Իշխանական քառամյա անպատիժ ինքնիրավչությունը

Իշխանական քառամյա անպատիժ ինքնիրավչությունը

Այսօր արդեն քչերն են հիշում, որ քառամյա ինքնիրավչության երկար շղթայում այս իշխանությունը մշտապես քողարկվել է հին ու բարի «իրավունքի ուժով»՝ Սահմանադրական դատարանի բռնազավթումից մինչեւ Գլխավոր շտաբի պետի փոփոխում։ Մինչդեռ իրականում դա ոչ թե իրավունքի ուժն է, այլ՝ ուժի իրավունքը։ 

Ինչո՞ւ պետք է վարչական դատարանը բավարարեր Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի, երբ նույն այդ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելը մեկ տարի առաջ պարզապես անտեսվել էր։ Եվ կամ՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը չէ՞ր, որ նախորդիվ հրապարակավ հայտարարել էր, թե չի կատարելու դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը եւ ներողություն չի խնդրելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանից։

Փաշինյանի վարչախմբի համար «իրավական պետություն» հասկացությունն առոչինչ է, քանի որ կարելի է ազատորեն արհամարհել դատական ակտերը եւ կամ դրանք կիրառել կամայականորեն՝ սեփական քմահաճույքի համաձայն։ Փաշինյանն իր անձնային խառնվածքով մենիշխան է եւ կասկածամիտ, նա ի զորու չէ պատկերացնելու, որ որեւէ անձ, քաղաքական շրջանակ կամ պետական-հանրային ինստիտուտ կարող է դույզն-ինչ իրեն չենթարկվել։ Սա դասական միջնադարյան միապետի մտածողություն է։ Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարից մինչեւ մարդու իրավունքների պաշտպան՝ բացառապես նրա նկատմամբ անձնական հավատարմության հիմքով են նշանակվում, մասնագիտական արհեստավարժության որեւէ չափանիշ չկա։ Սա իսկ եւ իսկ իր երբեմնի զբաղմունքի՝ «Հայկական ժամանակ» թերթի խմբագրման տրամաբանությունն է։

1920-ականների սկզբին Իտալիայում իշխանության եկած ֆաշիզմի Դուչեն՝ Բենիտո Մուսոլինին եւս, ի դեպ, քաղաքական լրագրող եւ խմբագիր էր, անգամ հասցրել էր բանտարկվել։ Իտալիան բռնազավթելուց հետո նա երկիրը ներքաշեց քսանամյա բռնապետության հորձանուտ եւ սկսեց ղեկավարվել մի պարզ կանոնով՝ «Մեզ, մեր ընկերներին եւ բարեկամներին՝ ամեն ինչ, իսկ հակառակորդներին՝ օրենք»։ Փաշինյանի միակողմանի արդարադատությունը, ահա, ֆաշիստական Իտալիայի կամ տասնյակ այլ բռնապետական երկրների պես, գործում է հենց այս տրամաբանությամբ, երբ քրգործեր են հարուցվում բացառապես ընդդիմադիրների ելույթների դրվագներով, իսկ, ահա, իշխանական խմբակցության որոշ անդամների տասնապատիկ ավելի ուժգին ատելության խոսքը մնում է անպատիժ եւ անարձագանք։ 

Իրավունքի գերակայության ապահովման եւ իրավական պետության հիմնասյունը՝ անկախ դատարանը, այսօր կիսավեր, ստրկացած վիճակում է։ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունն ուղղակիորեն ենթարկվում են ոչ թե նույնիսկ կառավարությանը, այլ անձամբ վարչապետին, ինչն անպատկերացնելի կարգավորում է Եվրոպայի խորհրդի անդամ որեւէ երկրի համար։ Քննչական մարմինները դարձել են նախաքննության ընթացքի աղճատման եւ այլափոխման օղակներ։ Քաղաքական ենթատեքստ ունեցող ցանկացած իրադարձության կամ անձի վերաբերող քրեական գործերը հարուցվում են Փաշինյանի ուղղակի ցուցումով, նախաքննության մարմինները բացարձակ զուրկ են ինքնուրույնությունից եւ գործում են «կառավարական իրավախորհրդատուների», իսկ իրականում՝ ցածրակարգ իրավաբանների հովանու ներքո։ Այս ֆոնին տարօրինակ է, երբ ընդդիմությունը Գլխավոր դատախազությունից, Քննչական կոմիտեից, իրավապահ այլ մարմիններից քաղաքականացված քրգործերի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն է ակնկալում։

Հիմա էլ ձեռքերը շփելով՝ քննարկում են ոստիկանական բարեփոխումներն ու վերստեղծվելիք ներքին գործերի նախարարության հարցը։ Ի՞նչ փույթ, եթե այդ դեպքում էլ ոստիկանապետը, ինչպես այսօր ոստիկանության զորքերի հրամանատարը կամ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատարը, գործելու է վարչապետի ուղիղ ցուցումներով։ Առհասարակ, այն ի՞նչ կապ է ունենալու իրավակարգի պահպանության հետ, եթե շարունակելու է քաղաքացիներին մահակներով ու լուսաձայնային նռնակներով ահաբեկելը։ Վարչախումբն ինքնին ոչ թե պետական, այլ իշխանական համակարգի արտահայտիչն է, այն որեւէ կապ չունի պետության հետ, եւ նրա միակ մտահոգությունը սեփական իշխանության երկարաձգումն է, ինչ միջոցներով էլ լինի, ընդհուպ՝ ներքին բախումներ հրահրելով։


Դավիթ Սարգսյան