Թաթուլ Հակոբյանը Հ1-ին հարցազրույց է տվել ու հիվանդացել

Թաթուլ Հակոբյանը Հ1-ին հարցազրույց է տվել ու հիվանդացել

Երեկ լրագրող Թաթուլ Հակոբյանի` Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցը բուռն քննարկումների առիթ է դարձել: Բանն այն է, որ Հակոբյանը մի շարք վիճելի հայտարարություններ է արել, որոնք հանրության որոշ հատվածի զայրույթն են շարժել: Հակոբյանը մասնավորապես նշել է, որ կարող է քննարկվել 120 հազար արցախցիների` Հայաստան տեղափոխվելու հարցը, եթե զգանք, որ նրանց ոչնչացման վտանգը ռեալ է: Այն, որ Թաթուլ Հակոբյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հայ-թուրքական եղբայրության մեծ ջատագով է, իհարկե, նորություն չէ, սակայն թե ինչպես է նա պատկերացնում 120 հազար արցախահայերին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պրոցեսը, ի՞նչ սկզբունքով դա կարող է արվել եւ այլն, փորձեցինք պարզել իրենից: Տպավորություն է ստեղծվում, որ կան մտքեր, առաջարկներ, որոնք թեեւ պատկանում են գործող իշխանություններին եւ անձամբ` Նիկոլ Փաշինյանին, բայց բարձրաձայնվում են այլ անձանց կողմից: Այսպես ասած` ամենանընդունելի գաղափարների մասին իշխանությունը չի խոսում, որ չքարկոծվի, իսկ Գագիկ Մելքոնյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Թաթուլ Հակոբյանը դրանք դնում են շրջանառության մեջ` իրենց ուսերին վերցնելով այդ ծանր բեռը եւ ծառայություններ մատուցելով իշխանություններին: 

Մենք նաեւ հիշեցինք, որ 2022-ի աշնանը Թաթուլ Հակոբյանը` մի խումբ փորձագետների հետ, պարբերաբար հանդիպում էին Նիկոլ Փաշինյանի հետ եւ օֆ դը ռեկորդ զրույցներ ունենում: Մեզ հետ զրույցում Հակոբյանը հաստատել էր, որ շուրջ երեք անգամ հանդիպում են ունեցել վարչապետի հետ: Նա անգամ այդ հանդիպումից հրապարակումներ էր արել իր ֆեյսբուքյան էջում, սակայն նշել էր, որ դրանց բովանդակությունը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման: 
Թե ինչ գաղտնի քննարկումներ են դրանք, ինչ բովանդակության, եւ արդյոք այդ հանդիպումները շարունակվում են եւ այդ հանդիպումների արդյունքո՞ւմ են գրվում Թաթուլ Հակոբյանի ստատուսները, երեկվա հարցազրույցն էլ այդ շրջանակներում էր, թե ոչ` մենք Թաթուլ Հակոբյանից չկարողացանք ստանալ: 

Այսօր նա «Հրապարակի» այն հարցին թե հետևո՞ւմ է արդյոք երեկվա իր հարցազրույցի արձագանքներին, նշեց. «Ոչ, չեմ հետևում, ես հիվանդ պառկած եմ տանը»: Մենք հետաքրքրվեցինք, եթե հիվանդ եք, ինչպե՞ս է հարցազրույց տվել Հանրայինին, նա ասաց, որ հիվանդացել է հարցազրույց տալուց հետո: Ամեն դեպքում փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է պատկերացնում արցախահայության տեղափոխումը Հայաստան, Հակոբյանը նշեց, որ բարձր ճնշում ունի և անջատեց հեռախոսը: