Առաջարկությունների կարկուտ

Առաջարկությունների կարկուտ

Ի տարբերություն Ալիեւի՝ Նիկոլի գլուխն աշխատում է: Դա բնական է այնքանով, որ Ալիեւը նախկին է, իսկ Նիկոլը՝ նոր ու բավականին թարմ: Վերցնենք թեկուզ խաղաղության պայմանագրի հետ կապված առաջարկները: Հայկական կողմը, այսինքն` Նիկոլը, առնվազն մի քանի անգամ շատ առաջարկներ է ուղարկել Բաքու, մինչդեռ ադրբեջանական կողմը, այսինքն` Ալիեւը, հազիվ՝ մեկ-երկուսը: Համեմատելու բան իսկապես չկա: Փաշինյանի բոլոր ֆանտազիաներին Ալիեւը պատասխանում է իր իմացած յոթ երգով, որոնք բոլորը կա՛մ Արեւմտյան Ադրբեջանի (Հայաստանի՝ Էդ. Ա.), կա՛մ Մեղրիի միջանցքի մասին են: Ոչ մի ֆանտազիա: Արեւմտյան Ադրբեջանը (Հայաստանը՝ Էդ. Ա.) եւ Մեղրիի միջանցքը չտալու այլընտրանքն էլ, ինչպես հավաստիացնում են Ալիեւն ու Փաշինյանը, նոր պատերազմն է: Եվ մեր «խելացի առաջնորդը», բնականաբար, ժամանակ շահելու նպատակով, հրաշալի մարտավարություն է որդեգրել՝ առաջարկն առաջարկի հետեւից է ուղարկում Բաքու: Բաքվում արդեն տրտնջում են հայկական կողմի, այսինքն` Նիկոլ Փաշինյանի առաջարկների առատությունից: Դիմել են Ալիեւին, թե՝ մի առաջարկ էլ դու արա վերջապես, մեռանք դրանց առաջարկներին ծանոթանալով, ո՞ւմ ես ասում: Ալիեւը ֆանտազիա ունի՞, որ նոր առաջարկ մտածի կամ անի: Ու մինչ ամբողջ Ադրբեջանով մի առաջարկ կմտածեն, Փաշինյանը հերթական առաջարկն է ուղարկում Բաքու: Կարճ ասած՝ Ալիեւն իր վարչախմբով ք.քի մեջ է հայտնվել, այն էլ՝ ընտրությունների նախաշեմին:

Մինչդեռ Փաշինյանի առաջարկները քանի գնում, այնքան լրջանում են: Այնպիսի առաջարկներ կան դրանց մեջ, որոնք ժամանակին դարձել են անգամ գերտերությունների քննարկման նյութ: Ի՞նչ արժե, օրինակ, սպառազինությունների փոխադարձ վերահսկողության առաջարկը: Այսպիսի բան մեկ էլ երկաթե վարագույրի տարիներին ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն էին քննարկում: Եվ թե ինչպես Փաշինյանի այս առաջարկը պսիխոզ չի առաջացրել Բաքվում, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Բա զորքերի հայելային հետքաշման առաջարկը… բա էն մյուս առաջարկը, որ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետրը, Ադրբեջանն էլ թող ընդունի Հայաստանի 29,8-ը: Էլ չեմ խոսում Արցախն Ալմաթիի հռչակագրով Ադրբեջանի կազմում ճանաչելու «բառադի առաջարկի» մասին: Այ, էս վերջին առաջարկն Ադրբեջանի, այսինքն՝ Ալիեւի կողմից ընդունվել է միանգամից: Պատճառը հասկանալի է, հետեւանքները՝ նույնպես: Ալիեւը հաստատ կվերընտրվի Ադրբեջանի նախագահի պաշտոնում: Ասված է, չէ՞, ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես: Ալիեւն էլ Նիկոլին քիչ չի օգնել՝ մնալու վարչապետի աթոռին:

Ինչ ճիշտն է՝ ճիշտը, հայկական կողմի, այսինքն՝ Նիկոլի առաջարկներն աչքի են ընկնում նաեւ հրատապությամբ: Դիցուք՝ ադրբեջանցի սպա է պայթել ականի վրա: Նիկոլը խրած գնում է ԱԱԾ եւ, այնպես, որ Աբազյանն էլ երեւա, մի հատ նկար է գցում համացանց, հետն էլ՝ մի նյութ, թե Հայաստանը պատրաստ է ականապատ դաշտերի նոր քարտեզ տրամադրել Ադրբեջանին: Ու չեն էլ սպասում, որ Ադրբեջանը համաձայնի այդ քարտեզը վերցնելուն: Տուտ ժե «սքրին» են անում՝ ուղարկում: Պատասխանն էլ չի ուշանում՝ սա անորակ քարտեզ է, ու, առհասարակ, մենք ձեր քարտեզների հույսին չենք մնացել: Նիկոլը, բնականաբար, վատանում է, երբ իր հերթական առաջարկը չի ընդունվում, եւ արդեն Աբազյանն է պատասխանում՝ դե մեր ունեցածն էլ դա է…

Մի խոսքով՝ հայկական կողմի, այսինքն՝ Նիկոլի առաջարկներին վերջ չկա: ՀՀ ԱԳՆ-ի ռադիոն երբ միացնում ես, խոսում է Ադրբեջանին արված հերթական առաջարկի մասին: Մեկ-մեկ էլ ասում են՝ առաջարկների փաթեթ ենք ուղարկել… Պատկերացնո՞ւմ եք, թե այդ փաթեթների մեջ հայկական կողմը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, քանի առաջարկ փաթեթավորած կլիներ: Ասացի արդեն՝ սա հրաշալի մարտավարություն է, որ որդեգրել է Փաշինյանը: Թող այնքան առաջարկ անի, որ Բաքվում ուռեն, չիմանան, թե որ առաջարկին անդրադառնան, որը քննարկեն: Փաշինյանի երեւակայությունն էլ, հո գիտեք, սահմաններ չունի: Վերջերս, տեսնելով, որ Ադրբեջանը հանցավոր կերպով հրաժարվում է խաղաղության պայմանագիր ստորագրել, Փաշինյանն Ալիեւին առաջարկել է նախ չհարձակման պայմանագիր ստորագրել: Ինձ թվում է՝ այս անգամ գործն առանց պսիխոզի չի ավարտվի: Այսինքն՝ Ալիեւին առաջարկվել է ստորագրել մի թուղթ, որ հայկական եւ ադրբեջանական կողմերին կարգելի հարձակվել միմյանց վրա: Այս իրավիճակում դա կարող է նշանակել մեկ բան՝ բացառապես Ադրբեջանին արգելել հարձակվել Հայաստանի վրա, քանզի Հայաստանը հարձակվելու, այսպես ասած՝ ոչ մի «պովոդ» չունի: Թե ադրբեջանական կողմն ինչպես է արձագանքել 1939թ. «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը» հիշեցնող Փաշինյանի այս առաջարկին, մենք դեռ չգիտենք, բայց ՀՀ ԱԳՆ-ում, հավանաբար, արդեն տեղյակ են, մենք էլ շուտով կիմանանք: Ուղղակի պետք է ուշադիր լինենք, որ բաց չթողնենք Փաշինյանի հաջորդ առաջարկը: Այն կարող է հնչել ուզածդ օրը, ուզածդ ժամին, նույնիսկ ավելի շուտ, քան մենք կիմանանք, թե ինչ իրավիճակ է ստեղծվել Բաքվում՝ «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտի «Միրզոյան-Բայրամով» տարբերակի շուրջ: