեց իր դիրքերից՝ մինչեւ այն պահը, երբ դա սկսեց սպառնալ իր եւ մեր բոլորի ֆիզիկական գոյությանը։

Եվ առհասարակ, ուժային կառույցների նկատմամբ այդ բարբարոսական մոտեցումը, այն համոզմունքը, որ դրանք իր անձնական շահերին ծառայող կառույցներ պետք է լինեն՝ հլու-հնազանդ իր հրահանգներին, ահռելի վնաս են հասցրել մեր երկրին, սակայն այս տարրական ճշմարտությունը նա չի գիտակցել եւ երբեք չի գիտակցի։ Պարտվել չկարողանալու հետեւանք էր ոչ միայն Սահմանադրական դատարանի դեմ ձեռնարկված ամոթալի ու տխուր արշավից այդպես էլ չհրաժարվելը, այլ նաեւ հենց 2020-ի պատերազմը։ Մինչեւ վերջին օրը ձգել այդ պատերազմը, չգնալ զիջման, երիտասարդների կյանքերը դնել իր ամբիցիաների զոհասեղանին, օր առաջ չկնքել համաձայնություն, ապա կնքել վատագույն համաձայնությունը, որը կարող էր երբեւէ լինել, նորից բխում է նրա՝ պարտվել չկարողանալու տղայական հատկությունից։ Փոքր-ինչ հասուն մարդը, որը գիտակցում է, որ ցանկացած գործընթացում կա ե՛ւ հաղթելու, ե՛ւ պարտվելու հավանականություն, ժամանակին՝ պատերազմի առաջին օրերին, կհասկանար դա եւ կյանքեր կփրկեր, հող հայրենին այդպես անփառունակ չէր հանձնի։ Բայց նա պայքարի ընթացքում ազարտի մեջ է ընկնում, դառնում իր հիվանդագին մտքերի ու ամբիցիաների գերին։ Նման մարդիկ վտանգավոր են երկրի ղեկին, մանավանդ՝ մեր երկրի նման փոքր, թույլ, միլիոն խնդիր ունեցող երկրներում։ Ի դեպ, նշեմ, որ ես չեմ հավատում դավաճանության վարկածին, ինձ թվում է՝ մենք Նիկոլ Փաշինյանի ամբիցիաների, հասուն չլինելու, առհասարակ՝ մարդկային որակների «զոհն» ենք։

Ինչ է լինելու

Եթե նախորդ երեք տարվա սցենարները պրոյեկտենք եւ փորձենք հասկանալ, թե ինչ է մեզ սպասվում, հատկապես՝ պատերազմի շրջանի փորձը հաշվի առնելով, ապա ես առաջիկա զարգացումները պատկերացնում եմ այսպես․

Նիկոլ Փաշինյանը փորձելու է ոչ մի լուծում չտալ, ոչ մի փոփոխություն եւ քայլ չանել՝ հույսը դնելով այն բանի վրա, որ իրավիճակն ինքնիրեն «կներծծվի», ընդդիմությունն ու դժգոհները կհոգնեն, Բայդենը կօգնի, Պուտինն ու Ալիեւը կհասկանան, որ իրենից վստահելի պարտնյոր չկա Հայաստանում։ Ի վերջո, եթե այս բոլորը «չաշխատի», Աստված օգնության կգա, չէ՞ որ ինքը համարում է, որ հենց Աստծու օգնությամբ է եկել իշխանության, հաջողություն ունեցել՝ երբ ոչ ոք չէր հավատում, որ հնարավոր է հաջողության հասնել։ Եթե հիշում եք՝ ամիսներ առաջ նա մի ստատուս էր գրել իր սխալների մասին, եւ դա նշանային է։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր սխալներն ավելի ճիշտ են, քան ուրիշների ճիշտը, եւ այդ սխալներով հանդերձ՝ ինքը հաղթել է բոլորին, արել անհնարինը եւ ապացուցել, որ կարեւորը ռիսկն է, նաեւ՝ սխալվելու ռիսկի գնալը, սխալվելուց չվախենալը։

Ըստ այդմ, ինքը «ռեզինի պես» ձգելու է ժամանակը, հետաձգելու է որոշումներ կայացնելու պահը եւ հույսը դնելու է իր՝ հաջողակ լինելու, իր՝ սխալներով «հաղթելու» եւ, իհարկե, նախախնամության վրա։ Այդ ընթացքում, իհարկե, երկիրը հետեւողականորեն կքանդվի․ նորանոր կառույցներ կսկսեն չաշխատել, էլի մարդիկ դուրս կգան պետական համակարգից, կադրային քաղաքականությունն ավելի կվատանա՝ ամեն հաջորդ կադրն ավելի անհաջող կլինի, քան նախորդը։ Կունենանք լոկալ փլուզումներ, կառավարման ոլորտում սկանդալներ, նոր ձախողումներ, սակայն քանի որ դրանք իրենց ծավալով եւ ընդգրկման շրջանակներով կզիջեն պատերազմի հետեւանքներին, ընդզվումը շատ մեծ չի լինի։ Մարդիկ արդեն հաշտվել են երկրում տիրող տոտալ եւ խոր ճգնաժամի հետ, որից դուրս գալու շանս չեն տեսնում։ Կլինեն կոռուպցիոն եւ ներիշխանական գզվռտոցներ, բացահայտումներ, որոնք նույնպես շատ մեծ ազդեցություն չեն ունենա մարդկանց գիտակցության վրա՝ Արցախի ու հազարավոր զոհերի ցավից հետո էլ ի՞նչը պետք է ազդի մարդկանց վրա։ Իշխանական կերակրատաշտից սնվողներով ու ֆեյքերով էլ կպահպանեն իշխանության անսասանության իմիտացիան եւ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի միֆը, ու այդպես էլ կապրենք։ Ուղղակի հանրությունը կսկսի ապրել իր կյանքով, իշխանությունը՝ իր զուգահեռ իրականություններում։