Մարդը «լավ է արել» 

Մարդը «լավ է արել» 

ՀՀ վարչապետի աթոռին, հանուն ինքնապահպանության, կառչած անձն ինքնիշխանություն պոռալով՝ աստիճանաբար պետությունն է տանում կործանման: Ինչը կատարվում է թուրք-ադրբեջանական տանդեմի ուղղակի հրահանգավորմամբ: Ժամանակին երկիրն անվանելով «ժողովրդավարության բաստիոն»՝ հաստատել է անձնիշխան բռնապետություն: Ինչը կատարվում է արևմտյան երկրների ղեկավարության անտարբեր, ավելի ճիշտ՝ հավանություն տվող հայացքի ներքո: Դատական համակարգը բարեփոխելու և հատկապես դատավորների անկախությունն ամրապնդելու անվան ներքո համակարգը լցրեց իր կամքը սրբորեն կատարող երիտասարդ ու անփորձ կադրերով: Դա էլ արվեց Արևմուտքի անմիջական հովանավորությամբ: Ոստիկանության բարեփոխման անվան ներքո համակարգը լցրեց կիսագրագետ պարեկներով: Այդ մեկն էլ կատարվեց Արևմուտքի ոչ միայն հովանավորությամբ, այլև ֆինանսավորմամբ:

Երկիրը պահելուն կոչված երկրապահի ինչ-որ անդամ չբավարարվելով մեկ անգամ մեքենան մարդկանց վրա քշելով, մեկ-երկու օր անց կրկնում է նույն գործողությունը: Բայց եթե առաջին անգամ ընդամենը համեմատաբար թեթև վնաս էր տվել մեկ-երկու հոգու, երկրորդ անգամ երկու անձի տեղափոխել են հիվանդանոց: Օրենքի առջև բոլորի հավասար լինելու վերաբերյալ ժամանակին ԱԺ ամբիոնից անընդհատ ճառող Փաշինյանի վարչապետության օրոք էլ վնաս է հասցվել Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին: Եվ դրա հեղինակ նույն անձը մնացել է անպատիժ: Հիշեցնեմ, որ հայոց պարծանքի առարկա Տիգրան Մեծին «սխալ հանող» ոմն քպկական «ազգընտիր» անձին վիժվածք անվանող հայրենասեր երիտասարդը կալանավորվում է, իսկ մեքենայով Դանիելյանի ոտքերին հարվածող այդ երկրապահի նկատմամբ ընդամենը արձանագրություն է կազմվում: Բայց դա չի խանգարում, որպեսզի նա հոխորտա, թե լավ է անում:

Այս և բազմաթիվ նման դեպքերը, բնականաբար, «ժողովրդավարության փայլուն աստղ» երկրի ղեկավարի նկատմամբ որևէ փոփոխության չեն հանգեցնելու Արևմուտքի վերաբերմունքում: Որպեսզի պարզ լինի, թե ինչպես կարող է դա պատահել, հիշեցնեմ «Նա շան որդի է, բայց մեր շան որդին է» արտահայտությունը: Որ ենթադրաբար 1939-ին ասվել է Նիկարագուայի բռնապետ Սամոսայի հասցեին և վերագվում է ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին: Չնայած Ռուզվելտի հեղինակության առումով դա չի հաստատվել, սակայն դրանից ասվածի ճշմարտացի լինելը չի չեղարկվում: Համարյա 100 տարի առաջ ասված բնորոշումը շարունակում է մնալ օրակարգային: Դա երևի հենց այն առաջընթացն ու զարգացումն է, որ անընդհատ տարփողվում է վարչապետի աթոռից կառչած անձի կողմից: Որի հիմքում էլ պարտվողական խաղաղությունն է և թշնամու բոլոր պահանջները կատարելը: 

Կարծես թե նորմալ ուսումնասիրել եմ այլ պետությունների փոխհարաբերությունները, բայց չեմ հիշում այնպիսի մի դեպք, երբ մի պետության ղեկավար անընդհատ տարածք զիջի մեկ այլ պետությանը՝ սեփական ժողովրդին վախեցնելով պատերազմի վտանգով: Բայց հաշվի առնելով մեր գրականության մեջ կենցաղային առումով այդ երևույթի արձանագրումը (Հովհաննես Թումանյան, Չարի վերջը)՝ պետք է ընդունենք, որ դա հոգեհարազատ է շուրջ 1000 տարի մեր տարածաշրջանում պետություն չունենալու հետևանքով մեզանում ձևավորված մտածողությանը: Եթե այդպես չլիներ, ապա սեփական ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերած անձը ոչ թե կմնար պաշտոնին, այլ իր օրը կանցկացներ խորհելուն նպաստող միջավայրում: 

Այդ առումով խիստ հատկանշական է, ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների, Ոսկեպարում ճանապարհ փակած գնդապետ Միհրան Մախսուդյանին Քննչական կոմիտե հրավիրվելու պասրագան: Վերջինս պաշտոնանկ էր արվել Վարդենիսի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի դեպքով: Սակայն ավելի քան մեկ տարի առաջ հարուցված գործով Մախսուդյանին չի տրվել որևէ կարգավիճակ: Բայց քանի որ վերջինս հայրենասեր անձ է և փորձում է խոչընդոտել թշնամուն տարածք տրամադրելը, նրա նկատմամբ հաստատ կկատարվի անօրինական ինչ-որ գործողություն: Ի տարբերություն տավուշցիներին մեքենայի տակ գցող և դրանից իրեն լավ զգացող երկրապահի: