Մասնագիտակա՞ն, թե՞ արտակարգ

Մասնագիտակա՞ն, թե՞ արտակարգ

Դատական համակարգի բարեփոխումների արդյունքները քայլ առ քայլ չեղարկվում են եվրաչինովնիկի կողմից «ժողովրդավարության փայլուն աստղ» բնորոշված երկրի իշխանության կողմից: Իսկ այդ բարեփոխումներն իրականացվել են նախկինների կողմից արևմտյան և հատկապես եվրոպական կառույցների ֆինանսական և մասնագիտական աջակցությամբ: Չնահած դրան՝ չեղարկման գործընթացը լռության է մատնվում նույն այդ կառույցների կողմից: Ժամանակին ընդդիմադիր գործիչ Նիկոլն այդ կառույցների ներկայացուցիչներին անվանում էր «եվրոյոնջաներ»: Պարզվում է, որ ընդդիմադիր գործիչ Նիկոլն այդ հարցում ճիշտ էր: Ի դեպ, ընդդիմադիր Նիկոլը շատ հարցերում հաստատ ճիշտ էր. օրինակ, որ եթե շուրջ 350 մլրդ դոլարանոց ՀՆԱ-ով Դանիայի Թագավորությունն ուներ ընդամենը ծառայողական քսան ավտոմեքենա («պադավատ»), ապա ինչո՞ւ պիտի 13-14 մլրդ դոլարանոց ՀՆԱ-ով ՀՀ-ն ունենա մի քանի տասնյակ անգամ ավելի: Վերադառնանք «եվրոյոնջայության» ֆենոմենին. այն բացահայտվեց հատկապես 2018-ի գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Դատական համակարգի անկախությունը ոչնչացնելու բազմաթիվ դրվագների նկատմամբ արևմուքից կա՛մ ոչինչ չի լսվում և կա՛մ եթե որևէ բան է ասվում, ապա այն գործնական կամ նույնիսկ խոսքային մակարդակում շարունակություն չի ունենում: 

Կոնկրետ այդ ոլորտում իշխանության գործունեության նկատմամբ ճապոնական երեք կապիկների՝ «չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում» վարքագիծ են դրսևորել նաև քաղաքացիական հասարակության հայաստանյան բազմաթիվ կազմակերպություններ: Եվ եթե կապիկների կողմից նման վարքագիծ դրսևորելն, ըստ ճապոնացիների, նշանակում է չարից պաշտպանված լինելու երևույթ, ապա հայաստանյան կազմակերպություններն այդ վարքագծով մի բան էլ ուժ են տալիս չարին: Այս տեսակետից ընդհանրացնելով «եվրոյոնջայության» վերաբերյալ Նիկոլի բնորոշումը՝ կարող ենք ասել, որ նույնն ամբողջությամբ վերաբերում է հայաստանյան կազմակերպություններին: Նրանց, ովքեր տարիներ շարունակ պայքարել են դատական համակարգն իշխանությունների ազդեցությունից դուրս բերելու համար: Ի դեպ, ըստ Վիքիպեդիայի, կապիկների ընտրությունը որպես խորհրդանիշ ենթադրաբար պայմանավորված է բառախաղով։ «Չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում» արտահայտությունը ճապոներենով հնչում է որպես «միձարու, կիկաձարու, իվաձարու»: Իսկ այդ բառերի «ձարու» վերջավորությունը համահունչ է «կապիկ» բառին։

Ընդհանրական և ճանաչողական մասից անցում կատարենք հենց այն խնդրին, ինչի համար գրվել է այս հոդվածը: Դատական համակարգի չեղարկման առանցքային դրսևորումներից մեկը ծրագրային պատահական տարբերակի փոխարեն ձեռքով այս կամ այն գործն այս կամ այն դատավորին մակագրելն է: Բնականաբար, իշխանության «սրտի դատավորներին» են մակագրվում քաղաքական հնչեղության քրգործերը: Եվ որպեսզի դա տեղի ունենա՝ կես տարուց ավելի է, ինչ ծրագրայինն ապահովող սերվերը ինչ-որ քրգործի շրջանակում առգրավվել է ԱԱԾ-ի կողմից: Քրգործը չգիտեմ, բայց որ դա հատուկ նպատակով է արվել՝ հասկանալի է բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ են այս ոլորտից: Երկրորդ կարևոր հարցը կարգապահական վարույթներն են, և հենց այդ հարցերով խորհրդարանական ընդդիմության կողմից կազմակերպված ժամանակավոր քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստին պարզաբանումներ տվեց ԲԴԽ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կասեցված Ռուբեն Վարդազարյանը: Նիստին հրավիրել են մասնակցելու նաև ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ու արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Բայց նրանք, բնականաբար, մերժել են հրավերը: ԱԺ ՔՊԿ խմբակցության կողմից սաբոտաժի հետևանքով խնդիրներ ունի նաև ժամանակավոր քննիչ հանձնաժողովը, բայց դա այլ խոսակցության նյութ է:

Կարծում եմ, որ հանձնաժողովի առանձին նիստ կնվիրվի նաև «ժողովրդավարական» Հայաստանում օրենքով ստեղծված հատուկ դատարանին: Այն քննում է քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց կալանավորման հարցերը: Հատուկ այդ դատարանում դատավորներ են կարգվել երիտասարդ «հեղափոխականները», որոնք համալրել են Նիկոլի «սրտի դատավորների» շարքը: ՀՀ Սահմանադրության հոդված 163-ով թույլատրվում է մասնագիտացված դատարանների ստեղծումն օրենքով:

Միաժամանակ,  արգելվում է արտակարգ դատարանների ստեղծումը: Բայց քանի որ, ինչպես ասվում է, հայոց լեզուն խիստ ճկուն է, գործող իշխանության կողմից ստեղծվեց համարյա թե արտակարգ դատարան, սակայն անունը դրվեց մասնագիտացված դատարան: Այն չի կարող համարվել մասնագիտացված, քանի որ դատավարական գործընթացի հիմնական (կամ առաջանային՝ հերթականությամբ հաշված) փուլերից մեկը հենց նախնական կալանավորում տալու փուլն է: Եվ այն որպես երևույթ նույնական է բոլոր տեսակի դատավարությունների դեպքում: Եվ, բնականաբար, որպես մասնագիտական փուլ դիտարկվել չի կարող: Որքան էլ ճկուն լինի հայոց լեզուն՝ տարբեր տեսակի գործերի ընդհանրական գործընթացի մի մասը չի կարող առանձնացվել որպես առանձին տեսակ: Սակայն հանգիստ կարող է դիտարկվել որպես արտակարգ փուլ և ըստ այդմ՝ արտակարգ դատարան: