Ով է կառավարում Արցախում պահանջատիրությունը պետական քաղաքականություն դարձնելու գործը

Ով է կառավարում Արցախում պահանջատիրությունը պետական քաղաքականություն դարձնելու գործը

Այսօր Արցախի խորհրդարանում պետք է քննարկվի «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Քանի որ այն կազմվել է խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ, ապա հաստատ կընդունվի, հնարավոր է՝ միաձայն:

Առաջին հայացքից թվում է, թե շատ հայրենասիրական օրենքի նախագիծ է, որովհետեւ դրանով արձանագրվելու է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության կորցրած տարածքները Արցախի իշխանությունները համարում են օկուպացված, եւ այս նախագծով միջազգային կառույցներին եւ ընկերություններին տեղեկացվում է, որ առանց Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնելու, այդ տարածքում որեւէ գործունեություն չիրականացնեն, այլապես, երբ այդ տարածքները դեօկուպացվեն, այդ ընկերությունները փոխհատուցում չեն կարողանա պահանջել իրենց կորցրած կամ վնասված գույքի եւ ունեցվածքի համար: Ամենահայրենասիրականն այս նախագծում այն է, որ բացի Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններից, օկուպացված է համարվում նաեւ Գետաշենի ենթաշրջանը, որը հայաթափվել է, եւ որի նկատմամբ վերահսկողությունը մենք կորցրել ենք 30 տարի առաջ:

Շատերը կարծում են, որ այս օրենքի ընդունումն Արցախի հստակ պատասխանն է Արցախից հրաժարվելու, Արցախը եւ ազատագրված շրջաններն ադրբեջանական հռչակելու Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին: Դե, եթե Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում ճանաչել Արցախի՝ հանուն ազատության եւ Ադրբեջանից անջատ ապրելու իրավունքը, Արցախն ինքնուրույն կպայքարի այդ իրավունքի համար:

Խորհրդարանում առկա համախոհությանը հակառակ, նախագիծն այնքան էլ միանշանակ չի ընդունվել Արցախում, եւ կան մարդիկ, ովքեր համարում են, որ հայրենասիրությունը չի չափվում «ով ինչքան շատ պահանջի, այնքան հայրենասեր է» բանաձեւով: Նախ՝ կա 2017թ. ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրություն, որը որեւէ մեկը չի փոխել կամ չեղարկել, եւ որի ամենավերջին՝ 175-րդ հոդվածում, որը վերաբերում է Արցախի Հանրապետության իրավազորության սահմաններին, շատ հստակ ասվում է․  «Մինչեւ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»:

Այս սահմանադրական նորմը շատ ճկուն է, եւ փաստացի այսօր էլ Արցախի հանրային իշխանությունը տարածվում է այն տարածքների վրա, որոնք փաստացի գտնվում են ԱՀ իրավազորության ներքո: Իսկ թե որ տարածքներն են ենթակա ազատագրման` Քաշաթաղը, թե Գետաշենը, որ սահմաններում է վերականգնվելու Արցախի տարածքային ամբողջականությունը՝ հստակեցված չէ: Հիմա օրենքով ֆիքսել, թե որ տարածքներն են օկուպացված եւ ենթակա վերադարձման, մեղմ ասած, այնքան էլ կոռեկտ չէ: Արցախի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին, եւ այդ ժամանակ Քաշաթաղի կամ Շահումյանի շրջանները Արցախի իշխանությունների վերահսկողության տակ չեն եղել, այդ տարածքներում չի անցկացվել նաեւ անկախության հանրաքվե, եւ այդ իմաստով անհասկանալի է, թե իրավական ինչ հիմքով են Արցախի օրենսդիրներն այդ տարածքները հռչակում ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող եւ վերադարձման ենթակա տարածքներ: Նույնիսկ Սահմանադրությամբ այդ տարածքները չէին հռչակվում Արցախի Հանրապետության մաս, ուղղակի նշվում էր, որ այդ տարածքների նկատմամբ տարածվում է ԱՀ իշխանությունը, որն ընդամենը առկա իրողության արձանագրում էր: 

Պրագմատիզմի դիրքերից հանդես եկող արցախցիները կարծում են, որ Արցախի օրենսդիր իշխանության կողմից նման օրենքի ընդունումը կարող է էական խոչընդոտ հանդիսանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության եւ դրանում Արցախի իշխանության ներկայացուցիչների ներգրավվածության համար, որովհետեւ Արցախի իշխանության նման ծայրահեղականացված դիրքորոշումը եւ դրան օրենքի տեսք տալը ադրբեջանական կողմին հնարավորություն է տալու միջազգային հանրությանը ցույց տալ, որ արցախցիները ոչ թե պայքարում են սեփական հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքի համար, այլ շարունակում են ծավալապաշտական նպատակներ հետապնդել՝ հավակնություններ դրսեւորելով ադրբեջանական տարածքների նկատմամբ:

Մեր այն դիտարկմանը, թե ավելի լավ չի՞ լինի, եթե Արցախում փոխվի մարտավարությունը, եւ պայքարը տարվի նախկին ԼՂԻՄ տարածքի վրա ԱՀ ինքնիշխանության վերականգնման համար, մեր զրուցակիցներն ասում են, որ ներկա պայմաններում դա ամենաիրատեսական մոտեցումը կարող է լինել, բայց դրան չեն կարող գնալ ԱՀ խորհրդարանի պատգամավորները, որոնք իրար հետ մրցակցում են ամենահայրենասերը ճանաչվելու հարցում: Եթե ինչ-որ մեկը փորձի խոսել նախկին ԼՂԻՄ-ի տարածքով սահմանափակվելու մասին, դա կարող է դիտվել որպես դավաճանություն եւ պարտվողականություն: 

Տեսակետ կա, որ այս օրենքի նախագծի ընդունումը ձեռնտու է նաեւ ռուսական խաղաղապահ զորախմբին եւ ռուսական իշխանություններին՝ ընդհանրապես, որոնք ուզում են իրենց ներկայությունն Արցախում դարձնել անժամկետ: Որքան հակադիր է կողմերի դիրքորոշումը, այնքան մեծ է բախման հավանականությունը եւ, հետեւապես, խաղաղապահների անհրաժեշտությունը: Ադրբեջանը ձգտում է ամբողջական վերահսկողություն հաստատել Արցախի նկատմամբ, Արցախը օկուպացված է հռչակում եւ հավակնում է ոչ միայն 44-օրյա պատերազմի հետեւանքով կորցրած տարածքներին, այլ նաեւ 1991-92թթ․ կորցրած հայաբնակ շրջաններին: Նման պայմաններում միայն խաղաղապահների առկայությունն է, որ կարող է խաղաղություն եւ անվտանգություն ապահովել տարածաշրջանում: Ցանկացած այլ տարբերակ բերելու է բախման, հազարավոր նոր զոհերի ու ավերածությունների:

Ավետիս Բաբաջանյան