Այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին 

Այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին 

Դեռևս 100 տարի առաջ էր արևմտահայ բանաստեղծ և ազգային գործիչ Ռուբեն Սևակը Եվրոպան բնորոշել էր որպես «դիվանագետ պոռնիկ»: Եվ չնայած վերջին 100 տարում հսկայական փոփոխություններ են կատարվել աշխարհում և այդ թվում՝ հենց նույն Եվրոպայում, սակայն մենք այսօր էլ ենք ստիպված հիշել այդ բնորոշումը և համաձայնվել դրան: Բայց մեզանում դեռևս բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր իրենց գրագետ, խելացի ու հայրենասեր են համարում, սակայն չեն ձերբազատվել «Արևմուտքը մեզ կօգնի» մանկամիտ երազանքից: Հենց մանկամիտ, քանի որ լուրջ անձնավորության համար մեկ անգամվա սխալը բավարար է, որպեսզի նա այլևս չկրկնի այն:
Արևմուտքի երկերեսանիության հերթական դրսևորումը բացահայտվեց ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում: Փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի զինուժը հատուկ ռազմական գործողության շրջանակում ճշգրիտ կետային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական հենակետերին՝ զորամասերին, բազաներին, պահեստներին, օդանավակայաններին և այլն: Այսինքն՝ ռուսական հարվածները չէին նշանառել քաղաքացիական ենթակառուցվածքները: Դա պատասխան էր Ուկրաինայի արևելքի ռուսական հոծ բնակչությամբ Դոնեցկի և Լուգանսկի վրա ուկրաինական զինուժի հարձակմանը: Սակայն համարյա ողջ Արևմուտքը մեկ մարդու նման դատապարտեց ռուսական զինուժի գործողությունները: 

Ու ես մտաբերեցի 2020 թվականի սեպտեմբերի 27-ը: Ու մտաբերեցի նաև, որ մեր դեպքում քրիստոնեական և ժողովրդավարական Արևմուտքը թքած ուներ թե՛ քրիստոնյա հայերի և թե՛, այսպես կոչված, ժողովրդավարական Հայաստանի վրա: Տեսնես՝ ինչո՞ւ էր այդպես: Տեսնես՝ ինչո՞ւ Արևմուտքը նույն հակազդեցությունը չցուցաբերեց ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ: Չնայած դրա համար կային բոլոր հիմքերը: Ադրբեջանը, նախ, խախտել էր հենց Արևմուտքի կողմից ընդունված ուժի չկիրառման սկզբունքը: Եվ ապա՝ ռմբակոծում և հրետակոծում էր խաղաղ բնակավայրերը, օգտագործում միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական զենք: 
Երևի Ադրբեջանին թույլատրված էր այն, ինչ այսօր փորձում են արգելել Ռուսաստանին, այո՞:

Մարդ ինչպես չհիշի հին հունական ասցվածքը՝ «Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»: Փաստորեն Արևմուտքի աչքին ռասիստ Իլհամը Զևս է, կատակերգակ Զելենսկին ևս Զևս է, իսկ իր ազգի և երկրի արժանապատվությունը պահպանած Պուտինը՝ եզ: Ես շատ կուզեի, որ երեկ և այսօր իմ երկրի ղեկավարը լիներ ոչ այն անձը, ում հարբեցող անվանելով ձեռք է առնում մեր թշնամին, այլ Պուտինի նման մեկը: Ու մեր երկիրը ոտքի կանգներ ու ինքնուրույն կարողանար պաշտպանել իր սահմաններն ու արժանապատվությունը, և ոչ թե  պարտված վիճակում խաղաղություն մուրար մեր դարավոր թշնամուց: