Մի հատ էլ ջահել կնիկ՝ Վաղո բիձուն

Մի հատ էլ ջահել կնիկ՝ Վաղո բիձուն

Երկու օր առաջ ես աշխարհի ամենամիամիտ մարդն էի, փաստորեն: Խնդրում եմ՝ չծիծաղեք, բայց մտածում էի, որ Մհեր Գրիգորյանն էսա գալու է Ոսկեպար և հայտարարի, որ Նիկոլը ստախոս է, ու ինքը գյուղ հանձնելու որևէ թուղթ չի ստորագրել: Երեկ արդեն հաստատվեց, որ ես իրոք շատ միամիտ եմ եղել և որ շատ բարձր կարծիքի եմ եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասին: ՔՊ-ական ֆունկցիոներ՝ սա է Մհեր Գրիգորյանը: Նա էլ, ինչպես ՔՊ ողջ վերնախավը, խուսափեց հանդիպել տավուշցիների հետ: Դե Նիկոլն այնպես է «քցել» իր զեմլյակներին ու թռել, որ Նիկոլից հետո Տավուշ գնալու համար կամ պիտի առյուծի սիրտ կերած լինես, կամ, առնվազն, ՔՊ-շնիկ չլինես: Ինչևէ, Մհեր Գրիգորյանը տավուշցիներից գլուխն ու մարմնի մյուս մասերն ազատելու հնարը գտավ: Նա նախընտրեց Երևանում հանդիպել տավուշցիների «հալալ քրտինքով» ընտրված համայնքապետերի հետ: Իսկ թե ինչ ուներ նրանց ասելու Մհեր Գրիգորյանը, մնում է միայն գուշակել: Տվել են, այո, հենց թղթի վրա տվել են, որովհետև չէին կարող չտալ, քանզի Ադրբեջանը պատերազմ կսկսեր: Ալմա Աթայի հռչակագիր, բան, ման…

Ապրիլի 22-ին, նախքան Մհեր Գրիգորյանը համայնքապետերի ֆորմատով կհանդիպեր տավուշցիների հետ, լռությունը խախտեց Նիկոլ Տավուշօղլուն՝ Փաշինյանը, տավուշցիների «միջի տղեն» և հայտարարեց, որ իր կառավարությունը տավուշցիներին միայնակ չի թողնի: Եվ մի այնպիսի հայրական գորովանք կար Փաշինյանի ձայնի ելևէջներում, որ ինձ թվաց՝ ճիշտ է ասում: Արցախցիներին միայնակ թողեց, սյունեցիներին միայնակ թողեց… Բայց տավուշցիներին՝ բացառված է, Նիկոլի կառավարությունը միայնակ չի թողնի: Եվ քանի՞ տավուշցի ինձ նման հավատաց Նիկոլին: Կամ հենց տավուշցի ՔՊ-շնիկները՝ հավատացի՞ն:

Երբ տալիս էր Արցախը, հայտարարեց, որ իր կառավարությունն անելու է ամեն ինչ, որ պաշտպանի իրենց հայրենիքում ապրելու արցախցիների իրավունքները: Եթե որևէ մեկը գիտի այս ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռնարկած որևէ քայլի մասին, խնդրում եմ ինձ տեղեկացնի, այլապես հնարավոր է՝ ես չհավատամ Նիկոլ Տավուշօղլուի հետևյալ հայտարարությանը. «Որտեղով անցնում է սահմանը՝ թող անցնի, մեզ համար կարևորը իրավական հիմքն է, որովհետև այդ անցման կետը Հայաստանի ինքնիշխանության հիմքն է»: Ի՞նչ է նշանակում՝ «որտեղով ուզում է՝ թող անցնի սահմանը»: Ալիևն ուզում է, որ այն անցնի Հրազդան գետով: Այդ ի՞նչ «իրավական հիմք» է, ինչպե՞ս կարող է սուվերեն տարածք տված պետությունը, դիցուք՝ Հայաստանը, ինքնիշխանության հիմք ունենալ այդքանից հետո: Արցախն էլ տվեցինք՝ ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման իրավական հիմքը: Ո՞վ է այսօր պաշտպանում ՀՀ օկուպացված տարածքների «իրավական հիմքերը»:

Ոչ ոք: Չէ, Նիկոլ, դու կամ նորից խաբում ես, կամ փորձում ես հերթական անգամ ֆռռացնել տավուշցիներին, թե քո կառավարությունը նրանց կողքին է: Քեզ հավատալը դժվար է, ընդհուպ՝ անհնար:

Կաշառք առաջարկող կառավարություն՝ այսպիսի բան լսել կամ տեսե՞լ եք: Ես առաջին անգամ Փաշինյանի շնորհիվ իմացա, որ կա այդպիսի կառավարություն, և այդ կառավարությունը Նիկոլ Տավուշօղլուի կառավարությունն է: Եվ ի՜նչ նրբորեն է կաշառք առաջարկում Փաշինյանը: Փողի ծերն արդեն ցույց է տալիս… «Եթե կպարզվի, որ որևէ տուն Հայաստանի սահմանագծի վրա է հայտնվում կամ սահմանագծից այն կողմ է հայտնվում, բացառված է, որ մենք այդ մարդկանց մենակ թողնենք, նրանց կողքին, թիկունքին չլինենք ու նրանց հարցերը չլուծենք այն տարբերակով, որ նրանք իսկապես զգան, որ կառավարությունն իրենց կողքին է»: Բնական հարց է ծագում՝ այ գարդաշ, ինչո՞ւ պետք է մարդու տունը հայտնվի սահմանագծից այնկողմ, դուք, առհասարակ, այդ ինչո՞վ եք զբաղված Մհեր Գրիգորյանի հետ, որ սահմանագիծը գալիս-գալիս է, ու մարդու տունը հայտնվում է սահմանագծից այնկողմ: Դա, ախր, սահմանագծում ու սահմանազատում չէ, դա ուրիշ բան է, ումուդ: Դուք ամեն ինչ վարի եք տվել, հիմա եկել լեզու եք թափում, թե փող կտանք, ձեզ միայնակ չենք թեղնի: Այսքանն ասել եք, Նիկոլ, փողի չափն էլ ասեք, ավելի պարզ խոսեք՝ փողն ըստ շնչի՞ եք տալու, թե՞ ըստ տնտեսությունների՝ ամեն տանը այսքան: Ու չեք էլ ամաչում չէ՞ երևի: Հրեն, Վաղո բիձու տան կեսը սահմանագծից այսկողմ է, իսկ խոհանոցը, պառավի հետ միասին՝ այն կողմում: Բա որ հիմա Վաղո բիձեն մահակը ձեզ վրա թափ տա ու ասի՝ մի հատ էլ ջահել կնիկ եմ ուզում, ի՞նչ եք անելու:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյան, ինձ թվում է՝ այս կինոն շատ վատ է վերջանալու: Հասկանո՞ւմ ես, բաներ կան, որոնք փողով չեն չափվում ու մանավանդ թշնամու տված փողով: Ես չգիտեմ, թե Ալիևն ինչքան է մուծվել Ոսկեպարում քեզ հետ «ընթրելու» համար, բայց կարող եմ վստահ ասել, որ այդ ընթրիքը քթիցդ է գալու: Չանես այդ սխալը: