Տպավորություն է՝ հայկական կողմի օրակարգը թելադրում է պաշտոնական Բաքուն. Արման Աբովյան

Տպավորություն է՝ հայկական կողմի օրակարգը թելադրում է պաշտոնական Բաքուն. Արման Աբովյան

«Եթե բրյուսելյան հանդիպումը գնահատենք առանց ավելորդ էմոցիոնալ գնահատականների, ապա հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները կարելի է բնութագրել որպես «Ստոկհոլմյան սինդրոմի» բրյուսելյան բարդացում։ Կարճ ասած՝ եվրոպացիների միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը ավելորդ անգամ ցույց է տալիս, որ ամենամռայլ կանխատեսումները, ցավոք, իրականանում են»,- «Հրապարակին» ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Նրա խոսքով, Հայաստանը կամա թե ակամա (դա արդեն բնավ կապ չունի) սիստեմատիկ կերպով գործում է թուրք-ադրբեջանական տանդեմի ձեւավորած հակահայկական օրակարգում։ 
Աբովյանն ասում է. 

«Որ հասկանալի դառնա պահի լրջությունը պետք է վերհիշել, որ թուրք-ադրբեջանական օկուպացիոն տանդեմը երկու կարճաժամկետ խնդիր ունի.

1. Բանակցային ձևաչափից հանել Արցախի Հանրապետության և ընդհանրապես արցախյան հիմնախնդրի մասին ցանկացած հիշատակում և այս խնդիրը տեղափոխել «Ադրբեջանի ներքին խնդիրներ» կատեգորիա։

2. Թուրք-ադրբեջանական տանդեմը պետք է հնարավորինս արագ, ամենակարճ ժամկետում իրավաբանորեն ամրապնդի Արցախի և Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի արդյունքները՝ դրանով իսկ պայմաններ ստեղծելով տարածաշրջանում հայկական էթնոքաղաքական տարրի ապամոնտաժման հետագա քայլերի համար»։

Ըստ Աբովյանի, երկու գործընթացներն էլ շատ կոպիտ կերպով քողարկվում են որպես «խաղաղության պայմանագիր»՝ «խաղաղության դարաշրջանի» հակահայկական հայեցակարգի շրջանակներում, որն իրականում Արցախի կազմաքանդման և Հայաստանի հետագա մասնատման տարրերից մեկն է։ 

Որպեսզի մերկապարանոց խոսքեր չլինեն՝ պարզապես հետևեք հանդիպման նախօրեին ադրբեջանցի օկուպանտների հայտարարությունների դինամիկային և բրուսելյան հայտարարության բովանդակությանը։ Տպավորություն է առաջանում, որ հայկական կողմի օրակարգը թելադրում է պաշտոնական Բաքուն, իսկ հայկական կողմը գլուխը կախ կատարում է քոչվոր թյուրքալեզու ցեղերի բոլոր քմահաճությունները։ Սա ուղղակի աբսուրդ է, ինչ-որ քաղաքական «Ստոկհոլմյան սինդրոմ»։