Արդյո՞ք Իսպահանին հարվածել են Ադրբեջանի տարածքից

Արդյո՞ք Իսպահանին հարվածել են Ադրբեջանի տարածքից

Ամենքը գիտեն, որ ապրիլի 18-ի լուսադեմին, օդային հարվածներ են հասցվել Իրանի գրեթե կենտրոնում գտնվող Իսպահան քաղաքին մոտակա երկու-երեք թիրախների, այդ թվում ռազմական բազայի։ Ասվում է, թե հարվածները հասցվել են անօդաչու թռչող սարքերով, հարվածների արդյունքում չեն եղել ավերածություններ եւ չկան զոհեր։ 

Ավելի էականը, սակայն, չկա Իսրայելից որեւէ հաստատում, թե հարվածը հասցրել են իրենք ի պատասխան ՝ ապրիլի 13- լուսադեմին Իրանից իրականացված հրթիռային եւ դրոնային հարձակման, որի արդյունքում դարձյալ ավերածություններ եւ զոհեր չէին եղել։ Գործնականում ԱՄՆ-ից են հայտնել, որ Իսպահանին հասցված հարվածների ետեւում եղել է Իսրայելը։ Նույնը հաստատել է Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տանիանին։ Ըստ Տանիանիի՝ իտալական Կապրիում ընթացող G7-ի ԱԳ նախարարների հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը կոլեգաներին հայտնել է, որ Իսրայելը վերջին պահին նախապատրաստվող հարվածի մասին տեղեկացրել է Վաշինգտոնին։ 

Իրանյան կողմում հայտարարել են, թե իրենց օդային պաշտպանության համակարգերը Իսպահանի մոտակայքում վնասազերծել են թռչող, վառվող օբյեկտներ, սակայն որեւէ մեկը Թեհրանում չի հայտարարել, թե դրանք կապված էին Իսրայելի հետ, կամ եղել են Իսրայելի հակաքայլը՝ ապրիլի 13-ի իրանյան հարձակմանն ի պատասխան։

Եւ իրանյան, եւ իսրայելյան կողմի այս վարքը խոսում է այն մասին, որ Թեհրանն ու Թել-Ավիվը որքան էլ մոտենում են բախման, այնուամենայնիվ կողմերից յուրաքանչյուրը կատարում է իրենից կախված առավելագույնը՝ պատերազմի հրձիգը չդառնալու համար։ Ոչ մի կողմն էլ առանձնապես չի խուսափում լիարյուն պատերազմի մեջ մտնելուց, բայց նախընտրում է, որ սանձազերծողը լինի հակառակ կողմը։ Այս առումով ապրիլի 13-ի եւ 18-ի փոխադարձ հարվածները կարելի է համարել ուղերձների փոխանակում, որոնց բովանդակությունը ընկալեցին ոչ միայն Թեհրանում եւ Թել-Ավիվում, այլեւ ողջ աշխարհում։ 

Իրանը ցույց տվեց, որ ոչ ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում, ոչ Իսրայելի մեծախոսությունները իր` իբր ռազմական, հետախուզական եւ այլ կարողությունների մասին, Իրանի (եւ ոչ միայն Իրանի) վրա մեծ տպավորություն չեն գործում եւ ի զորու չեն հարձակում զսպելու։ Այս անգամ Թեհրանն  իր հրթիռներն ու դրոնները արձակել էր 1000 կմ հեռավորությունից, արձակելուց անմիջապես հետո ի լուր աշխարհի այդ մասին հայտարարել էր (դեռ չասած՝ որ 72 ժամ առաջ էլ մի շարք երկրների էր զգուշացրել նախապատրաստվող ռազմա-օդային հարձակման մասին), այդպիսով Իսրայելին գործնականում 4-5 ժամ ժամանակ տրամադրելով պաշտպանական գործողություններ ու միջոցներ ձեռնարկելու համար։ Իրական հարձակման ժամանակ, որի նպատակը լինի վնասելն ու ավերելը, ոչ թե ուղերձ փոխանցելը սպասելի է, որ իրանյան հրթիռներն ու դրոնները արձակվեն ոչ թե 1000, այլ ասենք 100 կմ հեռավորությունից, շատ ավելի մեծ քանակով, Իսրայելին պաշտպանություն կազմակերօելու ժամանակ չտալով եւ այլն։ իրանյան ուղերձը լիովին բացատրեց Իսրայելին, թե ինչ կարող է լինել։ 

Նույն կերպ էլ ապրիլի 18-ի իսրայելյան հարվածներն էին ուղերձ։ Դրանք նույնպես նպատակ չէին հետապնդում զոհեր, ավերածություններ պատճառելու, բայց հստակ ցույց տվեցին, որ անհրաժեշտության դեպքում, Իսրայելի ռազմական ուժերը այնպիսի բազաներ  եւ դիրքավորումներ են ապահովել, որ կարող են հարվածել, ոչ թե սահմանային տեղակայության քաղաքացիական, ռազմական, միջուկային օբյեկտների այլ Իրանի տարածքի ամենախորքային ու կենտրոնական շրջաններին, ինչպիսին Իսպահանի մետրոպոլիան է։ Եվ այստեղ սկսվում է մեզ համար հետաքրքիրը։

Երեկ միջազգային լրատվամիջոցներում, Al Jazeera-ից սկսած, հատկապես իրանցի փորձագետները, ովքեր խոսում էին, բաց տեքստով եւ բառացի բարձրաձայնում էին, որ առայժմ հայտնի չէ, բայց պետք է պարզվի, արդյո՞ք Իսպահանի մոտակայքում վնասազերծված դրոնները, հրթիռները արձակվել են բուն Իսրայելի՞ տարածքից, թե՞ Ադրբեջանի։ Որեւէ երրորդ պետության ոչ ոք չի կասկածում կամ անունը հնչեցնում։ Ադրբեջանի՞ց են հարվածել Իսպահանի ուղղությամբ, թե՞ ոչ, դեռ պետք է պարզվի, բայց որ Ադրբեջանը ընկալվում է որպես Իսրայելի պլացդարմ, որտեղից կարող էին հարվածները հասցվել, այլեւս չթաքցվող իրողություն է եւ խիստ դրական։ Չէ որ Իրանը չի կարող իր թիկունքում իսրայելյան պլացդարմ հանդուրժել։ 

Իսպահանի դեպքերի առիթով արդեն միջազգային վերլուծությունների լեյտմոտիվ դարձած Ադրբեջանը  պարզ է Թեհրանի կողմից պետք է առաջին հերթին չեզոքացվի որպես իսրայելյան ռազմական հարձակմանը ծառայող պլացդարմ, կամ պոտենցիալ պլացդարմ։ Տեսնենք, ինչպես իրադարձությունները կզարգանան։ Արդյո՞ք Իրանը ֆիզիկապես կմտնի Ադրբեջանի՝ 2020-ին օկուպացված եւ այլ տարածքներ՝ չեզոքացնելու համար իսրայելյան լրտեսական եւ ռազմական ներկայությունը այդտեղ։ Հնարավո՞ր է իր թիկունքը իսրայելյան ներթափանցումներից ապահովագրելու համար, Իրանը ուղղակի ֆիզիկապես մուտք գործի եւ մնա Ադրբեջանի տարածքում։ Վերջապես չի բացառվում Իրանն այնքան արմատական լուծում տա խնդրին, որ ուղղակի գահընկեց անի Ալիեւյան ռեժիմը եւ Բաքվում իշխանության բերի շիա մահմեդականությանը ավելի մոտ կանգնած մի ուժի, այդպիսով երկարատեւ ժամանակի համար փակելով հակաիրանյան որեւէ գործողության կամ դրսեւորման հնարավորությունը Ադրբեջանում։ Եվ արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները հանկարծակի որոշացին հեռանալ Իրան-Ադրբեջան բախման թատերաբեմում չհայտնվելու համար, դեռ կերեւա։