Հնարավո՞ր է հաղթել Նիկոլին իշխանության բերած Արեւմուտքի եւ Հյուսիսի ուժերին

Հնարավո՞ր է հաղթել Նիկոլին իշխանության բերած Արեւմուտքի եւ Հյուսիսի ուժերին

Հայ հասարակության քաղաքականապես ակտիվ եւ երկրի ճակատագրով մտահոգ հատվածն արդեն տասն օրից ավելի է՝ հավաքվում է Ազատության եւ Ֆրանսիայի հրապարակներում՝ պահանջելով երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Որքան էլ ասեն, որ այս շարժումն ապակուսակցական է, պարզ է, որ հասարակությանն առաջնորդում են առաջին հերթին խորհրդարանում գտնվող քաղաքական ընդդիմադիր ուժերը` «Հայրենիքը», ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն: Եվ նրանք են քաղաքական պատասխանատվություն կրելու այս շարժման հաջողության կամ ձախողման համար: 

Հակամարտության մի կողմում ընդդիմադիր կուսակցություններն են եւ երկրի ապագայով մտահոգ հասարակությունը, իսկ մյուս կողմում՝ Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանական խմբավորումը: Նիկոլ Փաշինյանը չունի հանրային աջակցություն, ինչը շատ պարզ երեւաց, երբ նրա կողմնակիցները փորձեցին պրոիշխանական հանրահավաք կազմակերպել: Հասարակության մեջ կա Նիկոլ Փաշինյանին աջակցող մի զանգված, բայց այն քաղաքականապես պասիվ է, այդ խավն իր աջակցությունը հրապարակայնորեն չի դրսեւորում: Փաստացի այս պահին Նիկոլ Փաշինյանին իշխանությանն է պահում ոստիկանական մի քանի հազարանոց բանակը, որը ջանադրաբար բռնություն է կիրառում ցուցարարների նկատմամբ, տասնյակներով եւ հարյուրներով տանում ոստիկանական բաժիններ եւ բաց թողնում: Ոստիկանները մի մոտիվացիա ունեն՝ իրենք դրա համար աշխատավարձ են ստանում, Նիկոլ Փաշինյանն էականորեն բարձրացրել է նրանց աշխատավարձը, եւ իրենք պարտական են նրան ու ծառայում են իրենց կերակրողին: Փաշինյանը, ի տարբերություն իր նախորդների, անմիջապես հասկացավ, որ պետք է իր համախոհն ու գործընկերը դարձնի առաջին հերթին ուժայիններին եւ հատկապես՝ ոստիկաններին։

Բայց արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը միայն իր կողմից պաշտոն ստացած մի քանի հազար չինովնիկներն ու նրանց պաշտպանող ոստիկաններն են, թե՞ կան նաեւ այլ, մեզ համար անտեսանելի ուժեր: Գրեթե մեկ տարի առաջ՝ 2021 թվականի ապրիլի 30-ին, ռեժիսոր Մհեր Մկրտչյանին տված հարցազրույցում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով 2018 թվականին իր եւ իր իշխանության պարտության պատճառներին, հայտարարեց. «Ես չեմ պարտվել սրանց. ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի: Դուք ուզում եք, որ ես կոնկրետ ուժե՞ր նշեմ: Ասեմ, որ այդպիսի ուժեր բոլոր տեղերում էլ կային` ե՛ւ Արեւմուտքում, ե՛ւ Հյուսիսում: Բայց դրանք պետությունների մոտեցումները չէին»:

Հիմա, երբ հայ հասարակությունը եւ ընդդիմությունն ուզում են իշխանազրկել Փաշինյանին, հարց է առաջանում՝ իսկ Արեւմուտքում եւ Հյուսիսում գտնվող այդ ուժերը, որոնք իշխանության են բերել Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ վերաբերմունք ունեն Հայաստանում ծավալվող իրադարձությունների նկատմամբ: Արդյոք նրանք շարունակո՞ւմ են պաշտպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Որովհետեւ, եթե նրանք չորս տարի առաջ աջակցել են Փաշինյանին եւ օգնել են նրան՝ իշխանությունից զրկելու Սերժ Սարգսյանին եւ նրա իշխանությունը, տրամաբանական կլինի մտածել, որ նրանք շարունակելու են օգնել նրան՝ պահպանելու իր իշխանությունը: Եվ ամենակարեւոր հարցը, որին թերեւս կարող է պատասխանել միայն Սերժ Սարգսյանը. եթե Արեւմուտքում եւ Հյուսիսում գտնվող այդ ուժերն այնքան ուժեղ էին, որ կարողացել են հաղթել իր իշխանությանը, արդյոք այսօր Փաշինյանի հրաժարականը պահանջող հայ հասարակությունը եւ ընդդիմությունը, որի մաս է կազմում նաեւ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն, այդքան ուժե՞ղ են, որ կարողանան հաղթել Սերժ Սարգսյանի նշած ուժերի հովանավորությունը վայելող Փաշինյանին: 
Սերժ Սարգսյանը նույն հարցազրույցում ասում էր, որ երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու համար պետք է ավելի կարեւոր բան ունենաս, եւ այդ բանն իր համար բազմաթիվ զրկանքների գնով անկախացած ՀՀ-ն ու Արցախն են: Հիմա Փաշինյանն ունի՞ այն կարեւոր բանը, հանուն որի նա կարող է հրաժարական տալ: Նա փաստացի հրաժարվել է Արցախից՝ նրա մեծ մասը հանձնելով թշնամուն, իսկ մնացած մասի պատասխանատվությունը թողնելով Ռուսաստանին, Հայաստանն էլ, մեծ հաշվով, հանել է աճուրդի: Ընդհակառակը՝ Փաշինյանը բազմաթիվ զրկանքների ու տառապանքների արդյունքում ձեռք է բերել իշխանություն, որին նա ոչ մի կերպ չի ուզենա հրաժեշտ տալ: Թեկուզ Հայաստանը վերացնելու գնով: 

Ավետիս Բաբաջանյան