Ափսոս որ հորդ ապտակը ձեր փոխարեն եղբայրդ ստացավ, դատավոր

Ափսոս որ հորդ ապտակը ձեր փոխարեն եղբայրդ ստացավ, դատավոր

Երբ մարդուն  ճշմարտությունն  ասելուց զրկում են և, մարդը  լռում է, դա չի նշանակում, որ ճշմարտությունն այդ մարդու մեջ մեռնում է։ Կասեի՝ հակառակը, պարարտ հողի մեջ այն ճշտի ծաղիկներ է տալիս և մի օր  դրախտավայրի պես բացվում է հանրության առաջ։ 

Երբ մարդուն զրկում են իրեն, իր ընտանիքին, իր Տունը  նվաստացնողին վիրավորանք հասցնելուց, ու մարդը լռում է,  դա չի նշանակում, որ այդ մարդու մեջ վիրավորանքը մեռնում է։ Այն գումարվում է իրար ու մի օր հրաբխի պես դուրս է ժայթքում։ 

Դաժան բան է մարդուն լռեցնելը։ Դաժան բան է չասել այն, ինչ մտածում ես։ Այդ լռության գինը թանկ է նստում և լռողի, և լռեցնողի վրա։ Առավել ևս թանկ է նստում երկրի վրա։ 
Կարդում եմ Վերաքննիչի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի հարցազրույցներից մեկը ու զարմանում, որ մարդ կարող է կյանքում «այդքան հրեշտակ լինել»։ Նրա մասին նյութերն ինձ հետաքրքրեց այն առումով, որ այս դատավորն էր կալանավորել մեծատառով Բժիշկ ու Մարդ Արմեն Չարչյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, հակասահմանադրական հոդվածով Ռոբերտ Քոչարյանին․․․  Չկամեցա սրանից ավելի խորանալ ու թվարկումներս գուցեև շարունակել։ 

Հարցնում եմ՝ սա  պատահականությու՞ն է, որ հենց այս դատավորի ձեռքով է քաղաքական շիկացած շագանակները կրակից հանվում․․․ Ու այս դատավորին, երբ հարցնում են, թե «Ու՞մ հանդեպ եք ձեզ մեղավոր զգում» ասում է․

- Եղբորս, ով իմ փոխարեն հայրական ապտակ ստացավ ու արդեն 40 տարուց ավելի հատուցման որևէ տարբերակ այդպես էլ չի ընդունում։

Դատավորի միակ մեղքը դա է, ու եղբայրը  40 տարուց ավելի է հատուցման որևէ տարբերակ չի ընդունում։ Քիչ է մնում ասես՝ բացվեց երկնքի դռները և մի հրեշտակ իջավ ճերմակ շորերով։ Դա է իր ողջ կյանքի միակ մեղքը, ու եղբայրը չի ներում նրան։ 
Այս ֆոնի վրա  որպես սյունեցի եմ հարցնում՝ սյունեցին ձեզ ներելու՞ է իրեն պատճառած ցավի համար։ Երբ հայրենասեր, թուրքի դեմ կռվող իր զինվոր հրամանատար քաղաքապետերին  կալանավորել եք։ Հանրությունը ձեզ ներելու՞ է, որ իր Բժշկին ձերբակալել եք․․․ Հորդ ապտակը ծանր է եղել, բայց եղբայրդ է ստացել, դատավոր․․․ Գուցե դուք  ստանայիր ու խրատվեիք։ 

Բայց իմացեք,  ժողովրդի ապտակը, հուժկու է լինում ու թիրախային, ու ժողովուրդը ոչինչ չի մոռանում։ Եթե եղբայրդ 40 տարուց ավել է, չի ներել ձեզ , սերնդե սերունդ է հիշվելու «գործդ»։