Ժողովրդավարության բաստիոն, որտեղ իշխում է բեսպրեդելը

Ժողովրդավարության բաստիոն, որտեղ իշխում է բեսպրեդելը

Ինչպես հայտնի է՝ երեկ կառավարությունը խորհրդարանի դատին էր ներկայացրել կառավարության հնգամյա ծրագիրը, որը ներկայացնելու բեռն իր ուսերին էր վերցրել Նիկոլ Փաշինյանը։ Նա երեք ժամ շարունակ խորհրդարանի ամբիոնից ճոռոմ  խոսքեր էր արտաբերում իշխանության ծրագրերի, անելիքների մասին, մոտավորապես այսպես․ որ իրենց իշխանության գալով՝ Հայաստանը վերածել են ժողովրդավարության բաստիոնի, իսկ հունիսի 20-ին ժողովրդից ստացած վճռորոշ քվեով շարունակելու են ամրապնդել այդ բաստիոնը, օրենքի դիկտատուրա են հաստատելու, երեք տարիներին այդպես էլ իրականություն չդարձած ներդրումային բում են ապահովելու, նոր աշխատատեղեր, աշխատավարձերի բարձրացում, այլ որակի կրթություն եւ այլն, եւ այլն։ 

Ուշագրավ պահվածք դրսեւորեցին նաեւ ընդդիմադիրները․ եթե «Պատիվ ունեմ»-ը հայտարարեց, որ չարիքի ելույթը չեն լսի, եւ լքեց դահլիճը, ապա «Հայաստան» խմբակցությունը նստել եւ լսում էր Փաշինյանի խոստումները։ «Մենք լսում ենք, որովհետեւ բովանդակային հարցադրումներ ենք անելու, իհարկե՝ բարդ է այդ ամբողջ ստերը լսել, բայց ինչ արած»,- ասաց դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը։ Ինչ վերաբերում է գործընկերների բոյկոտին, ասաց՝ իրենք էլ են չարիք համարում, բայց բոյկոտով չարիքը չի վերանում։

Իսկ  Փաշինյանի մենախոսությունը ժողովրդական հայտնի ասացվածքն էր հիշեցնում՝ «գեղից մարդ չկա, գլուխ է գովում»։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ հերթը հասավ հարցուպատասխանին․ ընդդիմադիր պատգամավորները Նիկոլ Փաշինյանին վերադարձրին իրականություն, հիշեցրին իր նախկին ու չիրականացրած խոստումները։ Մի քանի րոպեում կոտրվեց ժողովրդավարության ջատագով ներկայացող իշխանության ու նրա առաջնորդի միֆը, խորհրդարանը վերածվեց սոդոմ-գոմորի, գործի անցան խորհրդարանում տեղակայված հատուկջոկատայինները, ասպատակեցին ընդդիմադիր պատգամավորների համար նախատեսված օթյակները, ծեծկռտուք սկսվեց պատգամավորների եւ նրանց միջեւ, չխնայեցին նույնիսկ կանանց։ Ամեն ինչ սկսվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցից։ 

Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս պատգամավորը փորձեց ներկայացնել նաեւ, իր խոսքով, «դահլիճում տիրող իրավիճակը»։ Մկրտչյանն ասաց, թե «այս անձնավորությունը» (Նիկոլ Փաշինյանը) իր հետ դահլիճ է բերել «ախրաննիկների», որոնք երբեւէ ԱԺ չեն մտել։ Պատգամավորի թվացյալ անշառ արտահայտությունից հետո Փաշինյանն անմիջապես թեքվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմը եւ մեզ համար ոչ լսելի ինչ-որ բան ասաց, որից հետո Ալեն Սիմոնյանն անցավ ընդդիմադիրների դեմ հակագրոհի։ Նախազգուշացրեց Աննա Մկրտչյանին, ՔՊ պատգամավորները, սովորույթի համաձայն, տեղից հայհոյանքներ ու վիրավորանքներ ուղղեցին Մկրտչյանի ուղղությամբ, ամենաակտիվը Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն էր, ինչպես նաեւ Գռզոն՝ Խաչատուր Սուքիասյանը։ Աներձագին ԱԺ նախագահը նկատողություն հայտարարեց, ընդդիմադիր պատգամավորուհին իրեն վիրավորող պատգամավորներին անվանեց «կապիտուլյանտներ», Սիմոնյանը նրան զրկեց մեկ օրվա ընթացքում ելույթի իրավունքից եւ հրավիրեց դուրս։

Երբ պատգամավորը հրաժարվեց կատարել ԱԺ նախագահի հորդորը, վերջինս նիստերի դահլիճ հրավիրեց  անվտանգության աշխատակիցների։ Հենց այդ պահին էլ «գնաց կաշը»․․․
Մի քանի տասնյակ համազգեստավորներ վայրկյանների ընթացքում այնպիսի  վրեժխնդիր հայացքներով ներխուժեցին դահլիճ, ասես խորհրդարանը Սեւ լճի տարածքն էր, իրենք էլ հրահանգ էին ստացել՝ վերջապես վտարել երեք ամսից ավելի ՀՀ տարածքում բնադրված թշնամական զորքին։

«Հայաստան» դաշինքի պատգամավորներն էլ արագ մոտեցան ու շրջապատեցին Աննա Մկրտչյանին եւ տեղից իշխանականներին փորձում էին հասկացնել, որ Ալեն Սիմոնյանը հանուն Փաշինյանի «փրկության» հերթական անգամ վերազանցեց իր լիազորությունները, որ իրավունք չունի Մկրտչյանին դուրս հրավիրել։ Սակայն Սիմոնյանն անդրդվելի էր․ նիստն ընդհատեց, հայտարարեց քսան րոպե ընդմիջում, որպեսզի չեզոքացնեն վտանգավոր հանցագործին… Անվտանգության աշխատակիցների ու ընդդիմադիր պատգամավորների միջեւ ձեռնամարտ սկսվեց, այնպիսի քաշքշուկ, որ րոպեներ անց  Արծվիկ Մինասյանն արդեն կիսամերկ էր, վերնաշապիկի կոճակները՝ արձակված, մայկան՝ տոպիկ դարձած, իսկ Աննա Մկրտչյանի ամեն թեւից երեք ախրաննիկ կախված՝ քարշ տալով դուրս բերեցին։

Ավելի ուշ Մկրտչյանի ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնություն հրավիրեցին, իսկ Արծվիկ Մինասյանի համար հայտարարեցին, որ դատաբժշկի կդիմեն։ 

Ընդմիջումից հետո կրկին սկսվեց հարցուպատասխանը, Նիկոլ Փաշինյանն ինքնագոհ դեմքով վերադարձավ դահլիճ՝ ասես ինքը չէր այս ամբողջ «կաշի» ռեժիսորը, ու, սովորության համաձայն, ընդդիմության բոլոր հարցերի տակից «կրուտիտով» դուրս եկավ։