Նոր Հայաստան, Նոր Սահմանադրություն, Նոր խորհրդարան

Նոր Հայաստան, Նոր Սահմանադրություն, Նոր խորհրդարան

Խորհրդարանական ընդդիմության համար կոմֆորտի ժամանակաշրջանը կարող է կտրուկ ավարտվել, եթե Փաշինյանը որոշի արտահերթ ընտրություններ կազմակերպել: ԱԺ ընդդիմությանը թվում է, թե իրենք դեռ երկուսուկես տարի կարող են ըմբոշխնել պատգամավորական մանդատները` հընթացս «պայքարելով» ռեժիմի հեռացման համար, իրականում` օգնելով դրա երկարաձգմանը: Փաշինյանն էլ հրապարակային հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների չի պատրաստվում` իրեն պետք է Սահմանադրություն փոխել: Միայն թե Սահմանադրություն փոխելու համար Փաշինյանին առնվազն 650 հազար կողմ քվե է պետք, իսկ որտեղի՞ց այդքան քվե: 
Քվեարկության արդյունքները կարելի է կեղծել, բայց անգամ կեղծելու համար պետք է մարդկանց ընտրատեղամաս բերել, իսկ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Հանրության որոշ շերտերի շարժելու` ընտրատեղամաս բերելու համար կա մի ճանապարհ` սահմանադրական հանրաքվեին զուգահեռ ԱԺ ընտրություններ անելը: Փաշինյանի կարգախոսը կարող է լինել՝ «Նոր Հայաստան, նոր Սահմանադրություն, նոր խորհրդարան»: Նրանով նոր, որ մյուս խորհրդարանում այլեւս չեն լինի նախկինի մնացորդները:

Փաշինյանի շրջապատը վաղուց է պահանջում արտահերթ ընտրություններ` պատմական արդարությունը վերականգնելու համար: 2018-ին հեղաշրջում է եղել, իսկ նախկինները դեռ օգտվում են իշխանությունից, իսկ ահա հեղաշրջման նվիրյալներին ընդամենը փշրանքներ են բաժին հասնում. Դա, մեղմ ասած, արդար չէ, եթե չասենք` անարդարության աղաղակող դրսեւորում է: Փաշինյանի սատելիտ հանրային սեկտոր գործիքակազմը գիտի, որ Սահմանադրությունը փոխվում է բացառապես Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով, բայց ձեւեր են թափում, թե դա անում են արդար ընտրությունների կամ անկախ դատական համակարգի սահմանադրական երաշխիքներն ապահովելու համար: Սահմանադրական հանրաքվեն կեղծենք հանուն արդար ընտրությունների. սա է լինելու սրանց հիմնական քարոզչական թեզը: 

Արեւմտամետ քաղաքական գործիչ-սատելիտների համար էլ սահմանադրական փոփոխություններ-արտահերթ ԱԺ ընտրությունների համատեղումը լավ հնարավորություն է մանդատների տիրանալու համար: 2022 եւ հատկապես 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո նրանք համարում են, որ երկրում կատարվել են արմատական փոփոխություններ` գործող խորհրդարանի կազմն այլեւս չի արտահայտում քաղաքական իրողությունները: Խորհրդարանական գործող ընդդիմությունը ձեւավորվել է 2021-ին` Արցախը փրկելու կարգախոսներով, հիմա Արցախը չկա, Արցախի փրկության հարցը դուրս է եկել Հայաստանի քաղաքական օրակարգից, դրա համար պետք է նոր խորհրդարան` նոր կազմով: 
2022-23 թթ․ իրադարձությունների արդյունքում փոխվել է նաեւ հասարակության աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Քանի դեռ Արցախը կար, հայ հասարակության մի զգալի հատված դեռ պահպանում էր ռուսամետ դիրքորոշում՝ համարելով, որ Ռուսաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, ինչ-որ իմաստով՝ նաեւ Հայաստանի: Արցախի հայաթափումից հետո Ռուսաստանի հանդեպ հիասթափությունն ահռելի է, այն վերածվել է անհանդուրժողականության եւ ատելության: Խորհրդարանի 2 ընդդիմադիր խմբակցությունները դիրքավորվում են որպես պրոռուսական, համենայնդեպս` ոչ հակառուսական եւ ոչ պրոարեւմտյան:

Արեւմտամետ արտախորհրդարանական ուժերը ռեւանշ են ուզում՝ 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, նրանք համոզված են, որ հիմա իրենք քաղաքական դաշտում մրցակիցներ չունեն, հանրությունն այլեւս ռուսամետ ուժերին ձայն չի տա, իրենց հաղթանակը կանխորոշված է, եւ իմաստ չունի սպասել մինչեւ 2026 թվականը:

Փաշինյանը ոգեւորված է Երեւանի ընտրությունների արդյունքում ձեւավորված մոդելից, ուզում է այդ մոդելը կրկնել ապագա խորհրդարանում, որը կապահովի նաեւ երեւութական արդարություն` ՔՊ-ն կունենա ոչ թե որակյալ մեծամասնություն, ինչպես հիմա է, այլ վարչական եւ կրիմինալ ռեսուրսով կվերարտադրվի, Արամ Զավենիչի եւ մի քանի այլ արեւմտամետների դաշինքի հետ կոալիցիոն կառավարություն կձեւավորի, իսկ խորհրդարանական ընդդիմության դերը կվերապահվի Դոգին, ով իր կողմն է գրավում 2018-2020 թթ․ փաշինյանական ընտրազանգվածի հիմնական հատվածին`ժեխին, ովքեր նրա մեջ տեսնում էին ընդդիմադիր փրկչին, բայց հին փրկչից հուսախաբ լինելով՝ գտել են նորին, ավելի արմատական քֆուրչու: 

Եվ միայն խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով հնարավոր կլինի մարդկանց մի մասին դուրս բերել փողոց ու ապահովել սահմանադրական հանրաքվեի հաջողությունը: Սահմանադրական փոփոխություններին դեմ բոլոր այն կուսակցությունները, որոնք կմասնակցեն ընտրություններին, իրականում կօգնեն, որ Փաշինյանը վերացնի Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության միակ խորհրդանիշ եւ երաշխիք հանդիսացող Սահմանադրությունը: Պետությունները գոյություն ունեն նաեւ խորհրդանիշների միջոցով, իսկ անկախ Հայաստանի գոյության ամենակարեւոր խորհրդանիշն Անկախության հռչակագիրն է: Իհարկե, նրանք կասեն, որ ընտրություններին են մասնակցում միայն հանուն ամբողջական իշխանափոխության, հանուն Փաշինյանի հեռացման, բայց մենք գիտենք, որ իրականությունը բոլորովին այլ է` այդ մասնակցությամբ կաջակցեն թե՛ սահմանադրական հանրաքվեի լեգիտիմացմանը, թե՛ Փաշինյանի ռեժիմի ամրապնդմանը: Ընտրությունների միջոցով ռեժիմից ազատվելու մասին հեքիաթը նոր չէ` պատմվում է սերնդեսերունդ:

Ավետիս Բաբաջանյան