Լավ են մեկնաբանել, թե վատ են մեկնաբանել, Սահմանադրական դատարանն էլ գիտի, որ իր գործը չէ․Մարիա Կարապետյան

 Լավ են մեկնաբանել, թե վատ են մեկնաբանել, Սահմանադրական դատարանն էլ գիտի, որ իր գործը չէ․Մարիա Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ազգային ժողովը կարող էր ամեն երկուշաբթի քվեարկությամբ Քրեական դատավարութան օրենսգրքի «Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ» թվարկող 35-րդ հոդվածում ավելացնել «Հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը» («Գործառութային անձեռնմխելիությունը» «անձնական անձեռնմխելիությունից» զատ երևակայելը առանձին քննարկման առարկա է:)։ Կարող էր, սակայն դրանից ոչինչ չէր փոխվի։

Oրերս ամբողջությամբ հրապարակված Սահմանադրական դատարանի որոշման մեջ էլ է գրված․ «Սույն գործով Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության մեկնաբանման եղանակով դատարանները փորձել են լրացնել քրեադատավարական օրենքի բացը, ընդ որում՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում, ինչը վկայում է, որ նրանք ընդունել և կարևորել են անձեռնմխելիության կանխորոշիչ նշանակությունը մեղադրանքի, հետևապես` նաև կալանքի իրավաչափության համար:»

Այսինքն «օրենքի բացը» ոչ մի կերպ չի խոչընդոտել, որ դատարանները մեկնաբանեն Սահմանադրությունը: Իսկ այ «փորձել են», լավ են մեկնաբանել, թե վատ են մեկնաբանել, Սահմանադրական դատարանն էլ գիտի, որ իր գործը չէ։ Այս տարվա ՍԴԱՈ-17 որոշմամբ, որտեղ Սահմանադրական դատարանը մերժում էր Քոչարյանի մեկ այլ դիմումի հիման վրա գործի քննությունը, Սահմանադրական դատարանը փաստել է․ «Սահմանադրական դատարանն իրավասու չէ գնահատել դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտի [իսկ Սահմանադրությունը ևս նորմատիվ իրավական ակտ է] դրույթների կիրառման իրավաչափությունը։» Ծայրահեղ դեպքում եթե տարիների ընթացքում ձևավորվի հակասական իրավակիրառ պրակտիկա, Սահմանադրական դատարանը կարող է փաստել, որ ենթադրյալ բացը առանց իր միջամտության չի հաղթահարվում»։