Ինչպես կարելի է գնահատել ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը
Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների աստիճանաբար հեռանալու մասին հաղորդումները շարունակում են քննարկվել նաեւ ռուսալեզու մեդիատարածքում։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով, գործընթացը չի կարելի միայն մեկ չափորոշիչով գնահատել։ Նրանց առաքելությունը պետք է բաժանել երկու մասի՝ 2020-22 թվականներ եւ 2022 թվականի մարտից մինչեւ 2023 թվականի սեպտեմբեր։ Forbes-ում հրապարակած իր հոդվածում Մարկեդոնովը գրել է․ «Եթե առաջին փուլում Մոսկվան շեշտակիորեն ցանկանում էր իր բացառիկ դերակատարումը պահպանել, մի կողմ հրելով ԼՂ կարգավիճակի հետ կապված խնդիրները՝ մինչեւ լավ ժամանակներ, ապա երկրորդ փուլում ռուսների համար առանցքային նշանակություն ունեցան Ուկրաինայում ծավալած ռազմական գործողությունները»։
Ապա Մարկեդոնովը հավելել է, որ Արեւմուտքի հետ առճակատումը տարածվեց նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն արգելափակվեց։ Ռուսաստանի կախվածությունն Ադրբեջանից եւ Թուրքիայից զգալիորեն ավելացավ, եւ հայկական ղեկավարությունը, զգալով որոշակի փոփոխությունները, երկու ոչ միանշանակ եզրակացություն կատարեց՝ պետք է հեռավորություն պահպանել Ռուսաստանից եւ հրաժարվել ղարաբաղյան «բեռից»՝ Արեւմուտքի երաշխիքների օգնությամբ։ Ու այս ամենը կատարվեց Բաքու-Անկարա հարաբերությունների էլ ավելի սերտացման պայմաններում։
Այս ամենի արդյունքում, ըստ Մարկեդոնովի, իրավիճակը Կովկասում արմատապես փոխվեց, եւ ռուս խաղաղապահների՝ ԼՂ-ում գտնվելու հարցը դրվեց հարցականի տակ։ Այս ամենով հանդերձ, ռուս փորձագետը հորդորում է առանձնապես փութաջանություն չցուցաբերել եզրահանգումների եւ գնահատականների հարցում։ «Շատերի համար ռուս խաղաղապահների հեռացումը նշանակում է պարտություն։ Ղարաբաղյան խաղաղապահների հետ կապված ողջ պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է։ Բարդ է վերահսկողության տակ պահել այն դաշտը, երբ պահանջ կա՝ հստակեցնել առաջնահերթությունները»,- նկատել է նա։ Նույնիսկ եթե ռուս խաղաղապահների դուրս գալուց հետո, բացի Կովկասից, այլ ռուսական զորամիավորումներ էլ հանվեն, միեւնույն է, դա, ըստ Մարկեդոնովի, չի նշանակի, թե Կովկասում ռուսական ներկայությունը հասել է իր վերջնագծին։ Նա հիշեցրել է ինչպես 1918-20 թվականների, այնպես էլ իննսունականների սկզբի պատմական նախադեպերը, երբ ռուսները կրկին վերադարձել են այս տարածք։
Կարծիքներ