Բումերանգի էֆեկտն աշխատում է Բալասանյանի դեմ. ավագանին մանդատները վերցրել է ձերբակալությունների մթնոլորտում 

Բումերանգի էֆեկտն աշխատում է Բալասանյանի դեմ. ավագանին մանդատները վերցրել է ձերբակալությունների մթնոլորտում 

Հոկտեմբերի 26-ին ԱԱԾ-ն ձերբակալեց Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Արթուր Հակոբյանին և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ Հովիկ Գևորգյանին։ Պատճառը, ըստ իրավապահների, կաշառքն էր: ԱԱԾ-ականները տպավորիչ շոու էին կազմակերպել: Անշարժ գույքի կառավարման բաժնի համարյա բոլոր աշխատակիցներին բերման են ենթարկել, իսկ Հովիկ Գևորգյանի ու նրա վարորդի ձերբակալությունը եղել է ուժի կիրառմամբ: Ասում են՝ նրանց անմիջապես փողոցից են տարել` կոպտորեն քաշքշելով: Հետո բերման ենթարկվածների մեծ մասին բաց են թողել: Երկու օր անց ԱԱԾ Շիրակի վարչությունը հրապարակեց, որ քաղաքապետարանի աշխատակիցները բնակչից 2000 դոլար կաշառք են ուզել` համայնքին պատկանող անշարժ գույքը նրան նվիրելու համար, փողի կեսը ստացել են հոկտեմբերի 12-ին, իսկ մնացածը պետք է ստանային նվիրատվության գործընթացն ավարտելուց հետո, սակայն բռնվել են գումարը վերցնելու պահին: Այլ կաշառքի դեպքեր էլ են բացահայտել, եթե հավատանք ԱԱԾ-ին՝ ապօրինի շինարարության փաստերը չարձանագրելու, վարույթներ չսկսելու համար: Կաշառք տված քաղաքացին ևս ձերբակալվել է: 

Նույն օրը՝  հոկտեմբերի 28-ին, երբ ԱԱԾ-ն մանրամասներ էր հրապարակում, թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովում Գյումրու նոր ավագանու 33 անդամները ստանում էին իրենց մանդատները: Ինչպես հայտնի է, ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ ստանալով 14 մանդատ։ Կարելի է ասել, ավագանու անդամները մանդատ էին ստանում և քաղաքապետ էին ընտրում տեռորի մթնոլորտում, քանի որ ձերբակալվածներից երկուսը՝ քաղշին և ճարտարապետության բաժնի պետ Հակոբյանն ու անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ Գեւորգյանը Բալասանյանի  մարդիկ էին: Առաջինին նա բերել էր քաղաքապետարան` կադաստրի կոմիտեի Գյումրու գրասենյակից:
Նոյեմբերի 1-ին էլ նոր ավագանին որպես քաղաքապետ ընտրեց «Բալասանյան դաշինքի» թեկնածուին՝ Վարդգես Սամսոնյանին, որն արդեն կոալիցիոն հուշագիր էր ստորագրել ՔՊ-ի հետ: ՔՊ-ականները քվեարկեցին նրա օգտին, իսկ ընդդիմադիր կուսակցությունների՝ «Զարթոնք», Հանրապետական եւ «Ապրելու երկիր», ավագանիները նրան դեմ էին: Արդյո՞ք ձերբակալություններն էին նպաստել ՔՊ-ի ու «Բալասանյան դաշինքի» միավորմանը:  

Խոսում են, որ քաղաքապետարանում ստուգումներ անցկացնելու որոշումը «Բալասանյան դաշինքին» վախեցնելու միջոց էր, որ վերջինս ՔՊ-ի հետ համագործակցության գնա և, առհասարակ, աշխատի ՔՊ-ի հետ, որպեսզի իր մերձավորներին ազատ արձակեն: Սամվել Բալասանյանի կարծիքն այս  մասին ճշտել չհաջողվեց` նա գտնվում է ԱՄՆ-ում, բուժման նպատակով: Փոխարենը նրա նախկին մամուլի քարտուղար, համախոհ, «Բալասանյան դաշինքի» նոր ավագանու անդամ Սոնա Առաքելյանին հարցրինք, թե արդյո՞ք այս ձերբակալությունը ավագանու ձևավորման օրերին չի նշանակում, որ իրենց դաշինքին ճնշում են, որ անցնի ՔՊ-ի կողմը: Սոնա Առաքելյանն ասաց. «Ես կապ չեմ տեսնում, չեմ կարծում, որ որևէ ճնշում կամ ինչ-որ նման բան կա, ես այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններից, գործը նախաքննության փուլում է, իրավապահների տիրույթում»:

Նկատենք, սակայն, որ ձերբակալություններն ու կալանավորումները Բալասանյանի քաղաքապետարանում միշտ են եղել: Նա սիրում էր ոստիկանության ու ԱԱԾ-ի ուժերով հարցեր լուծել: Այստեղ լավ հիշում են, թե ինչպես են տարբեր իրավապահներ տարբեր տարիներին մտել քաղաքապետարան ու տարել այս կամ այն պաշտոնյային: Անցյալ տարի քաղաքապետարանի դռան մոտ քաղշինբաժնի աշխատակցուհու ձերբակալեցին՝ 100 դոլարը ձեռքին: 2019 թվականին անշարժ գույքի կառավարման բաժնի պետին` 200 դոլար կաշառքի համար, տարան հենց շենքից, նրա աշխատակցին նույնպես ձերբակալեցին: Դա քաղաքապետարանի եւ առհասարակ` բոլոր իշխանությունների աշխատաոճն է, որը հիմա բումերանգի պես վերադառնում է կիրառողներին: