«Հրապարակ». Չեմ կարծում, որ նման քայլեր կիրականացնի մարդը, ով ազգությամբ հայ է, եւ ում երակներով հոսում է հայի արյուն

«Հրապարակ». Չեմ կարծում, որ նման քայլեր կիրականացնի մարդը, ով ազգությամբ հայ է, եւ ում երակներով հոսում է հայի արյուն

Մեր զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

- Հայտարարեցիք, որ Երեւանի ընտրություններին պատրաստվելն այնքան էլ տեղին չէ, երբ Հայաստանի պետականությունը նման վիճակում է։ Բայց շատերն ասում են՝ ով հաղթի Երեւանի քաղաքապետի ընտրություններում, նա էլ կհաղթի հաջորդ խորհրդարանական ընտրություններում։

- Երեւանի քաղաքապետի ընտրությունները մենք պետք է դիտարկենք որպես ամբողջական իշխանափոխության առաջին քայլ։ Երեւանի ընտրություններում մասնակցության հետ կապված՝ պետք է լինի խոր քննարկում քաղաքական հիմնական ուժերի շրջանում, եւ իմ անձնական կարծիքն է, որ պետք է հանդես գալ միասնական ճակատով, միասնական թեկնածուով։ Ընդ որում, որեւէ մեկը չպետք է ասի` այդ թեկնածուն ես եմ, եւ վերջ․ պետք է լինեն քննարկումներ, սեղանին դրվեն բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, թե ինչի պիտի լինի այս կամ այն թեկնածուն: Բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց անձնական ամբիցիաները եւ հանդես գան միասնական ճակատով։ Եթե միասնական ճակատով հանդես չգանք, ուրեմն, ես վստահաբար ասում եմ, իշխանությունները հաղթելու են։ Հենց հայտարարվեն ընտրությունները, եւ մենք տեսնենք՝ չկա միասնություն, այդ օրը մենք կարող ենք չակերտների մեջ շնորհավորել իշխանության թեկնածուին՝ անկախ նրանից, թե ով կլինի այդ թեկնածուն՝ Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը։

- Այդ քննարկումներն ընդդիմության շրջանում եղե՞լ են, թե՞ ամեն մեկն իր տարբերակն է առաջ քաշում։

- Ես քիչ առաջ ասացի, որ այսօր խոսել Երեւանի ընտրությունների մասին՝ տեղին չէ, որովհետեւ Նիկոլի Հայաստանում որեւէ մեկը վստահ չէ՝  կլինի՞ ընտրություն, թե՞ չի լինի, ե՞րբ կլինի այդ ընտրությունը։ Հենց հիմա օրենքի կոպիտ խախտմամբ Երեւանը չունի քաղաքապետ, եւ չեն հայտարարում արտահերթ ընտրություններ, բայց չենք բացառում, չէ՞, որ կարող է որոշում կայացվել, հայտարարվեն ընտրություններ, եւ բոլորիս կանգնեցնեն փաստի առջեւ, ասեն` 28 օրից ընտրություններ են։ Կարո՞ղ է նման բան լինել՝ կարող է: Մենք տեսել ենք, որ ամեն ինչ այս իշխանություններն անում են ու օրենքը մեկնաբանում են յուրովի՝ ոնց ուզում են՝ այդպես։ Բացի այդ, երկար պրոցես են քաղաքական կոնսուլտացիաները, որը պետք է արդեն սկսել։ Բայց հանրության մի մասն էլ չի հասկանում` հիմնական ընդդիմադիր ուժերը խոսում են Երեւանի ընտրությունների մասին, բայց Հայաստանը վտանգված է, Արցախը վտանգված է, Նիկոլ Փաշինյանն ուղիղ խոսում է պետականության կորստի մասին, ասում է` գիտեք, կարող է այնպես լինի, որ երկու-երեք տարի հետո պետություն չլինի, ինչ-որ անհասկանալի բաներ է խոսում։ Դրա համար պետք է հասկանալ` ե՞րբ է այդ ժամանակահատվածը, ու սկսել այդ քաղաքական կոնսուլտացիաները։

- Նիկոլ Փաշինյանն անհասկանալի բանե՞ր է խոսում, թե՞ ապագայում մեզ սպասվող սցենարներն է բացահայտում։

- Ցավոք սրտի, ինքն ինչ խոսում է, որը մենք համարում ենք անխելքության, անտրամաբանության դրսեւորում, վերջում մեկ էլ տեսնում ենք, որ դա իրողություն դարձավ, ինքն էլ ասում է՝ ես ձեզ զգուշացրել էի՝ դուք ոչ մի բան չարեցիք։ Այս մարդկանց մեկնաբանելն անհնարին է, որովհետեւ սրանք անտրամաբանական քայլեր են անում, եւ չես կարծում, որ հնարավոր է նման քայլեր իրականացնի մարդ, ով ազգությամբ հայ է, եւ ում երակներով հոսում է հայի արյուն։ Ուղղակի այս մարդիկ անում են ամեն ինչ, որպեսզի երկիրը բերեն մի իրավիճակի՝ անընդհատ պարտվողական տրամադրություններ, անընդհատ զիջումներ։ Բոլորի առջեւ՝ ոչ միայն մեր հակառակորդի, այլ աշխարհում բոլորի՝ սկսած Ռուսաստանից, միացյալ Եվրոպայից, ԱՄՆ-ից, բոլորի առջեւ այս մարդիկ կզել են՝ ցավոք սրտի։

- Պատճառը ո՞րն է, որ երկրի ներսում չկա այն ներուժը, որը կընդդիմանար այս պրոցեսին։

- Դա երկար զրույց է, երկար վերլուծություն է պահանջում, շատ դեպքերում մարդիկ ուղղակի հոգնել են, որովհետեւ ամեն ինչ ուզում են արագ լինի, անընդհատ ընդդիմությանը մեղադրում են, որ դուք սկսեցիք շարժում եւ հաջողության չհասաք։  Հիմա այս ստորագրահավաքը, որն իրականացնում է մեր գործընկեր Թագուհի Թովմասյանը, նկատել եմ, որ դրա հետ կապված էլ կա քննադատություն, ասում են՝ դուք ստորագրություն եք հավաքում՝ սա երկիրը հանձնում է։

- Այդ քննադատության մեջ տրամաբանություն չկա՞։

- Քննադատության մեջ տրամաբանություն, իհարկե, կա, բայց ես բազմիցս ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ` իսկ ի՞նչ անենք։

- Ի՞նչ պետք է անենք։

- Զինված խմբեր ստեղծենք՝ գնանք գրավե՞նք կառավարությունը, տեռորիստական ա՞կտ անենք՝ ի՞նչ անենք։

- Ձեր տարբերակը ո՞րն է։

- Անում ենք այն, ինչ քաղաքակիրթ կյանքում նորմալ է, բայց սրանց հետ․․․ ես համոզված եմ, որ այս խոսքիցս հետո կարող են ինձ քննադատել, բայց նորից եմ կրկնում` չպետք է հոգնենք, պետք է պայքարենք, որովհետեւ սա պայքար է հանուն Հայաստանի եւ հանուն Արցախի։

- Ժամանակ ունե՞նք։

- Ժամանակ վաղուց չունենք, ժամանակը վաղուց անցել է, ցավոք սրտի, բայց պետք է չհոգնենք` պայքարենք։