Ինչո՞ւ է «Էրեբունի պլազան» մերժել Էդգար Ղազարյանին

Ինչո՞ւ է «Էրեբունի պլազան» մերժել Էդգար Ղազարյանին

Օգոստոսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների մասնակցությամբ հրավիրվելիք խորհրդանշական նիստը նախապես ծրագրված էր հրավիրել այն դահլիճում, որտեղ ԳԽ-ն 1990-95 թվականներին նիստեր է արել՝ Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող կառավարության նիստերի դահլիճում։ Սակայն իշխանությունը ամեն ինչ արեց, որ այդ դահլիճում չկայանա նիստը, որի լեյտմոտիվը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է լինելու։ Չենք զարմանա, եթե պարզվի, որ այս գաղափարը ծնվելուց հետո կառավարությունը ձեռնամուխ եղավ դահլիճի նորոգմանը եւ դա էլ որպես պատրվակ բերելով՝ մերժեց դահլիճի տրամադրումը։

Նախաձեռնող Էդգար Ղազարյանը որոշեց, որ նիստը կկայանա «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի դահլիճում՝ Մելիք Ադամյանից ոչ հեռու։ Եւ քանի որ այս դահլիճը կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ՝ այստեղ է նրա պաշտոնական գրասենյակը, այստեղ է գտնվում Թիվի 5 հեռուստաընկերությունը, «Yerevan today» կայքը, «Հայաստան» դաշինքի մի շարք անդամներ այստեղ գրասենյակներ ունեն, ուստի ենթադրվում էր, որ խնդիրներ չեն առաջանալու։ 

«Էրեբունի պլազան» սկզբում համաձայնել էր և խոստացել տրամադրել բիզնես կենտրոնի դահլիճը, սակայն մի քանի օր անց՝ միջոցառումից 2 օր առաջ մերժել էր, նշելով, թե դահլիճում օդափոխության խնդիր կա: Հանդիպումը տեղափոխվեց Երևանի DoubleTree հյուրանոցի դահլիճ: 

Երեկ ողջ օրը «Էրեբունի պլազայի» ղեկավարությունից մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ, թե ինչու են մերժել Էդգար Ղազարյանին, այդ ինչ օդափոխության խնդիր է, որ առաջացել է այսպես անսպասելիորեն, սակայն այդպես էլ մեր հարցերը մնացին անպատասխան: Միայն այսօր «Էրեբունի պլազայի» աշխատակիցը զանգահարեց եւ ասաց, որ Էդգար Ղազարյանին մերժել են, քանի որ իրենց մոտ այժմ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: 

Սա առնվազն անհասկանալի է, քանի որ եթե իսկապես «Էրեբունի պլազայում» վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, ապա ինչու էին նախապես համաձայնել տրամադրել դահլիճն, ապա վերջին օրերին հիշել, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, կամ օդափոխության խնդիր կա։ Ի վերջո՝ նման աշխատանքները մեկ օրում չեն պլանավորվում։