Ով կնշանակվի Հայկ Մարությանի տեղակալ

Ով կնշանակվի Հայկ Մարությանի տեղակալ
Հոկտեմբերի 29-ին կայանալիք արտահերթ նիuտում Երեւանի ավագանին քննարկելու է քաղաքապետի տեղակալներ նշանակելու հարցը։ Արտահերթ նիստի ժամանակ որոշվելու են Երեւանի քաղաքապետի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը եւ այլն, իսկ գլխավոր հարցը լինելու է քաղաքապետի տեղակալների նշանակումը՝ մեկ առաջին տեղակալ եւ երեք տեղակալներ։



Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացնելու է 4 տեղակալներին։ Մեզ հայտնի դարձավ, որ Մարությանի կուսակիցները՝ «Իմ քայլը» դաշինքի ավագանին, դեռեւս տեղեկացված չէ, թե ովքեր են թեկնածուները։ Այսինքն՝ խմբակցությունում այդ հարցը դեռ չի քննարկվել։ Մեզ ասացին, որ ուրբաթ օրը նիստ է նշանակված, այդ ժամանակ, հավանաբար, կասեն, թե ովքեր են թեկնածուները։ Նաեւ տեղեկացանք, որ փոխքաղաքապետների նշանակման հարցը որոշվել է գաղտնի պահել, որպեսզի ժամանակից շուտ աղմուկ չբարձրանա։



Այնուամենայնիվ, մենք պարզեցինք 4 հնարավոր փոխքաղաքապետներից երկուսի անունները՝ «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամներ Հրաչյա Սարգսյան եւ Հայկ Սարգսյան։ Հրաչյա Սարգսյանն «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի քարտուղարն է, ակտիվ հեղափոխականներից, իսկ «Առաքելությունը» հայտնի է որպես համեմատաբար նոր, քաղաքական փորձառություն ու ճանաչելի դիմագիծ չունեցող երիտասարդների կուսակցություն, որը նախկինում հարել է Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ին, իսկ հիմա Փաշինյանի կողքին է, նրանց ոչ ֆորմալ ղեկավարը՝ Մեսրոպ Առաքելյանը, վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդականն է, տնտեսական գծով։ Հրաչյա Սարգսյանը կառավարման մասնագետ է, «Արդշինբանկ» ՓԲԸ սպառողական եւ հիպոթեքային վարկավորման, ռիսկերիի կառավարման բաժնի պետը։



Մարությանի մյուս հնարավոր տեղակալը «Իմ քայլը» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանն է՝ 51 տարեկան, մասնագիտությամբ տնտեսագետ-կիբեռնետիկ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս։ Աշխատել է բանկերում, ԼՂՀ եւ ՀՀ ֆինանսների նախարարություններում, 2006-2018թթ. ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչությունում ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնի ղեկավարն է եղել:



Ի դեպ, փոխքաղաքապետացուները քարոզարշավի ընթացքում ակտիվ էին եւ «թափանցիկ»։ Մասնավորապես, Հրաչ Սարգսյանը, որը տպավորիչ ելույթներ էր ունենում Երեւանի տարբեր թաղերը համահունչ զարգացնելու գաղափարի շուրջ, հիմա չի պատասխանում անծանոթ զանգերին եւ նամակներին։ Նա ավելորդ է համարել անգամ իր կենսագրական տվյալները տեղադրել քաղաքապետարանի պաշտոնական էջում։ Իսկ Հրաչ Սարգսյանից որեւէ տեղեկատվություն հայթայթել չհաջողվեց։



Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Տարոն Գեւորգյանից փորձեցինք ճշտել մեր տեղեկությունները եւ ստացանք հետեւյալ պատասխանը․ «Նշանակումների մասին այս պահին տեղեկություն չունեմ։ Որպեսզի հիմա իմ պատասխանները չլինեն ոչ հստակ, խնդրում եմ սպասեք, բոլոր հարցերին կտրվեն պատասխաններ՝ մեր պաշտոնական կայքում հաղորդագրության միջոցով»։



Իսկ մինչ մենք սպասում ենք պատասխանի, «Իմ քայլը» դաշինքում լարված իրավիճակ է։ Ավագանու անդամները դժգոհ են, որ Հայկ Մարությանն իր կադրային նշանակումները քննարկելու գործընթացին իրենց մասնակից չի դարձնում՝ մոռանալով, որ հաղթանակն ավագանու ընտրություններում միասին են կռել։ Լուրեր կան, որ անհամաձայնությունն այնքան մեծ է եղել, որ ավագանու արտահերթ նիստի օրը կրկին որոշվել է հետաձգել․ գուցե այն կայանա 30-ին։ Հիշեցնենք, որ նախապես արտահերթ նիստը նշանակված էր հոկտեմբերի 27-ին՝ ահաբեկչության օրը, սակայն «Լույս» դաշինքի պահանջով օրը փոխվեց։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**