Առաջարկում եմ շինհրապարակը հայտարարել ամերիկյան օրենսդրությամբ տարածք

Առաջարկում եմ շինհրապարակը հայտարարել ամերիկյան օրենսդրությամբ տարածք

Եթե թշնամին գտնվում է քո նկատմամբ ավելի հարմար դիրքում, ապա չի կարող այն չօգտագործել: Դա, ինչպես հայտնի է, ռազմագիտության տարրական կանոն է: Ու եթե դու չես հասկանում այն ի սկզբանե, ապա ստիպված ես կորուստների գնով հասկանալ: Հայ-ադրբեջանական սահմանի բազմաթիվ հատվածներում Փաշինյան Նիկոլի վարչապետության շնորհիվ հաստատվել է հենց այդպիսի իրավիճակ: Կարող եմ ենթադրել, որ ոչ թե բազմաթիվ, այլ համարյա համատարած: Ասում եմ համարյա, հաշվի առնելով, որ առանձին պաշտպանական տեղամասերում կարող ենք ունենալ հրամանատարներ, որոնք չեն ենթարկվել ՀՀ գործող իշխանությունների կողմից որդեգրված՝ «անմշակ տարածքների համար կռիվ հո՞ չէինք անելու» հակապետական և դավաճանական մտայնությանը: Բայց այժմ ցանկանում եմ ներկայացնել ոչ թե այդ բացառիկ տեղամասերից մեկը, այլ հենց համատարածից մեկ օրինակ: Խոսքը վերաբերում է Երասխի ուղղությամբ սահմանին: Ավելի ճիշտ, Երասխի տարածքում սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի կամ, ավելի ճիշտ, ամրանի (արմատուրայի) և պողպատե գնդերի ձուլարանի կառուցման խնդրին: 

Ինչպես հայտնի է, էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի փիառվելու ձգտման հետևանքով արդեն մի քանի ամիս տևող շինարարությունը սկսեց ենթարկվել ադրբեջանական գնդակոծումների: Ադրբեջանական դիրքերը գտնվում են սարի վրա, իսկ շինհրապարակն անմիջապես դրա տակ: Ինչպե՞ս կարող է թշնամին բաց թողնել այդ հնարավորությունը: Իհարկե, չի կարող, և արդեն մի քանի շաբաթ շարունակ գնդակոծում է տարածքը: Հիշեցնեմ, որ դրան նախորդել էր Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունը, որ մետալուրգիական գործարանի աշխատանքը էկոլոգիական խնդիրներ է առաջացնելու այդ տարածքում: Ի՞նչ մետալուրգիական գործարան՝ կհարցնի ուշիմ ընթերցողը: Չէ՞ որ դուք գրում եք ընդամենը մետաղաձուլարանի մասին: Շատ ճիշտ եք, հարգելի ընթերցող, բայց ողջ խնդիրը կայանում է նրանում, որ նախարար Քերոբյան Վահանն ինքն իրեն, չեղած տեղը, ավելի մեծ նշանակությունը տալու ձգտումով ընդամենը մեկ ձուլարանը ներկայացրել էր որպես ամբողջական գործարան:

Անցանք առաջ: Քանի որ անընդհատ գնդակոծումների ներքո աշխատել հնարավոր չէ, կառուցվող օբյեկտի ղեկավարությունը որոշել է դիմել առանձնահատուկ մի քայլի: Եթե Հայաստանը լիներ նորմալ պետություն՝ ինչպես նախկինների օրոք էր, ապա ադրբեջանական գնդակոծումներին մերոնք կպատասխանեին մեկը տասին ձևաչափով: Էլ չեմ ասում, որ նախկինների օրոք ադրբեջանական դիրքը չէր հայտնվի մեր տարածքի գլխավերևում: Բայց քանի որ արդեն հինգերորդ տարին է, ինչ Հայաստանի վարչապետի պաշտոնին է գտնվում նախկին «փրկիչ և դուխով» Նիկոլը, այդ տարբերակը չի կարող գործել: Էլ ինչ էր մնում «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ի սեփականատերերին, եթե ոչ Հայաստանի սուվերեն տարածքում Հայաստանի դրոշի հետ մեկտեղ ամերիկյան դրոշ տնկել: Չէ, այնպես չէ, որ ամերիկյան դրոշը տնկվել է մաքսանենգ տարբերակով: Երևի համապատասխան թույլտվություն էլ են ստացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Հատկապես, որ տվյալ ընկերության սեփականատեր են հանդիսանում հայաստանյան և ամերիկյան ընկերություններ: 

Կառուցվող գործարանի (կամ ձուլարանի) գործունեությունը կարելի է միայն ողջունել: Քանի որ, ինչպես պաշտոնապես է հաղորդվել, Հայաստանի տնտեսության համար անհրաժեշտ ամրանն ու պողպատե գնդերը ձեռք ենք բերում արտերկրից: Անկախությունից այս կողմ Հայաստանից արտահանվում է երկաթի ջարդոն, որի մեկ տոննան դրսում վաճառվում է 40 000-45 000 դրամով, իսկ դրա հիման վրա ձուլվող արտդրանքը ներկրվում է 9-10 անգամ ավելի թանկ գնով։ Տեղում արտադրելու դեպքում գումարը կմնա երկրում՝ դրան գումարած աշխատատեղերի ստեղծումը:

Սակայն ամերիկյան դրոշ տնկելով ադրբեջանական գնդակոծումներից պաշտպանվելը… Երկար մտածեցի, թե ինչ տեսք կարող է այն ունենալ, և պետք է խոստովանեմ, որ ոչինչ չգտա: Ընդամենը հիշեցի, որ միջնադարյան Եվրոպայում ասպետներն ունեին անհատական դրոշակներ, որոնց վնաս հասցնելը նույնն էր, թե տիրոջն անպատվելը կամ վիրավորելը: Եվ դա կատարող անձին հաստատ լավ ապագա չէր սպասվում: Բայց 21-րդ դարում ապավինել աշխարհի թեկուզ հզորագույն երկրի դրոշին՝ կներեք, չեմ կարողանում գտնել համապատասխան բառեր… Հատկապես, որ սարի գլխին բազմած ադրբեջանցիները կկրակեն ոչ թե դրոշի ուղղությամբ, այլ հենց տեխնիկայի և աշխատողների՝ ինչպես անում են մինչև այժմ: 

Հ.Գ. Խորհրդի կարգով. որպեսզի ադրբեջանցիները դադարեցնեն շինհրապարակի գնդակոծումը, առաջարկում եմ ամերիկյան Կոնգրեսի հետ համաձայնությամբ շինհրապարակը հայտարարել ԱՄՆ-ի հետ փոխկապակցված՝ ամերիկյան օրենսդրությամբ տարածք, և դա ամրագրել մեծ մի ցուցանակի վրա: Գուցե և օգնի՝ ի՜նչ իմանաս… 

Հ. Գ.-2 Հոդվածն արդեն պատրաստ էր տպագրության, երբ իմացանք, որ հենց այսօր` ԱՄՆ դրոշը Երասխի շինհրապարակի վրա կախելուց մի քանի ժամ անց ադրբեջանական զինուժը նորից է կրակել եւ վնասել տարածքում գտնվող ավտոմեքենաները: Այդ մասին ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել. «Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ»: Առնվազն միամտություն էր կարծել, թե ամերիկյան դրոշն ավելացնելու է մեր տարածքի պաշտպանվածությունը: