Խառը ժամանակներ են

Խառը ժամանակներ են

Վերջերս անցյալի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին հարցրեցի, թե ինչո՞ւ չի խոսում, ինչո՞ւ աղմկահարույց բացահայտումներ չի անում, չէ՞ որ ինքն ամենայն մանրամասնությամբ տիրապետում է 1990-ականների և 2000-ականների գրեթե բոլոր քաղաքական անցքերին ու իրավական առեղծվածներին։ Մի քանի վայրկյան մտածելուց հետո անցյալի պաշտոնյան հեգնական ժպիտով պատասխանեց հետևյալը․ «Կխոսեմ այն ժամանակ, երբ վստահ կլինեմ, որ իմ ասածների հետևից գնացողներ կլինեն»։ Պատասխանն իհարկե ուշագրավ էր և ինչ-որ իմաստով նաև անսպասելի։ 

Վարչապետ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն օր ու գիշեր խոսում են անցյալի ու ներկայի հանցագործներին «ասֆալտին փռելու» անհրաժեշտության մասին։ Նրանք բարձր տոնայնությամբ և ինքնավստահ դեմքի արտահայտությամբ հայտարարում են, թե կոռուպցիան և ընդհանրապես «գողական» ենթամշակույթը արմատախիլ են արվելու, իսկ քաղաքական հանցագործներն էլ հայտնվելու են ԱԱԾ մեկուսարանում։ Եթե բարձրագոչ այս հայտարարություններին ավելացնենք նաև վարչապետի կողմից պարբերաբար հրապարակվող մանիպուլյացիոն վիճակագրական տվյալները, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե մենք երկնային Երուսաղեմում ենք ապրում, որտեղ հայտնվել ենք մեր «օծյալ փրկչի»՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։ 

Լա՛վ, եթե կառավարող թիմն անզիջում և հաստատուն պայքար է մղում, ապա ինչո՞ւ են մարդիկ խուսափում և խուսանավում, ինչո՞ւ է տիրապետող այն կասկածը, որ իրական բացահայտումների հետևից գնացող չի լինելու և ամեն ինչ «գրվելու է սառույցին»։ Նախկին պաշտոնյայի խոսքի մեջ առկա էին անկարողությունն ու անվստահությունը։ Նա չէր խոսում կամքի բացակայության մասին, պարզապես ակնարկում էր, որ կառավարող թիմը պատրաստ չէ որևէ լուրջ գործողություն իրականացնել և անկարող է ամենն այդ հասցնել տրամաբանական ավարտի։ 

Իհարկե ես համաձայն եմ նրա այս ուշագրավ ակնարկի հետ։ Իսկապես խառնակ ժամանակներում ենք ապրում, երբ շները չեն ճանաչում իրենց տերերին, իսկ տերերն էլ ազատ են արձակել իրենց շներին։ Չկա այնպիսի մի արժեքային միավոր, որից կկարողանանք կառչել ու որի միջոցով հնարավոր կլինի դիմագրավել խառնակ ժամանակաշրջանի պարտադրած մարտահրավերներին։ Դրսում ցուրտ է, իսկ «ունիտազները»՝ ճաքած, բանից պարզվում է, որ «բլինչիկներն» էլ արդեն ժամանակավրեպ են։ Այս ամենի հետ զուգընթաց վարչապետի ենթակայության տակ գնտվող կառույցները դիմադրում են իրենց «գերակային», իսկ Հայաստանն էլ մի մեծ հակահեղափոխական դավադրության մեջ է, որի դեմ պայքարում են ոչ վաղ անցյալում հեղափոխական դարձած հակահեղափոխականները։

Մի խոսքով՝ հացը կա, տեսարանը՝ նույնպես, էլ ի՞նչ է պետք։ Թերևս ոչինչ, զանգվածային մշակույթի փշրանքներով սնվողներին ոչինչ էլ պետք չէ, քանի որ բառադիությունն ու կիսատ-պռատությունը արդեն իսկ պետության հիմքերում է։ Սա իհարկե վտանգավոր հայտնություն է և վտանգավոր առաջին հերթին պետության անվտանգության տեսանկյունից։ Երբ առաջնային խնդիրները երկրորդական պլան են մղվում, վեթինգին փոխարինում է Սահմանադրական դատարանի դատավորներին օրենքով կաշառելու նախաձեռնությունը, իսկ անցումային արդարադատություն եզրույթն էլ անհետանում է մեր լեզվամտածողությունից, կարծես թե, դրա մասին խոստումներ ոչ էլ եղել են։ Կարևորն իհարկե ֆեյսբուքում ստատուս գրել-ջնջելու գործողությունն է, քանի որ երբեմն պարզվում է, որ ՀՀ վարչապետին սխալ վիճակագրական տվյալներ են փոխանցում և նա խայտառակ է լինում ամբողջ աշխարհի առջև։ Ահա այսպիսի խառնակ իրավիճակում ենք ապրում և այսքանից հետո ուզում ենք, որ մարդիկ խոսեն ու բացահայտումներ անեն։ Ինչի՞ համար խոսեն, որ կառավարող թիմն անկարողություն դրսևորի՞, իսկ խոսողն էլ․․․