Ադրբեջանի դեսպանը «չափե՞լ» է Գերմանիայի իշխանությունների վախը

Ադրբեջանի դեսպանը «չափե՞լ» է Գերմանիայի իշխանությունների վախը

Բեռլինում մարտի 6-ին պետք է տեղի ունենար մոտ մեկ ամիս առաջ հայտարարված՝ «Լեռնային Ղարաբաղի մշակութային վտանգված ժառանգության պաշտպանությունը» խորագրով միջոցառումը, որի ժամանակ պետք է ներկայացվեր գերմանացի եւ հայ գիտնականների հեղինակած «Արցախի մշակութային ժառանգությունը» գիրքը: Սակայն, հայտարարությունը տարածվելուն պես Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Աղաեւը կորցրել էր քունն ու հանգիստը եւ ոտքի հանել տեղի համայնքին՝ բողոքի ակցաներ կազմակերպելու: Ի դեպ, այդ միջոցառման դեմ կազմակերպվող ադրբեջանցիների հանրահավաքները նույնպես արտոնվել էին տեղի իշխանությունների կողմից: Բայց, ի վերջո, իշխանությունները տեղի տվեցին եւ միջոցառումը չեղարկվեց: Չեղարկվեց այն հիմնավորմամբ, թե իբր այդ «իսլամաֆոբ» միջոցառումը կարող է վտանգել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունները: 

Այն, որ Գերմանիայի իշխանությունները բազմիցս են տուրք տվել ադրբեջանաթուրքական վայրագություններին ու կամակորություններին, համոզվել ենք բազմիցս: Ամենավառ օրինակը՝ «Գորշ գայլերի» գործունեությունը Գերմանիայում չապաօրինականացնելու դիրքորոշումն է: Հիշեցնենք, թե Գերմանիայում ու Ֆրանսիայում «Գորշ գայլերն» ինչ բռնություններ կատարեցին արցախյան 44-օրյա պատերազմի օրերին. սկզբում ծայրահեղականները հրդեհեցին Բեռլինում Հայաստանի դեսպանատան մոտ կայանված ավտոմեքենան։ Հետո Քյոլն Մյուլհայմ շրջանում մոտ 30 թուրք եւ ադրբեջանցի հարձակում կազմակերպեցին հայերին պատկանող փոքր ռեստորանի վրա։ Հանովերում անհայտ անձինք հարձակվեցին հայկական եկեղեցու այցելուների վրա։

Հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ թուրք արմատականներից սպառնալիքներ եւ վիրավորանքներ էին ստանում սոցիալական ցանցերում եւ հեռախոսազանգերի միջոցով։ Նրանք սպառնում էին անգամ երեխաների հետ հաշվեհարդար տեսնել. «Մենք ճանաչում ենք ձեզ, գիտենք, թե որտեղ են լինում ձեր երեխաները ցերեկը եւ գիշերը։ Մենք ձեզ կգտնենք»: Հոկտեմբերի 28-ին թուրք ազգայնականները Փարիզում դանակներով եւ կացիններով հարձակվել էին Արցախի անկախության ճանաչումը պահանջող հայ ցուցարարների վրա եւ վիրավորել նրանցից մեկին: Այնուհետեւ Լիոնում «Գորշ գայլերի» խորհրդանիշը ցուցադրող հարյուրավոր թուրքեր բառացիորեն գրոհել էին հայկական թաղամասերի վրա։ Չորս հայ էր վիրավորվել։ Ծայրահեղականները պղծել էին Դեսին Շարպիե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը: Մարմարի վրա նրանք կարմիր ներկով գրել էին՝ «Գորշ գայլեր»։

Թուրք արմատականները հարձակվել էին հայերի վրա նաեւ Դիժոն եւ Վիեն քաղաքներում։ Ֆրանսիական կառավարությունը բավականին կտրուկ է արձագանքել` արգելել է նրանց գործունեությունը Ֆրանսիայում: Ի տարբերություն Ֆրանսիայի կառավարության, Գերմանիայի իշխանությունը «Գորշ գայլերի» նկատմամբ կտրուկ քայլերի չգնաց: Անգամ այն բանից հետո, երբ 2022-ի նոյեմբերին, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն այցելեց Ստրասբուրգ եւ անձամբ կոչ արեց «գայլերին»` ակտիվանալ եւ ուժեղացնել պայքարը հայկական սփյուռքի դեմ: Էրդողանը որոշեց ֆինանսական միջոցներ չխնայել այդ կազմակերպություններին ու նրանց առաջնորդներին վճարելու համար, որպեսզի նրանք ակտիվորեն «կպնեն գործին» եւ ուժեղացնեն պայքարը եվրոպական, ավելի կոնկրետ՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի հայկական սփյուռքի դեմ: Սա, անշուշտ, մեծ վտանգ է ներկայացնում մեր հայրենակիցների համար, սակայն Գերմանական իշխանությունները նորից քայլ չձեռնարկեցին, թեեւ Գերմանիայի հատուկ ծառայությունները ուշադրության կենտրոնում են պահում այս կառույցը եւ լավատեղյակ են ամեն ինչից:

Գերմանական իշխանությունների նման պասիվ վերաբերմունքի գլխավոր պատճառը, ըստ ամենայնի, թուրք ընտրազանգվածին կորցնելու մտավախությունն է. չէ որ այսօր Գերմանիայում 3-4 միլիոն թուրք է բնակվում։ Այն, որ Գերմանական իշխանությունը կարող է վախենալ իր երկրում ապրող «Գորշ գայլերից», թուրքադրբեջանական համայնքից, արդեն իսկ տարօրինակ է: Բայց, որ վախենում են անգամ գրքի շնորհանդեսից եւ տեղի են տալիս անգամ դրա պահանջին, դա արդեն զավեշտ է: 
Այդ դեպքում Գերմանաիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ինչպե՞ս է պատասխանատվություն վերցնում եւ մի սեղանի շուրջ նստեցնում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին, իմանալով, որ մի կողմում նստածը՝ Ադրբեջանի ղեկավարը, չի հասկանում մարդկային, բանակցային, դիվանագիտական լեզուն… Եւ սրանից արդեն պարզ է դառնում, թե ինչու էր Ադրբեջանը ամեն գնով հասնում նրան, որ Ֆրանսիան հեռացվի միջնորդների շարքից ու Գերմանիան տեղ զբաղեցնի` որպես նորահայտ մասնակից ու բանակցությունների հարթակ: