Ցավալին էն է, որ էդ վերջին ինստիտուտն էլ է ոչնչանում

Ցավալին էն է, որ էդ վերջին ինստիտուտն էլ է ոչնչանում

ԱԺ-ում երեկ մի ահավոր «բոլոլա» էր ու մեծ «բազառ»․ անվտանգության աշխատակիցներ-ընդդիմություն հակամարտություն, գոռգոռոցներ, քաշքշոց, որի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացան Աննա Մկրտչյանն ու Արծվիկ Մինասյանը։ Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունը պաշտում է նման տեսարանները, ու այսօրինակ տեսանյութերն ամենամեծ դիտումներն են ունենում բոլոր երկրներում։ Բայց քանի որ ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ, հասարակությունն այլեւս սիրտ չունի անգամ նման տեսարաններ դիտելու։ 
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը խորհրդանշական է համարում, որ դա տեղի ունեցավ կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ։

Նա իր տեսակետն այսպես հիմնավորեց․ «Որովհետեւ ես վստահ եմ, որ ընդդիմության նկատմամբ բռնությունները, առհասարակ՝ բոլորին բռնի ուժով լռեցնելը այս կառավարության ծրագրի առանցքային կետերից է։ Իսկ եթե մի քիչ ավելի լուրջ, ապա սա արդյունք է նրա, որ 3․5 տարի այս իշխանությունները հասարակությունը բաժանում էին սեւերի ու սպիտակների, հիմա դրա պտուղներն իրենք քաղում են, տեսնում ենք նման այլանդակ բախումներ, որոնք, ցավոք սրտի, գնալով ավելի ու ավելի հաճախ են լինելու։ Եվ, ընդհանրապես, շատ տարօրինակ է, իսկապես աննախադեպ, որ ԱԺ նախագահն իրեն իրավունք է վերապահում որոշել, թե պատգամավորներն ինչ բառեր կարող են օգտագործել եւ ինչ բառեր՝ չէ։ Ես վստահ եմ, որ Ալեն Սիմոնյանն ուղղակի վարչապետի ոչ միայն համաձայնությամբ, այլ գուցեեւ անմիջապես իր հրահանգով է գործում»։

Հիշեցնենք, որ Աննա Մկրտչյանին ուղղված ՔՊ-ականների հայհոյանքների մասին զգուշացումից հետո Նիկոլ Փաշինյանը նետեց․ կարծում եմ՝ շատ մեղմ են արձագանքում, ինչից հետո Ալեն Սիմոնյանը գործի անցավ՝ սկսեց պատժամիջոցներ կիրառել, տվյալ դեպքում Աննա Մկրտչյանին դահլիճից դուրս հրավիրելու համար անվտանգության տղաներին կանչեց։ Արմեն Բաղդասարյանն ասում է՝ ակնհայտ էր, որ նրա քաղաքական թիմը սա ընկալեց որպես հրահանգ՝ ավելի կոշտ վարվելու, ինչի արդյունքը տեսանք ու առաջիկայում էլի ենք տեսնելու։ «Սա ցույց է տալիս իշխանության որակը եւ ցույց է տալիս նաեւ ընդդիմության որակը, որովհետեւ, իմ պատկերացմամբ, հասարակությունն ընդդիմությունից դա չէր ակնկալում՝ այսպիսի թամաշաներ։

Ակնկալում էր շատ ավելի լուրջ մոտեցում։ Օրինակ՝ «կապիտուլյանտ», «դավաճան» ասելիս նաեւ նման փաստերի մի թղթապանակ պատրաստած լինեին»։ Մյուս կողմից, նման բաներ տեղի են ունենում շատ երկրների խորհրդարաններում։ Օրինակ՝ իրենց ձեռնամարտերով հայտնի են հատկապես ուկրաինացի, բրիտանացի օրենսդիրները։ Թեպետ այնպես չէ, որ ընդդիմադիրների կամ, առհասարակ, խորհրդարանականների ծեծը հայոց խորհրդարանում նախադեպեր չի ունեցել․ 1996-ի սեպտեմբերի 26-ի կեղծված ընտրություններից դժգոհ մարդիկ, ԱԺ դարպասները գետնին հավասարեցնելով, գնացին Վազգեն Մանուկյանի հետեւից ու ջարդեցին այն ժամանակ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի ու փոխխոսնակ Արա Սահակյանի գլուխները, հետո ԱԺ ամբիոնի մոտ մեծամասնությունը ծեծեց օրվա ընդդիմադիրներ Սեյրան Ավագյանին, Ռուբեն Հակոբյանին, ու էլի մի քանի պատմություններ։ Ամենաթարմ օրինակը հենց այս իշխանության օրոք էր, երբ Սասուն Միքայելյանն ԱԺ դահլիճում, հենց ամբիոնի մոտ հարձակվեց Էդմոն Մարուքյանի վրա։ Քաղաքագետն ասում է, որ դա նույնը չէ։ «Մենք տեսել ենք լեզվակռիվ, քաշքշոց պատգամավորների միջեւ, բայց երբեք չենք տեսել, որ ուժայինները մտնեն եւ ծեծեն պատգամավորներին»,-ասաց Արմեն Բաղդասարյանը։ 

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն էլ ասում է․ «Ժողովրդական լավ խոսք կա․ 30 տարի բիզ սրեցին եւ աճեցրին Նիկոլին, ու էսօր բիզը համապատասխանաբար հայտնվեց համապատասխան տեղում։ Ցավալին էդ չէ, ցավալին էն է, որ էդ վերջին ինստիտուտն էլ է ոչնչանում։ Եվ Հայաստանի պետականության ոչնչացման ճանապարհի հերթական քայլն է արվում։ Եվ, ինչպես ախպարն է ասում, դեռ ի տես ինչե՜ր պիտի ըլլան։ Ու վատ բաներ»։

«Ելք» խմբակցության նախկին պատգամավոր, ԼՀԿ-ական Գեւորգ Գորգիսյանը նույնպես տպավորված չէ ԱԺ տեսարաններից։ Բայց նա երեկ տեղի ունեցածը չի կարողանում համեմատել 7-րդ գումարման ԱԺ-ում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ բազմամարդ միջադեպի հետ։ Ասում է․ «Մարուքյանի վրա եղել է հարձակում, բայց որ ԱԺ անվտանգությունը մեզ փորձեր դուրս հանել խուլիգանության համար, նման բան չի եղել»։

Այնուամենայնիվ, ո՞ր կողմն էր մեղավոր։ Գորգիսյանի կարծիքով՝ երկու կողմն էլ։ Իսկ թե ումից ամեն ինչ սկսվեց, ըստ նրա՝ այս փուլում արդեն կարեւոր էլ չէ։ Ասաց․ «Որովհետեւ մարդիկ գնացել են շոու սարքելու, այն հաջողվել է, շնորհավորում եմ։ Եթե գնացել են կառավարության ծրագիրը քննարկելու, ուրեմն աշխատել չի հաջողվել, տապալվել է ԱԺ-ն։ Երկուստեք՝ ե՛ւ ընդդիմության ջանքերով, ե՛ւ իշխանության ջանքերով։

Հետեւաբար, իհարկե, գեղեցիկ չէ, ԱԺ-ն ձեռնամարտի տեղ չէ, բայց եթե ԱԺ-ում չկա երկխոսություն, մտքերի բախում է, բանավեճ, այն վերածվելու է բախումների։ Ու նման միջադեպեր մենք տեսնելու ենք կառավարության հետ ամեն հարցուպատասխանի ժամանակ»։

ՀԳ․ «Հրապարակը» փորձեց նաեւ նախկին պատգամավոր ու իր կռիվներով հայտնի Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի կարծիքն իմանալ՝ արդյո՞ք «շնորհքով» բան տեղի ունեցավ։ Բայց պարզվեց՝ պարոն Մովսիսյանը Վորոնեժում է ու ասաց․ «Եքա փող ա գրում, ռոումինգ ա, վերջին կոպեկներն ա, թողեք հանգիստ հանգստանամ, եկել եմ հարսանիք»։