Երբ որ ես իմ քարոզն անեմ, պոչից չեմ կպցնի «Նիկոլ, վարչապետ»

Երբ որ ես իմ քարոզն անեմ, պոչից չեմ կպցնի «Նիկոլ, վարչապետ»
Նոր Հայաստանի թիվ մեկ աներձագը՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, ով այս պահին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր է, այս ընտրություններին կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները։ Եվ կառաջադրվի, բնականաբար, «Իմ քայլը» դաշինքի կողմից։ Նույն դաշինքի կողմից նույն ընտրատարածքում Հակոբյանին՝ որպես ներքին մրցակից, առաջադրվել են նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Բայց Հակոբյանն իր շանսերը բավականին բարձր է գնահատում թե՛ ներքին ցուցակում, թե՛ արտաքին մրցակիցների հետ պայքարում։



«Պատրաստվում եմ շատ բովանդակալից, լավ, ուժեղ քարոզարշավ անեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Հրաչյա Հակոբյանը։



**-Ի՞նչ տեխնոլոգիաներ եք կիրառելու, ի՞նչ մեթոդներով եք անցկացնելու քարոզարշավը։**



-Դե, բակային հանդիպումներ… հանդիպումներ չէ՝ բակերն այցելել, հնարավորինս շատ անմիջական շփում ընտրողների հետ, այսինքն՝ ինքս շփվեմ, տամ իմ բուկլետը, իմ ծրագրերը։



**-Ինչպե՞ս եք համոզելու, որ ձեր ընտրատարածքում ձեր ցուցակի ռեյտինգայիններից հենց Ձեզ ձայն տան, այլ ոչ թե Արայիկ Հարությունյանին կամ Արարատ Միրզոյանին։**



-Այ, էդ հարցում ես համոզելու խնդիր չեմ տեսնում, իհարկե, պետք է ընտրողն արդեն, ըստ արած աշխատանքի, ես երբեք չեմ գնա, չեմ ասի՝ այ, գիտեք, Արարատ Միրզոյանին մի ընտրեք, ընտրեք ինձ։ Կասեմ՝ մի ընտրեք Հանրապետական կուսակցությանը, կասեմ՝ մի ընտրեք մյուս ուժերին, բայց չեմ ասի՝ ընտրեք ինձ, մի ընտրեք Արարատ Միրզոյանին։ Կասեմ՝ ընտրեք ինձ, բայց երբեք չեմ ասի՝ մի ընտրեք Արարատ Միրզոյանին, այլ այս, այս, այս բաների պատճառով ընտրեք ինձ, որովհետեւ ես սարեր-ձորեր եմ խոսք տալիս կամ ինչ-որ բան։



**-Իսկ եթե սար ու ձոր չեք խոստանալու, ի՞նչ եք խոստանալու Ձեր ընտրողին՝ որպես ապագա օրենսդիր։**



-Երեկ քվեարկության դրվեց այն օրինագիծը, որ ես բերել եմ Ազգային ժողով, հեղինակը ես եմ եւ կարծում եմ՝ ընտրողը գոհ կլինի այդ օրենքից, արդեն կտեսնի իմ կողմից որոշակի աշխատանք՝ արված իր համար, իր ընտանիքի, իր երեխաների համար։ Խոսքը վերաբերում է բուքմեյքերների գովազդն արգելելուն։ Կարծում եմ՝ շատ-շատերի վրա է դա բացասական ազդում, երբ որ փողոցում տեսնում ենք էդ մեծ բիլբորդները, երբ որ էս կամ էն բուքմեյքերական կամ շահումով խաղերն են գովազդվում։ Եվ եթե դա վերանա, ապա ընտրողը դրանում կտեսնի իմ կատարած աշխատանքը եւ կհասկանա, որ ընտրելով ինձ՝ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նմանատիպ արատավոր երեւույթները, երբ օրենքի հետ է կապված, վերանան։



**-Արդեն հայտնի է «Իմ քայլը» դաշինքի կարգախոսը, մամուլում գրված էր, որ «Նիկոլ, վարչապետ»-ն է լինելու։ Եթե դա լինի, Դուք ինչպե՞ս եք՝ որպես Հրաչյա Հակոբյան, այդ կարգախոսի ներքո հանդես գալու։**



-Երկու քարոզարշավ ենք անում մենք, անցած անգամ, համենայնդեպս, էդպես է եղել։ Գնում ենք բակերով, քարոզչություն իրականացնում ենք դաշինքի համար ու նաեւ իրականացնում ենք… այսինքն՝ լրիվ տրամաբանության մեջ մտնում է, երբ ես գնամ նախ քարոզչություն իրականացնեմ դաշինքի համար, որ ընտրեք մեր դաշինքը, եւ որի կարգախոսն է՝ «Նիկոլ, վարչապետ», եւ, բնականաբար, երբ որ ես իմ՝ որպես ռեյտինգային թեկնածու, քարոզն անեմ, ես պոչից չեմ կպցնի «Նիկոլ, վարչապետ» կարգախոսը։



**-Իսկ կասե՞ք, օրինակ, «Հրաչ, պատգամավոր»։**



-Չէ, կարգախոսը կընտրենք թիմի հետ։



**-Սա չի՞ նշանակում, որ Արմեն Աշոտյանի եւ մյուս ՀՀԿ-ականների պնդումներն իրականություն են, որ եթե Նիկոլ Փաշինյանի անձը, նրա գործոնը չլինեն, ձեր թիմակիցներից շատերը ձայն չեն հավաքի։**



-Միայն դա չէ ֆակտոր։ Դա կա, դա եկեք ֆիքսենք, որ, այո, Նիկոլ Փաշինյանն ունի շատ բարձր վարկանիշ, բայց չենք կարող պայմանավորել միայն դրանով, որովհետեւ նախորդ ընտրություններում ես նույն ընտրատարածքում հավաքել եմ 3 հազար 400 ձայն, եւ հիմա, երբ ես խորհրդարանում եմ հայտնվել, էդ ժամանակ Նիկոլը վարչապետ չէր, չէ՞, բայց ես հայտնվել եմ խորհրդարանում։ Հիմա պարոն Աշոտյանը կարող է ասել, որ այդ ժամանակ է՞լ եմ ես կամ Արարատ Միրզոյանը, կամ Ալենը Սիմոնյան, կամ Արայիկը Հարությունյան այդ անունն օգտագործելով… միգուցե էդ ժամանակ էլ է գործել ինչ-որ չափով, բայց նորից եմ ասում՝ միայն դա չէ։



**-Ձեզ համար ուժեղ ընդդիմություն ո՞ր ուժը կլինի։ ՀՀԿ-ն կարծես արդեն այդ տեղը «բրոնյա» է արել, որ իրենք են լինելու միակ եւ ուժեղ ընդդիմությունը։**



-Բազմիցս իմ հարցազրույցներում ասել եմ, որ ՀՀԿ-ն կլիներ ուժեղ ընդդիմություն, բայց ոչ երբեք ՀՀԿ անվան տակ։ Էնտեղ կան մարդիկ, ովքեր կլինեին մեզ համար ուժեղ ընդդիմություն, բայց ոչ երբեք էդ անվան տակ։ Մեր հանրությունը, համենայնդեպս, էդքան կարճ հիշողություն չունի, հա՞, որ շատ արագ հիմա մոռանա ՀՀԿ-ին եւ գնա քվեարկի ՀՀԿ-ի օգտին։ Եվ, գիտե՞ք, մարդիկ չեն գնում ընտրության, որ ինչ-որ մի ուժի ընտրեն որպես ընդդիմություն։



**-Բայց ի՞նչ տարբերություն՝ Հանրապետակա՞ն է եղել անունը, թե՞ այլ բան։ ՕԵԿ-ն էլ ռեբրենդինգ եղավ, անունը փոխեց, դարձավ «Հայկական վերածնունդ», բայց դա նրան չփրկեց, մարդիկ էլի այդ ուժը որպես ՕԵԿ էին հիշում։**



-Չփրկեց, որովհետեւ մարդիկ էլ չփոխվեցին։ Ես նշեցի՝ կան պատգամավորներ, ովքեր կարող էին լինել ընդդիմություն, բայց այդ պատգամավորները կարող էին լինել ընդդիմություն, եթե նրանք չլինեին ՀՀԿ-ի անվան տակ եւ իրենց շրջապատում չունենային նախկին ՀՀԿ անդամներին։



**-Դուք ուզում եք քաղաքական դաշտից իսպառ վերացնե՞լ «ՀՀԿ» անունը եւ ՀՀԿ-ն առհասարակ՝ որպես կուսակցություն։**



-Ես կուզեի, որ ՀՀԿ-ից որոշ պատգամավորներ, այո, առանձնանային ՀՀԿ-ից, ստեղծեին նոր կուսակցություն։



**-Ովքե՞ր կոնկրետ, անուններ կասե՞ք, թե ում են այդպես դրական գնահատում ձերոնք։**



-Մերոնք չէ, սա իմ կարծիքն է։ Անուններ չնշեմ։ Բայց խոսքը թե՛ գործող պատգամավորների, թե՛ արտախորհրդարանական ՀՀԿ-ականների մասին է։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**