Իշխանությանը սպասարկող «օլիգարխները» «մելկի» քայլեր են անում իմ դեմ

Իշխանությանը սպասարկող «օլիգարխները» «մելկի» քայլեր են անում իմ դեմ

Օգոստոսի 22-ի կեսօրին, քրեական անցյալ ունեցող անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ըստ մեր աղբյուրի՝ Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում, երբ ընթացել է դատական նիստ՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, դատարանի բակում հավաքվել են ամբաստանյալներ Գրիգոր Գրիգորյանի և Գրիգոր Պետրոսյանի ընկերներն ու համակիրները, որոնց մեջ եղել է քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ Արթուրը: Երբ փողոցով անցնելիս է եղել մեկ այլ քրեական պատմություններից հայտնի Ռուստամ Ստեփանյանը, որն ավելի շատ հայտնի է «Չաղ Ռուստամ» մականվամբ, միմյանց հասցեին հնչել են փոխադարձ մեղադրանքներ, ինչը հետո վերածվել է ծեծկռտուքի: Սա, հիշեցնենք, 2021 թվականի հունվարի 13-ին Թոխմախի գերեզմանոցում սկսված, ապա «Ռեդիսոն Բլյու»հյուրանոցի մոտ շարունակված բախումի արձագանքն է: Այդ օրերին հյուրանոցի բակում կայանած մեքենաների վրա հրազենային կրակոցների հետքեր էին հայտնաբերվել եւ բախումը նորից այս երկու անձի` Ռուստամի եւ Ֆազի միջեւ էր:

Երեկվա ծեծի փաստով սկսվել է վարույթ: Մի քանի անձինք, որոնք դիմել են փախուստի, որոնվում են ոստիկանների կողմից: տեղեկություններով՝ Ռ. Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը», որը եղել է զրահապատ ավտոմեքենայով (Մայբախ), ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին, իսկ «Ֆազն» ու մի քանի հոգի դիմել են փախուստի: Ապա Ռուստամ Ստեփանյանը ներկայացել է ոստիկանություն:

Կատարվածից հետո բուռն քննարկումներ սկսվեցին այն մասին, թե «Չաղ Ռուստամի» զրահապատ մեքենան (Մայբախը), պատկանում է Արթուր Ասատրյանին` Դոն Պիպոյին: Մենք կապվեցինք Արթուր Ասատրյանի հետ, նա մեզ հետ զրույցում նշեց, թե նման ստահոդ տեղեկություններ տարածող կայքերը գտնվում են Հայաստանի օրվա իշխանությունների հովանու ներքո: «Այն շարժումը, որ ես սկսել եմ, շատ մարդկանց անհանգստության մեջ է գցել: Այն «օլիգարխներին» պատկանող կայքերը, որոնք սպասարկում են այսօրվա իշխանությունների շահերը, փորձում են ինչ-որ մի բան գրել, որպեսզի ազդեն հայ ժողովրդի կարծիքի վրա և ամեն հասարակ բանից մեծ բան սարքեն, որովհետև իմ դեմ ոչ մի կարևոր ու լուրջ բան չունեն: Ես վաղուց Հայաստանում չեմ: Գնալուց առաջ մեքենաս վաճառել եմ, վաճառել ու Հայաստանից գնացել եմ: Ստացվում է, որ ինչ լինի` Արթուր Ասատրյանի անունը գրում են: Գրում են, որովհետև ինձ հետ կապված նյութերը հետաքրքիր են կարդացվում, ձեռքի հետ էլ փորձում են ցեխ շպրտել մի մարդու վրա, որին ուրիշ ոչ մի բանի մեջ չեն կարողանում մեղադրել: Ւմ դեմ կազմակերպված արշավի հիմքում իմ շարժումն է, որը շատ է վախեցնում որոշ շրջանակների: Վախենում են, որովհետև վաղը բոլորն են իմանալու իրականությունը: Ես սկսել եմ բացահայտել, թե իրականում ինչեր են տեղի ունեցել, այդ տեղեկությունները ժողովրդի համար հասանելի եմ դարձնում: Այն, ինչ իրենք են անում, իզուր է, որովհետև ժողովուրդն արդեն զարթնել է ու ամեն ինչ տեսնում է: Ժողովուրդն իրականությունը սկսել է տարբերել կեղծիքից», նշում է Ասատրյանը:

Այն հարցին, թե Դուք ի՞նչ կապ ունեք «Չաղ Ռուստամի» հետ, ինչո՞ւ է Ձեր անունը նրա հետ կապվում, մեր զրուցակիցը նշեց. «Մարդը ցանկացել է գնել մեքենա, գնել է: Մի անգամ ինձ առաջարկել է վերցնել մեքենաս, ես էլ ասել եմ, եթե ուզում ես` գնի էդ մեքենան, ես Հայաստանից գնում եմ, էլ ինձ էս մեքենան պետք չի: Հիմա նայում եմ էն կայքերը, որոնք իմ մասին նման հերյուրանքներ են տարածում: Հինգ տարի շարունակ մարդկանց բժժացրել են, հիմա էլ փորձում են նորից խաբել: Իմ դեմ ոչ մի լուրջ բան չունեն, ընկել են նման մանր քայլերի հետևից: «Մելկի» քայլեր են անում: Ֆայտոնը Լենինականում շուռ եկավ, էլի ես եմ մեղավոր: Օդից վերցնում են մի բան ու զրպարտում: Արթուր Ասատրյանի հետ ի՞նչ կապ ունի էդ մեքենան, ով, ում, ինչ ա արել, ես պրիչո՞մ», - պատմում է նա:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացքի մեջ է «Հայ խաչակիրների շարժումը», որը դեռ հունիսին է ստեղծվել Ասատրյանի նախաձեռնությամբ:

«Եղավ առաջին հանդիպումը: Հավաքվել են մի շարք կարևոր մարդիկ: Գրողներ, արվեստագետներ, զինվորականներ և այլն: Արձագանքը ևս դրական էր: Երկու ամսվա ընթացքում այն մեծ թափ է առել ու որևէ կերպ կանգնեցնել հնարավոր չի, քանի որ դա բխում է իմ հոգուց ու իմ սրտից: Ժողովուրդը հասկանում է, որ ես  «վլաստի» գալու համար չեմ պայքարում, չեմ պայքարում, որ մտնեմ քաղաքականություն և այլն: Վախի մթնոլորտն այնքան է մեծացել, որ ամեն մեկը մտել է մի պատի տակ ու չի ուզում ոչինչ խոսել», ասաց Արթուր Ասատրյանը: