Քայլ Էդմոն Մարուքյանո՞վ

Քայլ Էդմոն Մարուքյանո՞վ

Խոսակցությունները, թե Էդմոն Մարուքյանն ինքնուրույն քաղաքական գործիչ է, քաղաքական դեմք, ֆիգուր, մեղմ ասած չափազանցություններ են: Չկա նման բան: Էդմոն Մարուքյանը քաղաքականության ասպարեզում հայտնվել է ոչ թե նախախնամության, այլ միանգամայն իրական մարդկանց կամքով, միանգամայն իրական մարդկանց թողտվությամբ և որոշումով: Դուք կարող եք գնալ Վանաձոր և հարցնել՝ ո՞վ էր Էդմոն Մարուքյանը մինչև ԱԺ անկախ պատգամավոր դառնալը: Ամենագիտակ վանաձորցիներն անգամ կդժվարանան հիշել Մարուքյանի մինչխորհրդարանական զբաղմունքը:

Էդմոն Մարուքյանի մուտքը քաղաքականություն շատ նման է ռազմական ասպարեզ որոշ հերոսների մուտքին: Կան հերոսներ, որոնց կենսագրության մեջ կարդում ենք՝ 18 տարին լրանալուց հետո զենք վերցրեց և գնաց կռիվ: Իսկ թե մինչև 18 տարին լրանալն ով էր այդ տղան, ինչ ընտանիքից, ինչ դպրոց անցած, պատմությունը լռում է: Այդպես էլ Էդմոն Մարուքյանն է հայտնվել քաղաքականության մեջ: Նրա անցյալի ու հատկապես իրավաբանական բարձրագույն կրթության մասին ոչ միայն պատմությունն է լռում, այլև մնացած գիտությունները: Փոխարենը Էդմոն Մարուքյանի վարքն ուսումնասիրող քաղաքագետ-վերլուծաբանները միաբերան պնդում են, որ նա քաղաքականություն ոտք է դրել 31 տարին բոլորած՝ 32-ի մեջ»: Դա հեռավոր 2012-ին էր, նույն թվականին, երբ խորհրդարան ոտք դրեց նաև Նիկոլ Փաշինյանը: Այնպես որ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը դեռ «օրորոցից» էին միասին՝ Էդմոնը որպես «անկախ», Նիկոլը՝ որպես ՀԱԿ պատգամավոր:

Հեքիաթների մեջ սիրված հերոսի մասին սովորաբար ասում են՝ նա ոչ թե մյուսների նման տարով էր մեծանում, այլ օրով ու ժամով: Էդմոնն ու Նիկոլը ժամով մեծացողներից էին: Նույն 2015 թվականին նրանք մի- մի հատ կուսակցություն հիմնադրեցին՝ «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր»՝ լքելով համապատասխանաբար «անկախ» և ՀԱԿ պատգամավորի դիրքերը: Իրենց առաջին քաղաքական դաշինքում, որ «Ելք» էր կոչվում (2017թ.), Էդմոն Մարուքյանն ու Նիկոլը դարձյալ միասին էին, որտեղ կցորդի կարգավիճակով նրանց էր միացել նաև Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»: Այդ դաշինքով էլ նրանք նույն թվականին մտան խորհրդարան՝ ստանալով 9 աթոռ, ինչը, խոստովանեմ, վատ ցուցանիշ չէր ընդամենը 5 տարվա քաղաքական կյանք ունեցող Մարուքյանի և Փաշինյանի համար:

Փաշինյանի և Մարուքյանի ճանապարհները բաժանվեցին 2018թ. դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում, երբ Փաշինյանն այլևս վարչապետ էր, իսկ Էդմոն Մարուքյանը, պատկերավոր ասած, գլխին գդակ չուներ, ասել է թե՝ որևէ պաշտոն: ՔՊ-ն ու «Լուսավոր Հայաստանը» խորհրդարան անցան առանձին-առանձին, բայց, չնայած իրենց համատեղ անցյալին, իշխանական կոալիցիա չկազմեցին: Փաշինյանն ուներ բացարձակ մեծամասնություն և Էդմոնին կարող էր հանգիստ խղճով գործուղել ընդդիմադիր դաշտ՝ ընդդիմություն խաղալու: Մինչև 2020թ. 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած ամիսներին Էդմոնը վատ չկատարեց այդ դերը: Նա խաղում էր մեծ էնտուզիազմով և նվիրումով, հետևում, որ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի դիպուկ հարվածները չհասնեն Փաշինյանին, որ խորհրդարանը որևէ կերպ չկարողանա միջամտել ՔՊ-ի հակասահմանադրական ու հակապետական քայլերին: 2020թ նոյեմբերից մինչև 2021թ. մայիսը կարելի է համարել Էդմոն Մարուքյանի քաղաքական գործունեության պիկի շրջան:

Այդ ընթացքում Էդմոն Մարուքյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «հատուկ հանձնարարություններով աներևույթ դեսպանն» էր Նիկոլ Փաշինյանի մոտ և հանձնարարություն ուներ՝ ամեն ինչ անել, որպեսզի արտախորհրդարանական ուժերը չկարողանան կապիտուլյանտ Փաշինյանին հեռացնել իշխանությունից: Հիշեցնեմ, որ այդ օրերին բացահայտ խաղի մեջ էին մտել նաև նախագահ Արմեն Սարգսյանն ու նրան մերձ Արման Բաբաջանյանը՝ բոլոր ժամանակների անհայրենիքներից մեկը, որը խորհրդարան էր անցել «Լուսավոր Հայաստանի» ցուցակով: Այս խմբով էլ՝ Արմեն Սարգսյան, Էդմոն Մարուքյան, Արման Բաբաջանյան և մի քանի այլ սորոսական թափթփուկներ, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից հետո (25 փետրվարի) կարողացան իշխանությունից Փաշինյանին ռադ անելու ակնհայտ գործընթացն ուղղորդել դեպի արտահերթ ընտրություններ:

Փաշինյանը «հաղթեց» 2021թ. հունիսի 20-ի ընտրություններում և այդ հաղթանակի համար մեծապես պարտական էր նաև Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստանի» ռեսուրսին: Այս կուսակցությունը, որի կազմում կային շատ լուսավոր երիտասարդներ, կարելի է ասել, Էդմոն Մարուքյանի թեթև ձեռքով «չմասնակցեց» ընտրություններին և չփոշիացրեց Փաշինյանի «ընդտրազանգվածի» ձայները: Հավատացեք, Ստյոպա Սաֆարյանը լավագույն «գործիչը» չէր, որ պետք է գեղեցկացներ «Լուսավոր Հայաստանի» ընտրարշավը: Դե իսկ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խայտառակությունից 8 ամիս անց (2022թ. մարտ) Էդմոն Մարուքյանը նշանակվեց Փաշինյանի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան:

Կարելի էր կանաչ խիյարի պատմությունն այսքանով ավարտել, եթե չլիներ Մարուքյանի անսպասելի գրառումն այն մասին, որ հրաժարվում է պաշտոնից՝ արտաքին քաղաքական հարցերում Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Ես Էդմոնին չեմ հավատում: Իսկ դո՞ւք: Ես չեմ կարծում, որ այդ պաշտոնին նշանակվելիս նա ծանոթ չէր Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսին: Մարուքյանը 2 տարի առաջ չգիտե՞ր, որ Փաշինյանն արտաքին քաղաքական կուրս չունի ու ամեն ինչ տանում է կործանման: Իհարկե, գիտեր: Նա օգնե՞ց Փաշինյանին որևէ քաղաքական գիծ որդեգրելու և դրանով առաջ շարժվելու հարցում: Ոչ, չօգնեց: Նա երկու տարի շարունակ աշխատավարձ ստացավ, Փաշինյանի երգերը երգեց, իսկ հիմա էլ հայտարարում է, թե հեռանում է անհամաձայնությունների պատճառով:

Մարուքյանի հրաժարականը ես հակված եմ դիտարկել առաջիկա հնարավոր գործընթացների համատեքստում: Հիշո՞ւմ եք «Ոսկե հորթը» ֆիլմի Կոզլևիչին՝ Բենդերի վարորդին: Նա կես ճանապարհին որոշեց լքել Բենդերին և վերադառնալ իր վթարված «Անտիլոպի» մոտ՝ այն նորոգելու նպատակով: Կվերադառնա՞, արդյոք, Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստանի» մոտ, կփորձի՞, արդյոք, այն ոտքի կանգնեցնել և նոր սկիզբ դնել իր քաղաքական կարիերային, դժվար է ասել: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ քաղաքական գործընթացներ կսկսվեն գարնան հետ: Հնարավոր է, որ շատ կարժ ժամկետներում Փաշինյանը մաքրվի քաղաքական ասպարեզից, իսկ նրան փոխարինող դեռ չկա: Էդմոնն այդ դերին հավակնել կարող է իր թիկունքում քաղաքական ուժ ունենալու դեպքում միայն: Այս հասարակ բանը հասկանում են նաև Նիկոլ-Էդմոն զույգին պարացնողները, որոնք էլ, ըստ երևույթին, Էդմոնին հրահանգել են՝ դու արդեն դիմումդ գրի…