Կրկնությունը՝ որպես...

Կրկնությունը՝ որպես...

Ինչպես հայտնի է՝ ուսուցանողների շրջանում կրկնությունը դիտարկվում է որպես գիտության մայր: Բայց քանի որ ուսուցանվողները ցանկացել են ետ չմնալ թևավոր խոսքի հեղինակ լինելու բերկրանքից՝ կրկնությունը դիտարկվում է նաեւ որպես տգիտության հայր: Իրականում այդպես է եղել, թե ոչ՝ չգիտեմ. դա իմ ենթադրությունն է: Բայց գոյություն ունի կրկնության երկու-երեք տեսակ, որ դուրս են ընդհանրական այդ բնորոշումներից: Մեկը սխալմամբ ինչ-որ բանի կրկնությունն է: Օրինակ, մեկ-մեկուկես տարի առաջ սխալմամբ երկու անգամ նույն հոդվածն էի ուղարկել «Հրապարակ»-ի գլխավոր խմբագրին: Բայց անմիջապես մի պարզ մեխանիզմ գործադրեցի, որ նման բան չկրկնվի: Մյուսը կրկնությունն է` քաղաքական մանիպուլյացիայի նպատակով: Այն կիրառվում է արդեն ավելի քան 5 տարի ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից: Դա մարդկանց ուղեղները լվանալու նպատակով կատարվող կրկնությունն է: 

Այդ մեխանիզմի հեղինակային իրավունքը, բնականաբար, չի պատկանում վերոնշյալ անձին: Սակայն նրա կողմից օգտագործվում է լիուլի: Որքան գիտեմ, այս մեխանիզմի կնքահայրը նացիստական ժամանակաշրջանի Գերմանիայի լուսավորության, մշակույթի և պրոպագանդայի  պատասխանատու, դոկտոր Յոզեֆ Գեբելսն էր: Եթե անկեղծ լինեմ, ապա Սերժի ժամանակ այդ մեխանիզմից օգտվել եմ նաև ես՝ երբ ՀԺ-ի լրագրող Գևորգյան Հայկը ֆիննախի մոտ սադրանքի էր ենթարկվել ու ձերբակալվել: Երկու-երեք օր շարունակ, ժամը մեկ ֆեյսբուքում, ի պաշտպանություն Հայկի, նույն տեքստն էի տեղադրում: Բայց, ի տարբերություն Փաշինյան Նիկոլի կրիկնությունների, այն չուներ զանգվածներին մանիպուլյացիայի ենթարկելու նպատակ: Այն` կրկնվեմ, նպատակ ուներ պաշտպանելու լրագրողին` իրավապահների ոտնձգություններից: 

Բազմաթիվ լեզուներում նմանօրինակ մի արտահայտություն կա՝ ջրի կաթիլը քար է ծակում: Իսկապես, եթե նույն հաճախականությամբ երկար ժամանակ կաթիլն ընկնի քարի նույն տեղը, ապա քարը կծակվի: Ի դեպ, այդ մեթոդն օգտագործվել է միջնադարյան ինկվիզիցիաների ժամանակ զոհերին հոգեկան և ֆիզիկական կտտանքներ պատճառելու նպատակով: Ինչպես կաթիլն է ծակում քարը, այնպես էլ անընդհատ կրկնվող ամենամեծ անհեթեթություն ու տխմարությունն անգամ «դառնում» է զանգվածների մտավոր սեփականությունը՝ նրանց վերածելով զոմբիների: Ինչի արդյունքում երեկվա «դուխով փրկիչը» զոմբիների մոտ առանց որևէ հարցադրում առաջացնելու սահուն վերածվում է «խեղճ հարիֆի»: 
Այս համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ արևմտյան քաղաքական գործիչների հայտարարություններին Լաչինի միջանցքը բացելու պահանջով: Վատ չէր լինի, եթե մեկն ու մեկը հաշվեր, թե որքան է կազմում դրանց քանակը: Եվ դեռ որքան է շարունակվելու: 

Առաջին հայացքից, այն կարծես թե օգտակար գործողություն է: Մեզ հարևան արևելյան երկրի բռնակալից մարդիկ պահանջում են այն, ինչ անհրաժեշտ է 120 հազար արցախցիներին: Բայց ողջ խնդիրն այն է, որ հայտարարություն անողները միամիտ չեն ու հասկանում են, որ Իլհամին կարելի է ստիպել ապաշրջափակել միջանցքը միայն պատժամիջոցների դիմելով: Էլ չասած ռազմական ուժի կիրառման մասին: Իսկ թղթից շերեփի «օգտակարություն» ունեցող կամ զուտ օդի տատանում ենթադրող հայտարարություններն ուղղակի անիմաստ են: Բայց նրանք շարունակում են այդ անիմաստ հայտարարությունները, որպեսզի Փաշինյան Նիկոլն ու ողջ իշխանությունն իրեն բավարարված զգա մազոխիստի նման: Ու միևնույն ժամանակ զոմբիացնի մարդկանց՝ տեսեք, տեսեք, միջազգային հանրությունը մեր կողքին է: Իսկ Իլհամը կշարունակի շրջափակումը, որպեսզի մարդկանց ստիպի հեռանալ իրենց ծննդավայրից:

Վերջապես հասանք մեզ. մեզ ևս անհրաժեշտ է օգտագործել կրկնության ուժը: Մեզ ասելով նկատի ունեմ հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածին: Անընդհատ կրկնելով ու բացահայտելով Նիկոլի կեղծիքներն ու անհեթեթությունները: Անընդհատ կրկնելով եւ մարդկանց հույս ու հավատ ներշնչելով ապագայի նկատմամբ` ոչ նիկոլական պարտվողական ու անարժանապատիվ ապագայի նկատմամբ: Որովհետև եթե Նիկոլին հաջողվեց հայաստանցիների մեծամասնության շրջանում սերմանել ստրկամտությունն ու պարտվողականությունը, ապա մեզ կմնա հավաքել մեր իրերը և հեռանալ: Հեռանալ՝ մեր հայրենիքի վերջին կտորը ժառանգություն թողնելով ադրբեջանցի կոչված թուրքերին: Եվ որպեսզի դա տեղի չունենա, կրկնվեմ, մեզ անհրաժեշտ է հույս ու հավատ ներշնչել նիկոլազերծ ապագայի նկատմամբ: