Չար եւ բարի ոստիկանների ֆենոմենը

Չար եւ բարի ոստիկանների ֆենոմենը

Երբ դիտարկում եմ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ, ապա արևմտյան բարքերում և մտածողության մեջ գործածվող չար և բարի ոստիկանների ֆենոմենն եմ հիշում: Առաջինը, բնականաբար, կատարում է չարի դերը, երկրորդը՝ բարու: Տվյալ կառուցվածքում հանցանք կամ զանցանք կատարած անձի դերը, դժբախտաբար, վերապահված է մեր երկրի ղեկավարին: Կուզեի, որ դա լիներ այլ երկրի ղեկավար, և ես կարողանայի չեզոք դիտարկում կատարել: Ինչևէ, ակնհայտ երևում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հոգով տրվում է իր դերակատարմանը: Մարդը որոշել է բացել խաղաղ դարաշրջան և ձգտում է կյանքի կոչել իր մտադրությունը: Եվ որևէ նշանակություն չունի, որ դրա իրագործման ընթացքը կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար: Բայց դա կա՛մ չի ընկալվում և կա՛մ անտեսվում է նրա կողմից: Եվ տվյալ դեպքում կրկին կյանքի է կոչվում վերջինիս «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» սխալ թեզը: Այն բազմիցս ցույց է տվել իր վտանգավոր բնույթը: Եվ ես անընդհատ խոսում եմ այդ թեզի մասին՝ գիտակցելով հանդերձ, որ դա ձայն բարբառո հանապատի է:

Վերադառնանք չար և բարի ոստիկանների երևույթին: Խոսքը բնականաբար մեր անմիջական հարևանների մասին է՝ արևելքից և արևմուտքից: Եթե արևմտյանի առումով կարող եմ հանգիստ օգտագործել «դեր կատարել» արտահայտությունը, նույնը չէ առաջինի առումով: Այն չար է իր էությամբ ու, բնականաբար, չարի դեր կատարելու խնդիր չունի: Բերեմ ամենաթարմ օրինակը. հայ-ադրբեջանական «երկխոսության» հերթական թեման վերաբերում էր Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցման հերթական դրսևորմանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքները խոչընդոտելուն: Արարատ Միրզոյանի խոսքին ի պատասխան՝ Բաքվից հերթական անգամ, առանց «Լեռնային Ղարաբաղ» անվանումը տալու, Արցախի Հանրապետության տարածքը հիշատակվում է որպես «իրենց երկրի ինքնիշխան հողեր»: Միաժամանակ, դիվանագիտական ապտակ տրվում ՀՀ ԱԳՆ-ին առ այն, որ «երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանություններն այս առնչությամբ տեղին չեն և անհիմն են»։ Դրանից հետո, եթե Հայաստանոն ունենար պետական շահով առաջնորդվող իշխանություն կտար պատասխան կամ կդիմեր Մինսկի խմբի համանախագահներին: Բայց քանի որ նման իշխանություն չունենք՝ մեր ԱԳՆ-ն լռեց, և «երկխոսության»  այդ փուլն ավարտվեց մեր պարտությամբ:   

Մեկ այլ օրինակ. ասվածի (խոսքը դիվանագիտական ապտակի մասին է) հավաստում է Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ Նիկոլի իշխանության առաջարկների նկատմամբ ադրբեջանական վերաբերմունքը: Հայաստանյան առաջարկները Բաքվում բնորոշել են որպես նախապայման: Եվ դրա առումով ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել է, որ «Հայաստանը, որը 30 տարի «օկուպացրել» է «ադրբեջանական հողերը», չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանազատման հարցում որևէ պայման դնելու»: Եվ դա այն դեպքում, երբ Նիկոլը կատարում է Իլհամի բոլոր ցանկությունները: Եվ եթե ասվածին ավելացվի, որ Ադրբեջանում որպես պետական քաղաքականություն վաղուց տարվում է հայատյացությունը՝ այդ թվում դպրոցական դասագրքերի մակարդակով, ապա պարզ է, թե որքան անիրագործելի է այդ երկրի հետ նորմալ դրացիության հաստատումը: Ի դեպ, այս հարցն արժանի է առանձին հոդվածով ներկայացման:  

Մի երևույթ էլ արձանագրեմ. Հայաստանի ԱԳ նախարարության կամ հենց նախարարի շուրթերով շարունակ բողոք է հնչում Փաշինյան Նիկոլի նախաձեռնած «խաղաղ դարաշրջանի մեկնարկի» առումով Ադրբեջանի ղեկավարության հրահրած խոչընդոտների վերաբերյալ: Մեկ-մեկ, շատ ավելի թույլ տոնայնությամբ, դրա մասին խոսում է նաև նախաձեռնության հեղինակը: Եվ մարդ այնպիսի տպավորություն է ստանում, որ վերջինս ադրբեջանական հակահարվածին դեմ է տալիս իր նախարարին: Իսկ հակահարվածը երբեք չի ուշանում: Եվ, բնականաբար, այն սովորաբար հնչում է ոչ թե նախարարի մակարդակով, այլ ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևայի: Ինչով հերթական անգամ ցույց է տրվում, թե ով է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Սամվելի Միրզոյանը և ով ԱՀ ԱԳ նախարար Ջեյհուն Ազիզ օղլի Բայրամովը: Բայց դա մեր իշխանությունը չի նկատում կամ չի ցանկանում նկատել՝ իրեն դնելով հայտնի կենդանու տեղը:  

Ինչ մնում է բարի ոստիկանին, ապա նա չի խառնվում հայ-ադրբեջանական «երկխոսությանը»: Ընդամենը հայտարարում է, որ ինքն պաշտպանում է բոլոր առումներով Ադրբեջանի շահերը: Բայց պատերազմից այս կողմ բացահայտ «չարություն» էլ չի անում: Դրա փոխարեն, ժամանակ առ ժամանակ, դրական ազդակներ է հղում Հայաստանի իշխանությանը: Այդ ազդակների արդյունքում, օրինակ, վերկանգնվեց Երևան-Ստամբուլ չվերթը:  Իսկ վերջերս էլ մեր երկրին վերաբերող ինչ-որ որոշումներ է կայացնում ու դրանց մասին հայտարարում հրապարակայնորեն: Ու մեր երկրի ղեկավարին մնում է ընդամենը շնորհակալական համաձայնություն հայտնել: Թեկուզ ձևական առումով մեր արձագանքը կարող է նաև մի թեթև ձգձգվել՝ իբրև թե սեփական որոշում ցուցադրելու նպատակով: Ինչը, բնականաբար, անլուրջ է, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի հետ մեր փոխհարաբերություններում որոշող կողմը զուտ թյուրքականն է: Իսկ մեզ, Փաշինյան Նիկոլի չորսամյա վարչապետության շնորհիվ, վերապահված է ընդամենը թյուրքական որոշումներին համաձայնություն տալու և, որ ամենակարևորն է, դրանց համար շնորհակալություն հայտնելու գործառույթը: