Ի՞նչ է արել կառավարությունը իր հակաճգնաժամային մինչև 7-րդ ծրագրերով

Ի՞նչ է արել կառավարությունը իր հակաճգնաժամային մինչև 7-րդ ծրագրերով

Այս ընթացքում, վերջին 2 օրերին, հակաճգնաժամային ծրագրերի շրջանում շահառուների համար իմպլեմենտացվել են շուրջ 3 միլիարդ 671 միլիոն դրամի ծրագրեր։

Այս մասին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ասուլիսի թեման կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերի ընթացքն է։ Ասուլիսին մասնակցում էին նաև էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը հաստատել է հակաճգնաժամային 10 ծրագիր։ Մհեր Գրիգորյանն ասաց, որ դրանցից վեցն այլևս ուժի մեջ են։ 

Փոխվարչապետ Գրիգորյանը նախ ներկայացրեց, թե ինչ թվեր ունենք ապրիլի 8-ի երեկոյի դրությամբ։

«Երեկվա դրությամբ ամփոփեցինք միջոցառումների իմպլեմենտացման ընթացքը, արդյունքում պարզ դարձավ, որ միջոցառումներով հասանելի գումարների ընդհանուր չափը երեկվա դրությամբ կազմել էր 3 միլիարդ 671 միլիոն դրամ, և համարում ենք, որ սա վատ արդյունք չէ, սա երկու օրվա արդյունք է»,- Մհեր Գրիգորյանը հավելեց, որ այսօր հաստատվել է ևս մեկ ծրագիր, որը վերաբերում է միկրոբիզնեսին։ Ըստ էության, չգրանցված անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց, որոնք գործում են որպես անհատ։

7-րդ միջոցառման մասին կհայտարարվի վաղը, իսկ 8-ը, 9-ը և 10-ը կառավարությունը ծրագրում է սկսել երկուշաբթի օրվանից։

Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ արդեն հասանելի է 4-րդ և 6-րդ ծրագրերի ֆինանսավորումը, արդեն երկու օր է՝ շահառուները կարողանում են ստանալ գումարները։ Խոսքը, հիշեցնենք, մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն անձանց մասին է, ովքեր ազատվել էին աշխատանքից մարտի 14-23-ն ընկած ժամանակահատվածում։ Եվ վեցերորդ ծրագիրը նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց մասին է, որոնք երեխաներ չունեն։ Բաթոյանն ասաց, որ քաղաքացին կարող է ստուգել՝ ծրագրի շահառու հանդիսանո՞ւմ է, թե՞ ոչ, արդեն գործարկված SSN օնլայն կայքում մուտքագրելով իր տվյալները։

Վաղն էլ կսկսվի միայնակ հղի կամ այն կանանց համար ծրագրերի իրականացումը, որոնց ամուսինները չեն աշխատում։ Ունեն տվյալներ շուրջ 15 հազար հղի կնոջ մասին, բայց նրանք բոլորը շահառու չեն, և նախ` այդ տվյալները պետք է համադրվեն ՊԵԿ-ի ու այլ կառույցների տվյալների հետ, բայց այս պահին նրանցից 3500-ից ավելի հղի կին իդենտիֆիկացված է։ Փողը հատկացվելու է կանանց կողմից դիմումներով։