Հայաստանի ժողովրդի անունից մի՛ խոսեք

Հայաստանի ժողովրդի անունից մի՛ խոսեք

 Եվ այսպես, իշխանականները, իրար հերթ չտալով անկշռադատված ու անմիտ հայտարարություններ ու քայլեր են անում, որոնք շուտով Հայասատանը կտանեն տնտեսական ու ռազմական փորձությունների: Վարչապետն՝ իր թիմակիցներով, կարծես թե մրցավազքի են դուրս եկել, թե ով ավելի շատ կհամարձակվի «ցավեցնել» Ռուսաստանին, որպեսզի ապացուցի իր «անկեղծ» սերը Եվրոպայի նկատմամբ: Ու այս ամենն անում են հայ ժողովրդի անունից: 

Օրերս էլ թուրքական TRT World-ին տված հարցազրույցում  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չբացառելով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելը, ասաց. «Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և, ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել»: Սա ոչ պրոֆեսիոնալ դիվանագետի մոտեցում է՝ չիմանալ քայլերի գործընթացի ավարտը, բայց գնալ դրանց՝ առանց ռիսկերը հաշվի առնելու, առանց կշեռքի նժարին դնելու Հայաստանի սպասվող  տնտեսական ու արտաքին ռիսկերը, փոխել երկրի արտաքին վեկտորը: Ու այս ամենը՝ շահարկելով Հայաստանի ժողովրդի անունը:

Մի խմբակ, որը իշխանության եկավ ժողովրդին սիրաշահելով ու սեր խոստանալով, սակայն հիմա այդ ժողովրդից բաժանվում ու պաշտպանվում է անվտանգության զորքերով ու զենքով,  արտաքին աշխարհում դեռ «երեսատեղ» ունի եւ խոսում է, հանդես է գալիս այդ ժողովրդի անունից: Փաշինյանն իր թիմով այսօր չունի իշխանություն՝ ժողովրդի վստահությունը: Վերջին համապետական ընտրություններում 68 հազար ձայն ստացած իշխանությունից այսօր արդեն դժգոհ են եւ հրաժարական են պահանջում գրեթե բոլորը՝ անգամ՝ Պողոսները: Այլ հարց է, որ իշխանությունը ամեն ընդվզում չեզոքացնում, խեղդում է ոստիկանական ուժերի կիրառմամբ: 

Այո, Հայաստանի ու ՌԴ-ի հարաբերությունները վերջին տարիներին ոչ բարեկամական ու ոչ դաշնակցային են: Դրան նպաստել են Փաշինյանի թիմի հակառուսական քայլերն ու հայտարարությունները: Մեր դժվար պահին էլ ՌԴ-ն իրեն չպահեց հայ ժողովրդի բարեկամի նման՝ վրեժ լուծելով Փաշինյանենցից: Սակայն, հայաստանցիների մոտ կա գենետիկ հիշողություն, ու չի մոռացվել, թե ինչպիսի «դաշնակից» է մեզ համար Եվրոպան, նրա «պաշտոնական ներկայացուցիչ» Թուրքիան, եւ ինչպիսի դաշնակից է Ռուսաստանը: Ինչ-ինչ, գոնե տնտեսական առումով ՌԴ-ի կարեւորությունը Հայաստանի համար Հայաստանի ժողովուրդը լավ է հասկանում. ՌԴ-ում են աշխատում հայաստանցիների հարազատների մեծամասնությունը եւ այնտեղից եկող տրանսֆերների հաշվին են այստեղ ապրում շատերը, հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչները: Հայկական ապրանքը արտահանվում է հիմնականում ՌԴ: Մենք ՌԴ-ի հետ կապված են վառելիքաէներգետիկ եւ այլ շատ առումներով: Ի վերջո, մեր դարավոր թշնամու սահմանին կանգնած են ռուսական զինվորականները, ռուսական ռազմաբազան զսպաշապիկ է նրանց համար: Այս եւ այլ հարցեր Հայաստանի ժողովուրդը լավ է գիտակցում, որքան էլ արտաքին գործակալական կապերի մեջ կասկածվող իշխանությունը հակառուսկան քարոզչությամբ հասել է ատելության որոշակի  տրամադրությունների տարածման, Հայաստանի ժողովուրդը չի ցանկանում փոխել իր երկրի արտաքին վեկտորը: Եվրոպան Հայաստանի «սիրուց չի հալվում», այլ հալվում է Ռուսաստանին վնասելու, Հարավային Կովկասից դուրս հանելու եւ նոր ռազմական փորձությունների մեջ ներքաշելու մոլուցքով: Ու որպես հարմար գործիք օգտագործում է Հայաստանն ու Հայաստանի կասկածելի իշխանություններին: Իսկ ցանկացած արդյունքին հասնելու դեպքում Եվրոպան Հայաստանը նվիրելու է Թուրքիային, եւ դա չի թաքցնում:  

Ուստի, Արարատ Միրզոյանը, Փաշինյանն այլեւս մեր՝ Հայաստանի ժողովրդի անունից հանդես գալու իրավունք չունեն, քանի դեռ հանրաքվեով «եվրոպասեր» տրամադրությունները չեն հաստատվել: Այդ հայտարարություններին չպետք է լուրջ վերաբերվեն ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը: