Կուզեմ` կմասնակցեմ, կուզեմ` չեմ մասնակցի

Կուզեմ` կմասնակցեմ, կուզեմ` չեմ մասնակցի

ՀՅԴ նախկին անդամ, Գերագույն Խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ևս վաղը մասնակցելու է Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ կայանալիք խորհրդանշական հավաքին: Նրա խոսքով` գաղափարը ողջունելի է, սակայն հստակ կարծիք ասել կարող է միայն հանդիպումից հետո: Մեր այն հարցին, թե մասնակցելո՞ւ է վաղվա բողոքի ակցիային, Բալայանը նշեց, որ դա գաղտնիք է և այդ մասին խոսել չի ցանկանում: 

«Դա Ձեզ ինչո՞ւ է հետաքրքրում: Կուզեմ` կմասնակցեմ, կուզեմ` չեմ մասնակցի, ինձ ոչ ոք չի կարող ասել, թե ես ինչ անեմ», - ասաց նա: 

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն օրերս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, Հայաստանն ու Արցախը փրկելու նոր շարժում նախաձեռնելու մասին։ Այն կոչվում է «Անկախության շարժում»։

Նա ասում է, թե իշխանությունները շեղվել են Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթից՝ Անկախության հռչակագրից, և հռչակագրի դրույթներին հակասող գործողություններ են անում՝ Արցախի ինքնորոշումից, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից են հրաժարվում, հետևաբար, այդ փաստաթուղթն ընդունած առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները՝ ՀՀ հիմնադիր հայրերը, պետք է ոտքի ելնեն եւ պայքար սկսեն: Ղազարյանը որոշել է հրավիրել բոլոր ԳԽ պատգամավորներին, ովքեր օրենսդիրում են եղել 1990-1995 թվականները, եւ որոշել է այդ հավաքն իրականացնել օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը: