Լաստանավ գնելն անհրաժեշտ է, բայց պետությունը չի ուզում փող ծախսել

Լաստանավ գնելն անհրաժեշտ է, բայց պետությունը չի ուզում փող ծախսել
Տրանսպորտի նախարարությունում վերջին շրջանում քննարկում են լաստանավ ձեռք բերելու հարցը։ Այս առաջարկը նախարարությանն արվել է բեռնափոխադրող գործարարների կողմից։ Բանն այն է, որ այս պահին վաճառքի է հանված մի լաստանավ, որն ուզբեկական ընկերության է պատկանում։ Նախարարությանն առաջարկել են բաժնետիրական հիմունքներով ձեռք բերել այդ լաստանավը, որը բեռնափոխադրումների հարցում հետագայում մեծ օգուտ կբերի Հայաստանին։ Հիշեցնենք․ Լարսի փակման պատճառով մենք հաճախ ենք հայտնվում բեռնափոխադրման խնդիրների առաջ, եւ մեզ մնում է միայն ծովային ճանապարհը, որն էլ իր հերթին լրացուցիչ ծախս եւ բարդություններ է ենթադրում։ Մասնավորապես, պետք է նախ ազատ լաստանավ գտնել, կարողանալ բեռդ այնտեղ ամրագրել ու սպասել՝ մինչեւ լաստանավը լցվի եւ ճանապարհ ընկնի, իսկ դա կարող է օրեր ու շաբաթներ տեւել։ Արդյունքում կարող են փչանալ բեռները՝ դրանից բխող տնտեսական ծանր հետեւանքներով։ Իսկ սեփական լաստանավ ունենալու դեպքում մենք ձեռք կբերենք անկախություն այս հարցում, ինչն էլ, բնականաբար, իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանից իրականացվող բեռնափոխադրումների եւ ըստ այդմ՝ տնտեսության զարգացման վրա։ Տրանսպորտի նախարարությանն առաջարկվել է, որ մոտ 3 մլն դոլար արժողությամբ լաստանավի երեք բաժնետեր լինեն՝ հավասար պարտավորություններով, «Ապավեն» ընկերությունը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն եւ պետությունը։ Յուրաքանչյուրը մեկական միլիոն դոլար կներդնի, եւ հետագայում էլ շահույթը երեք մասի կբաշխվի, ու մենք կազատվենք Լարսի գերությունից։



ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի արդեն առաջին տեղակալ **Արմեն Փամբուխչյանը** մեզ հետ զրույցում հաստատեց, որ կա նման քննարկում եւ առաջարկ, բայց դեռ հստակ որոշում այս պահին չունեն։ «Քննարկումների մեջ ենք հիմա էդ հարցով, մի քանի առաջարկներ կան, հիմա համատեղ պետք է քննարկենք՝ «Հարավկովկասյան երկաթուղին»՝ ռուսական երկաթուղին, մեր բիզնեսմենները, եւ պետք է հասկանանք, թե ով ինչ մասնակցություն է ունենում, պետությունն ունենո՞ւմ է, թե՞ չի ունենում մասնակցություն։ Մենք զբաղվում ենք իրականում այդ հարցերով, ու շահագրգռված ենք, որ ունենանք այլընտրանքային մի բան՝ մեր սեփականը»,- ասաց Փամբուխչյանը։ Իրականում, մեզ հասած տեղեկություններով, պետական այրերն այնքան էլ չեն գիտակցում այս ձեռքբերման կարեւորությունը եւ հակված չեն այդ մեկ միլիոն դոլարը ներդնելու։ Ավելին՝ նախարարությունն առաջարկում է մասնավորին՝ իր միջոցներով գնել լաստանավը։ Սակայն սա ստրատեգիական ձեռքբերում է եւ մեկ ընկերության համար մի փոքր թանկ ծախս, ուստի բանակցություններն առայժմ արդյունավետ չեն։



Ինչ վերաբերում է ուզբեկական լաստանավին, որն այժմ վաճառքի է հանված, բայց հաշված օրերի ընթացքում կարող է գնորդ ունենալ, որը Հայաստանը չի լինի, փոխնախարարն ասաց, որ ուզբեկական լաստանավը մի քանի ոչ պաշտոնական էքսպերտների կողմից այդքան էլ դրական գնահատականի չի արժանացել․ «Ասացին, որ ինքը հին է եւ իր աշխատանքի արդյունքում էլ ապացուցել է, որ ունի տեխնիկական խնդիրներ՝ հաճախ է կանգնում վերանորոգման․ դա նաեւ «Հարավկովկասյան երկաթուղին է փաստում։ Հիմա մենք չենք ուզում էնպիսի բան ձեռք բերենք, որ դրա ձեռքն ընկնենք կրակը։ Անընդհատ վերանորոգման կանգնեցնենք»։ Նրա խոսքով՝ լաստանավի նախնական գինը եղել է 2.3 մլն դոլար, հետո բարձրացրել են՝ 2.5 մլն-ի։ Այս հարցում ուզբեկական ընկերության հետ բանակցություններ է վարել «Հարավկովկասյան երկաթուղին»։ Բայց նախարարությունը չի ցանկանում շտապել՝ հույսով, որ տվյալ գնի սահմաններում ավելի լավ լաստանավ կգտնեն։



Փամբուխչյանը նաեւ նշեց, որ հանգստյան օրերից առաջ իրեն տեղեկացրել են, որ էլի առաջարկներ կան, ինչը դեռ չեն հասցրել դիտարկել։ Իսկ պետությունը կունենա՞ իր մասնակցությունը, Փամբուխչյանն ասաց․ «Ես ավելի շատ հակված եմ, որ հայկական կողմը՝ կլինի դա բիզնեսի տեսքով, կլինի պետության տեսքով, անպայման ներգրավված լինի։ Այսինքն՝ կարող է ընդհանրապես ներգրավված չլինել, երկաթուղին իր միջոցներով գնի եւ շահագործի»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**