Ռուսաստանը հեռանում է՝ չցանկանալով դառնալ Իրան-Իսրայել պատերազմի ակամա մասնակից 

Ռուսաստանը հեռանում է՝ չցանկանալով դառնալ Իրան-Իսրայել պատերազմի ակամա մասնակից 

Արցախից ռուսական զորախմբի հապճեպ դուրսբերումը համընկավ մեկ այլ իրադարձության հետ` Իրանի հրթիռային պատասխանին Իսրայելի կողմից Դամասկոսում իր հյուպատոսության ռմբակոծմանը, որին զոհ գնաց 7 իրանցի բարձրաստիճան սպա: Տարածաշրջանում հասունանում է իրանա-իսրայելական լայնամասշտաբ պատերազմի վտանգը, եւ Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս խուսափել այդ պատերազմի կողմ դառնալուց, որեւէ ձեւով հակամարտությանը մասնակցելուց: 

Իրանական «Արդար պատասխան» անունը կրող գործողությանն Իսրայելը պատասխանեց Սպահանի ուղղությամբ մի քանի անօդաչու թռչող սարքերի հարձակմամբ, բայց այդ երկրում ակտիվորեն քննարկում են հակազդման ավելի լայն միջոցների կիրառման հնարավորությունը` իրանական միջուկային օբյեկտների ոչնչացումը, որի դեպքում Իրանը խոստանում է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին: Չնայած ԱՄՆ իշխանությունները հավաստիացնում են, որ կարողացել են համոզել Իսրայելին, որ նա չպատասխանի իրանական հրթիռային հարձակմանը, բայց այդ համաձայնությունը ժամանակավոր է: Իսրայելը չի ցանկանում թույլ տալ, որ վերջին խոսքը լինի Իրանինը, մանավանդ որ մեծ մտահոգություններ ունի իրանական միջուկային ծրագրի զարգացումից: Հիմա ստեղծվել է չափազանց բարենպաստ առիթ՝ հարվածելու եւ ոչնչացնելու իրանական միջուկային օբյեկտները՝ դրանով մեկ անգամ ցույց տալով սեփական ուժն ու հզորությունը, երկար ժամանակով չեզոքացնելով իրանական վտանգը: Մյուս կողմից՝ հաղթանակն Իրանի նկատմամբ կամրապնդի Բենիամին Նեթանյահուի իշխանությունը, որը վերջին շրջանում բավական թուլացել է՝ իշխանական կոալիցիայի ներսում առկա տարաձայնությունների պատճառով: Իսրայելում շատերը համոզված են, որ իշխանությունը կորցնելուց հետո վարչապետը կարող է միանգամից հայտնվել բանտում, նրա նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, իսկ պատերազմը լավագույն միջոցն է՝ սեփական իշխանությունը երկարաձգելու համար:

Եթե Իսրայելը որոշի հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, ապա չի բացառվում, որ կօգտագործի Ադրբեջանի տարածքում գտնվող իր ռազմակայանները: Իրանական տեղեկատվական դաշտում ակտիվորեն տեղեկություններ են տարածվում, որ Ադրբեջանը համաձայնել է իր տարածքում գտնվող երեք ռազմաբազաները տրամադրել Իրանի դեմ հարվածների կազմակերպման համար: Եթե Իսրայելն իսկապես օգտագործի Ադրբեջանի տարածքը՝ Իրանին հարվածելու համար, ապա Իրանն էլ իր հերթին կարող է հարված հասցնել Ադրբեջանի տարածքին: Իսրայելը հեռու է Իրանից, եւ այս երկու երկրները չունեն ընդհանուր սահման, մինչդեռ Ադրբեջանի հետ Իրանի սահմանը բավական մեծ է, եւ չի բացառվում, որ Իրանի պատասխանը չսահմանափակվի միայն հրթիռային հարվածներով: Իրանը կարող է ցամաքային եւ ծովային գործողություն իրականացնել Ադրբեջանի դեմ:
Հիմա Ռուսաստանի ինչի՞ն է պետք զորք ունենալ մի տարածքում, որը փաստացի կարող է վերածվել ռազմական գործողությունների թատերաբեմի: Ի՞նչ պետք է աներ Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմաբազան, եթե Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողություններ սկսվեին, եւ երկու կողմն իրար հրթիռակոծեին կամ իրար դեմ ցամաքային գործողություն իրականացնեին: Այս հարցի պատասխանը Ռուսաստանի իշխանությունը չունի, եւ դրա համար լավագույն լուծումը համարեցին զորքն այդ տարածքից հանելը:

Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ, եւ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում դժվար թե հանդես գար ի պաշտպանություն Ադրբեջանի: Բայց, մյուս կողմից, Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ չէր ցանկանա հարաբերություններ փչացնել Իսրայելի հետ: Ամենակարեւորը, այս պահին ինչ պետք չէ Ռուսաստանին, դա եւս մեկ հակամարտության մեջ ներքաշվելն է, երբ պատերազմն Ուկրաինայում խլում է հսկայական նյութական եւ մարդկային ռեսուրսներ, ինչի պատճառով փչացել են հարաբերություններն արեւմտյան դաշինքի երկրների հետ: Ռուսները հեռանում են՝ ուղղակի վախենալով, որ իրենք միտումնավոր կամ ուղղակի հանգամանքների բերումով կարող են այդ պատերազմի մասնակիցը դառնալ: Չեն ուզում հիմա էլ թշնամանալ Իրանի, Իսրայելի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:

Այնպես որ, մտքերն այն մասին, որ Ռուսաստանը հանձնում է տարածաշրջանը Թուրքիային, կամ որ Ռուսաստանի համար Հարավային Կովկասն այլեւս հետաքրքրություն չի ներկայացնում, բացարձակ անտեղի են: Անիմաստ է նաեւ Ռուսաստանին իր շահերը բացատրելու փորձերը, որ հեռանալով Ադրբեջանից եւ Հարավային Կովկասից՝ Ռուսաստանը թույլ է տալիս իր ռազմավարական շահերի համար շատ վտանգավոր՝ Մեծ Թուրանի նախագծի իրականացմանը, ցույց է տալիս իր թուլությունը` արժանանալով իրեն հավատացող ազգերի ու պետությունների անվտանգությանը: Ռուսաստանն իր շահերը շատ լավ հասկանում է, եւ կողմնակի բացատրության կարիք չկա:

Հեռանալով Ադրբեջանի տարածքից, Ռուսաստանը կորցնում է այդ երկրում իր ռազմական ներկայությունը, ինչը ցավալի կորուստ է: Ռուսաստանն այդ ներկայությանը հասավ Արցախի հայաթափման եւ ոչնչացման հաշվին, նա հաստատ մտադիր էր մնալ մինչեւ 2025 թվականի նոյեմբերը, իսկ դրանից հետո ինչ-որ պատրվակով երկարացնել իր ներկայությունը: Բայց, անկախ իրենց կամքից, ստեղծվել է մի իրավիճակ, որ մնալն անհամեմատ ավելի վտանգավոր է, քան հեռանալը: Անիմաստ է մտածել, որ Արցախից հեռանալով՝ Ռուսաստանը կարող է հաջորդ քայլով հեռանալ Հայաստանից: Հայաստանն անմիջականորեն չի ներգրավվի Իրանի դեմ պատերազմում, եւ այդ պատճառով Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան եւս դժվար թե ստիպված լինի ինչ-որ քայլեր իրականացնել հօգուտ այս կամ այն կողմի: Ընդհակառակը, հիմա Ռուսաստանն առավել, քան երբեւէ, շահագրգռված կլինի պահել իր ռազմական ներկայությունը Հայաստանում, որովհետեւ Հայաստանից հեռանալն իսկապես կնշանակի հեռանալ Հարավային Կովկասից, այս տարածքում Ռուսաստանի ավելի քան 200-ամյա ներկայության ավարտը: Մի՞թե Ալեքսանդր 1-ինն ու Նիկոլայ 1-ինը դրա մասին էին մտածում` վարելով ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմներ, զոհելով տասնյակ հազարավոր ռուս զինվորների, որ իրեն նրանց հետեւորդ հռչակած Վլադիմիր Պուտինը հողին հավասարեցնի նրանց գործն ու թողած ժառանգությունը: Իհարկե, ամեն ինչ հնարավոր է, եւ դա ռուսների ու նրանց պետության ղեկավարի գործն է, բայց Իրանի պարտությունն ու Ռուսաստանի հեռացումը կարող են նշանակել միայն Հայաստանի ամբողջական թրքացում. մեր կիսապետության վերջնական ոչնչացումը:

Ավետիս Բաբաջանյան