Ապօրինությունների շղթա՝ անունդ Գագիկ Ջհանգիրյան է

Ապօրինությունների շղթա՝ անունդ Գագիկ Ջհանգիրյան է

Կարող ենք արձանագրել, որ կես տարվա ընթացքում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը բռնությամբ եւ ուժով զավթեց իրեն չպատկանող պաշտոնը։ Նախ՝ օրենքի խախտմամբ Ազգային ժողովի կողմից ընտրվեց ԲԴԽ անդամ՝ երբ իր տարիքը վաղուց անցել էր այդ պաշտոնի համար թույլատրելի շեմից։ Ապա կամակատար իրավապահների ձեռքով քրեական կեղծ գործ հարուցեցին Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ եւ նրան անօրինական զրկեցին պաշտոնից։ Հետո՝ դատարանը այդ գործընթացն անօրինական ճանաչեց եւ ցանկացած քիչ թե շատ օրենքը հարգող երկրում, Վարդազարյանին արագ կվերականգնեին պաշտոնին, բայց ոչ Հայաստանում, որտեղ պաշտոնյաների աշխատել-չաշխատելը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի միանձնյա կամքով։ 

Հետո ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակում գործել որպես լիարժեք ԲԴԽ նախագահ եւ սկսեց դատական համակարգը ենթարկեցնել իրեն՝ փոփոխություններ անել, որոշումներ կայացնել, դատավորներ նշանակել-պատժել։ Հիմա էլ որոշել է լրատվամիջոցներին զրկել ինֆորմացիայից՝ ասուլիս է հրավիրում իր համար հաճելի լրատվամիջոցների մասնակցությամբ, մյուսներին զրկելով ասուլիսը լուսաբանելու հնարավորությունից։ Եւ դա անում է իր նորանշանակ մամուլի խոսնակի ձեռքով՝ «Ֆակտոր․ամ»-ից ԲԴԽ խոսնակ դարձած Լիլիթ Շաբոյանի միջոցով։