«Սպիտակ» ԲԿ-ում գրեթե շվեյցարական աշխատավարձեր են, բայց օճառ լինում է միայն ստուգումներից առաջ

«Սպիտակ» ԲԿ-ում գրեթե շվեյցարական աշխատավարձեր են, բայց օճառ լինում է միայն ստուգումներից առաջ

«Սպիտակի բժշկական կենտրոնում» հաստատված են զարմանալի՝ գրեթե շվեյցարական աշխատավարձեր։ Իհարկե, դրանք, ինչպես նշում են խմբագրություն դիմած բուժաշխատողները, բոլորի համար չեն, միայն տնօրենի, իր տեղակալների ու մտերիմների, ( ըստ բուժաշխոտողների տրամադրած տվյալների՝ տնօրենի համար 2018թ․՝ 1 միլիոն 70 հազար դրամ , այս տարի ՝ 710, տեղակալներինն էլ՝ համապատասխանաբար՝ 670 և 600՝ այս տարի, և գրեթե նույնքան՝ 2018-ին), իսկ , օրինակ, ԲԿ-ի համակարգում ներառված բուժքույրերը ստանում են 50-60 հազար դրամ աշխատավարձ։

Սա այն դեպքում, երբ հիվանդանոցում  տարիներ շարունակ յուրացվում են տնտեսական ծախսերը, բաժանմունքներում օճառ և տնտեսական պարագաներ հայտնվում են միայն Սանէպիդ կայանի կողմից կատարվող պլանային ստուգումների ժամանակ։

Ըստ որում, ըստ բուժաշխատողների, սրանք առձեռն ստացված աշխատավարձերն են։

« Եթե սրան գումարենք  նաև բյուջե փոխանցված 24-28 տոկոս եկամտահարկը՝ մնացած պահումների հետ միասին, ապա պարզ կդառնա, թե գլխավոր բժիշկն ինչ ջանասիրությամբ է իրեն ու տեղակալներին ինքնապարգևատրում»,-ասաց բուժաշխատողներից մեկը։

«Հրապարակն» այս առնչությամբ զրուցեց , նախ, փոխտնօրեն Անուշ Էհտիբարյանի հետ, որը հայտարարեց, թե նման աշխատավարձ չի ստանում։ Այսինքն՝ «մաքուր» ստանում է մոտ 500 հազար,իսկ 500 , որովհետև և՛  փոխտնօրեն է, և մանկաբույժ, ունեցել է հերթապահություններ, նաև՝ շտապօգնության։
Տնօրեն Արսեն Մկրտչյանից էլ հետաքրքրվեցինք՝ ո՞վ և ինչպես է որոշել, որ աղքատ Սպտակի հիվանդանոցում նման աշխատավարձեր կարող են լինել տնօրենի ու տեղակալների համար։

Արսեն Մկրտչյանն ասում է․«Ոչ ոք չի որոշել, ոչ էլ ես եմ որոշել։ Իմ տեղակալը որպես մանկաբույժ ստանում է 170 հազար դրամ, և նախարարի հրամանի համաձայ՝ն իր կատարողականի 20 տոկոսը․ ունենում է տասը հիվանդ՝ ստանում է 200, 20 հիվանդ՝ 400։Նույնը՝ մյուս տեղակալը, ով տեղամասային թերապևտ է»։

Տնօրենը համեստորեն՝ «չէ, չէ»-ով արձագանքեց դիտարկմանը, թե, փաստորեն, տեղակալները Սպիտակի ամենապահանջված բժիշկներն են, քանի որ ունեն գերբարձր կատարողական և բոլորն իրենց են պահանջում։  

Ասաց՝ ինչու՞ միայն իրենց, բժիշկ ունի, որ 800 հազար է ստանում, կա՝ որ 400, 300, 200։ Փետրվարին էլ  եղել է մի ակնաբույժ ու վիրաբույժ, որոնցից մեկը ստացել է 700 հազար, մեկն էլ՝ 1 մլն․ 600 հազար։ Դե,էլի համաձայն կատարողականի։ Ասում է՝ մարդ կա՝ 40 հատ վիրահատություն է արել։
Իրեն հասնելով էլ՝ Արսեն Մկրտչյանն ասաց, որ ստանում է 400-700 հազար աշխատավարձ․ տնօրենի բազային աշխատավարձը 220 հազար է, և բոլոր տնօրենները, մարզպետի հրամանով, վճարովի ծառայությունից տոկոս են ստանում։ Ինչքան վճարովի ծառայությունը շատ է լինում, այնքան շատ։

Գլխավոր բժիշկը զարմանում է՝ այդ ո՞վ է իր մտերիմը, որ մյուսներից շատ է ստանում։ Պատասխանն էլ՝  «կլյաուզա անողն ուրի՞շ ինչ պետք է ասի»։

Նշենք, որ բողոքող բուշխատողները նաև հայտնել էին, թե պարզ չէ՝ ի՞նչ ճանապարհով են անհետացել աշխատողների աշխատավարձերից ապօրինի գանձված արհմիութենական անդամավճարները, թե ինչու այս աստղաբաշխական աշխատավարձերին զուգահեռ, ԲԿ-ի տնօրենը այս ընթացքում աշխատանքից ազատել էր տասնյակ միջին և կրտսեր բուժաաշխատողների և թոշակի տարիքին մոտ գտնվող անձանց։

Չնայած, մինչ այս աշխատել են 70 և ավելի բարձր տարիքի բուժաշխատողներ։ «Ինչի նրանց հետ միաժամանակ պետք է ազատվեն այն մարդիկ, ում  63 տարին նոր է լրացել, չէ՞ որ կենսաթոշակային տարիքը 65 տարեկանն է։ Եթե դա օրենք է, ինչու՞ է հաշվապահությունում աշխատում 73 տարեկանը, հիվանդանացում կան նաև 70 և ավելի բարձր տարիքի անձինք, նրանցից՝ բժշկուհի Լամբարյանը, որը քաղաքապետի զոքանչն է»,-հարցնում են բուժաշխատողները։

Արսեն Մկրտչյանն ասաց․ «կրճատումներ են գնում» թոշակառուներից ազատվում են։ Թոշակի տարիքի հետ կապված ասաց, թե սխալ ենք մեկնաբանում օրենքը 63 տարեկանի համար է, 65 տարեկանի պահանջը քաղծառայողին է վերաբերում։

Ինչ վերաբերում է 70 տարեկան Լանբարյանին, ապա ԲԿ-ի գլխավոր բժիշկն ասում է․ «Այս 70 տարեկան Լամբարյանը բժշկուհի է, եթե նրան ազատենք, 7 տարի բժիշկ պետք է ման գամ, որ նրան փոխարինենք, իսկ եթե 70 տարեկան բուժքրոջն եմ ուղարկում, հաջորդ օրը իրեն փոխարինելու է գալիս առնվազն մի տաս հոգի։ Բժիշկն ու բուժքույրը, մանավանդ, մարզերում, տարբեր կատեգորիա են»։

Ի դեպ, բուժքույրերի մասին․բողոքող  բուժաշխատողները պատմեցին, որ Արսեն Մկրտչյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը նույն հիվանդանոցում բուժքույր է և հաջողում է  բոնուսներով և այլ հավելավճարներով ստանալ ամսական 350 հազար դրամ աշխատավարձ։ Այն դեպքում, երբ  մյուս բուժքույրները՝ 50-60 հազար, այն էլ այն դեպքում, երբ վիրաբուժարանում ամսեկան 3-4 միլիոն դրամի մուծումներ են լինում։
Ամուսինը պաշտպանեց կնոջն ասելով՝ «կներեք, Գոհար Մկրտչյանը 50 տարեկան է », ապա  ավելացրեց․ «Հլը մի հատ ամսե ամիս նայեք, տեսեք՝ Գոհար Մկրտչյանը մի հատ 350 հազար դրամ աշխատավարձ ստացե՞լ է»։ Բայց դե, գլխավոր բժիշկը չհերքեց, որ իր կինն էլ ըստ կատարողականի աշխատողներից է։
Բողոքող բուժաշխատողները հայտել էին նաև, որ գլխավոր բժիշկը բուժհիմնարկի տրանսպորտային միջոցներն  օգտագործում է սեփական նպատակներով և տարիներ շարունակ հիվանդանոցին պատկանող «Նիվա»  ավտոմեքենան տրամադրվել է Լոռու մարզի առողջապահության վարչության պետին և բոլոր ծախսերը կատարվել են հիվանդանոցի հաշվին։
Տնօրենն  ասաց, որ  այ «Նիվայով» եկել է Երևան, հետ գնացել։ Բայց արդյո՞ք դա բացառում է, որ տարիներ շարունակ մեքենան չի տվել մարզպետարանի առողջապահության վարչության պետին։

Այստեղ արդեն գլխավոր բժիշկն արդեն չհերքեց՝ «պետի մոտ՝ անհրաժեշտության դեպքում, մարզպետի գրությամբ եղել է ենթադրենք՝ Ալավերդի գնալու համար։ Մարզպետարանն էլ մեքենա չի ունեցել, հիվանդանոցից է վերցրել»։

Հ․Գ․ Վերջում Արսեն Մկրտչյանը զգուշորեն հետաքրքվեց՝ ովքե՞ր են բողոքները և ստանալով պատասխան, որ չենք կարող հայտնել, քանի որ, բնականաբար, կհեռացնեք աշխատանքից, հայտարարեց, թե նրանք իրեն իրենց արշինով են չափում։ Մինչդեռ, ինքը աշխարհի ամենադեմոկրատ մարդն է։ Ապա հետ զանգեց ու հայտարարեց, որ հասկացել է՝ քամին որտեղից է փչում․ «3 ամսից իր պաշտոնավարման ժամկետը լրանում է, հետևաբար, այս ամենը մրցակիցների կողմից ուղղորդված շարժում է»։