Իրանի նկատմամբ պատժամիջոցները կկրճատվեն․ ինչ կշահի Հայաստանը դրանից 

Իրանի նկատմամբ պատժամիջոցները կկրճատվեն․ ինչ կշահի Հայաստանը դրանից 

«Չափազանց հետաքրքիր զարգացումներ են սպասվում տարածաշրջանում։ Խոսքը Իրանի և «հավաքական Արևմուտքի» միջև, այսպես կոչված, իրանական միջուկային ծրագրի շուրջ համարձակ համաձայնության մասին է: Այսպես, Վիեննայում տեղի ունեցած վերջին բանակցությունների ժամանակ կարծես թե հաստատվել են նոր իրանա-արևմտյան պայմանագրի դրույթները։ Այսպես ԵՄ-ի արտաքին հարցերով պատասխանատու Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ կարծես թե հաջողվեց գալ իրանցիների հետ որոշակի ընդհանուր տեսլականի և հիմա հարցը գտնվում է բացառապես կողմերի քաղաքական որոշումների տիրույթում»,-«Հրապարակին» ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Վերլուծաբանը նշում է, որ իր հերթին Իրանի բանակցային խմբի գլխավոր խորհրդական Մոհամադ Մարանդին հայտարարել է, որ շատ մեծ ծավալի աշխատանք է տարվել և կողմերը ավելի քան մոտ են համաձայնագրի կնքմանը, սակայն համաձայն իրանական դիվանագիտական ավանդույթի, պրոֆեսոր Մարանդին հստակ պատասխան չտվեց՝ գոհացնում է արդյոք իրանցիներին համաձայնագիրը, թե ոչ։ 

«ԱՄՆ-ն իր հերթին նույնպես չափազանց հետաքրքրված է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ստորագրմամբ։ Ինչևիցե, ակնհայտ է, որ Արևմուտքը և Իրանը, այնուամենայնիվ, շատ մոտ են համաձայնագրի ստորագրմանը, ինչը ենթադրում է Իրանի վրայից պատժամիջոցների կտրուկ կրճատումը, ինչը թույլ կտա Իրանին սկսել լայնածավալ էքսպանսիա նավթի և գազի համաշխարային շուկաներում։ Դեմ է Իսրայելի ղեկավարությունը, որը պնդում է, որ պատժամիջոցները չեզոքացնելուց հետո Իրանը կստանա 250 միլիարդ դոլար եկամուտ՝ մոտակա 7 տարվա ընթացքում,  ինչը իր հերթին շատ ուժեղ կամրապնդի Իրանի դիրքերը և միևնույն է Իրանը կստեղծի միջուկային զենք»,-ասաց Աբովյանը։ 

Վերլուծաբանն ընդգծում է, որ այստեղ Հայաստանի համար շատ  կարևոր է այն, որ եթե Իրանի վրայից հանվեն պատժամիջոցները և միջազգային արգելքները առևտրա-տնտեսական ոլորտում, ապա մեր առջև կբացվեն շատ մեծ հնարավորություններ՝ իրանական շուկայից օգտվելու և տրանզիտային լայնածավալ համագործակցության ոլորտում։ Այսինքն, իշխանության բոլոր լոլոները առ այն, որ թուրքերի հետ սահմանի բացումը մեր տնտեսական զարգացման իբր «միակ» գրավականն է հանդիսանում, դառնում են ոչ ակտուալ։ Շարունակենք ուշադիր հետևել զարգացումներին։