Ինչո՞ւ է ՊԵԿ-ը փորձում թաքցնել իրականությունը

Ինչո՞ւ է ՊԵԿ-ը փորձում թաքցնել իրականությունը

Պետեկամուտների կոմիտեն հրաժարվում է մեզ տրամադրել մի տեղեկատվություն, որը հոժարակամ տրամադրել էր 2 տարի առաջ։ Խոսքը հաշվետու եռամսյակում շաքարի, բանանի եւ հավի մսի ներկրումների մասին է՝ ըստ ընկերությունների եւ ծավալի։ Բայց ՊԵԿ-ից չեն ցանկանում տրամադրել, թե որ ընկերությունը որքան շաքար, բանան ու հավի միս է ներկրել 2018 թվականի 3-րդ եւ 4-րդ եռամսյակում։

Մենք ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի ստորագրությամբ մի գրություն ստացանք, որտեղ հղում են անում ինչ-որ օրենքների՝ բացատրելով, թե այդ տվյալների հրապարակումը կհամարվի առեւտրային գաղտնիք, կամ իրենք պետք է ունենան տվյալ ընկերությունների համաձայնությունը։ Փոխարենը ՊԵԿ-ը տրամադրում է միայն կազմակերպությունների անվանումները՝ առանձին, եւ ներկրված ապրանքատեսակների ծավալները՝ առանձին, բայց դրանք իդենտիֆիկացրած տարբերակով, թե որ ընկերությունը որքան է ներկրել, չի տալիս։

Մենք ՊԵԿ-ին ուղարկեցինք մեր հրապարակած հոդվածը՝ 2017 թվականի հուլիսին շաքարի ներկրման մասով՝ ցույց տալով, որ այդ ժամանակ իրենք առանց որեւէ խոչընդոտի տրամադրել էին այդ տվյալները, ինչո՞ւ հիմա չեն տալիս, բայց ՊԵԿ-ից որեւէ հոդաբաշխ պատասխան այդպես էլ չստացանք՝ «այն ժամանակ տրամադրել են, հիմա՝ ոչ»։ Այսինքն՝ այն ժամանակ այն իշխանությունն էր, կարելի էր, հիմա այս իշխանությունն է, եւ արդեն օրենքի խախտում է։ Մինչդեռ օրենքի խախտում է չտրամադրելը, երբ մամուլի ազատությունը գերակա շահ համարող նոր կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն մամուլից թաքցնում է այս տարրական ինֆորմացիան՝ ոտնահարելով տեղեկատվություն ստանալու մեր օրինական իրավունքն ու խախտելով տեղեկատվության ազատության մասին օրենքը։

Թե ինչու է ՊԵԿ-ը որոշել թաքցնել հեղափոխությունից հետո Հայաստան ներկրվող շաքարի, բանանի կամ հավի մսի քանակական տվյալները՝ ըստ կազմակերպությունների, կարելի է կռահել։ 2017-ին, երբ մենք նույն ՊԵԿ-ի տրամադրած տվյալների հիման վրա հրապարակեցինք «Շաքարի մոնոպոլիան՝ կոնկրետ թվերով» վերտառությամբ հոդվածը, շատ պարզ ու հանրամատչելի ձեւով ներկայացրել էինք, թե ինչպես է Հայաստանում Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը բացարձակ մենաշնորհային դիրք գրավում շաքարի ներկրման եւ վաճառքի շուկայում։

Պարզ օրինակ՝ կառավարությունը հայտարարում էր, թե շաքարի շուկայում մոնոպոլիա չկա, ով ցանկանա, կարող է շաքար ներկրել, բայց արի ու տես, որ Հայաստան 2016 թվականին շաքար ներկրել է 22 ընկերություն, որից ամենախոշոր ներկրողը եղել է «Ալեքս Գրիգը»՝ նախկին ու ներկա իշխանությունների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը։ Այն ներկրել է շուրջ 58 հազար տոննա շաքար, իսկ նրանից հետո երկրորդ խոշոր ընկերությունը «Կոկա-կոլա»ն էր՝ ընդամենը 1400, երրորդը՝ «Ջերմուկ գրուպը»՝ 450 տոննա, որոնք շաքար ներկրել են ոչ թե վաճառելու, այլ իրենց արտադրության մեջ օգտագործելու համար։ Եվ այսպես, ցանկում մինչեւ 100 կգ ներկրող է եղել։ Այսինքն՝ կառավարությունը 100 կգ ներկրողին հավասարեցնում էր Լֆիկի 58 հազար տոննայի հետ ու համարում, որ մոնոպոլիա չկա։ Մինչդեռ սա բացարձակ մոնոպոլիայի ամենավառ ապացույցն էր՝ կոնկրետ թվերով։

Նույն պատկերն է նաեւ այժմ՝ հեղափոխությունից հետո, էլի շաքարի շուկայում առաջատարը Լֆիկն է։ Եվ որպեսզի համոզվեինք, որ իսկապես Նիկոլ Փաշինյանը վերացրել է մոնոպոլիաները, եւ Ալեքսանյանի ընկերությանը հավասար մրցակիցներ են հայտնվել, խնդրեցինք, որ ՊԵԿ-ն անվանական տրամադրի այդ տվյալները։ Բայց չտրամադրեցին՝ թաքնվելով օրենքի հետեւում եւ հաստատելով մեր կասկածները։ Այսինքն՝ ստացվում է, որ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք ՊԵԿ-ն օրե՞նք է խախտել, առեւտրային գաղտնի՞ք է բացահայտել։ Կարճ ասած՝ ՊԵԿ-ի այս գաղտնապահությունը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ թաքցնել Հայաստանում Լֆիկի, նաեւ բանանի եւ մյուս ապրանքների շուկայում մոնոպոլիայի շարունակականության փաստը։ ՊԵԿ-ն ընդամենը փորձում է թաքցնել իրականությունը, որ վարչապետին սխալ չհանի, ու չստացվի, որ Նիկոլ Փաշինյանի օրոք եւս շարունակվում են հին բարքերը, դրան գումարած՝ տեղեկատվություն չտրամադրելու փորձերը։