Նյու-Յորք-Փարիզ-Մոսկվա-Ստեփանակերտ

Նյու-Յորք-Փարիզ-Մոսկվա-Ստեփանակերտ
Նախագահ Արմեն Սարգսյանը վերջին տասնօրյակում այցելել է ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, իսկ անցյալ կիրակի Ստեփանակերտում էր, որտեղ ներկա է գտնվել բերքի տոնին, շրջել տաղավարներով, շփվել մարդկանց հետ: Հոկտեմբերի 15-ին կայացել է նրա պաշտոնական հանդիպումն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ըստ տարածված հաղորդագրության, քննարկվել են Արցախի ներքաղաքական, շփման գծում իրավիճակի, ինչպես նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության հետ կապված հարցեր: Այդուհանդերձ, Մոսկվայում անցած շաբաթասկզբին ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանի արցախյան ուղեւորությունը որոշակի ենթադրությունների տեղիք է տալիս: Նա ՌԴ արտգործնախարարի հետ քննարկե՞լ է ԼՂ կարգավորման հարցը:



Ըստ երեւույթին՝ այո: Այդ հանդիպմանը մասնակցել է նաեւ ՌԴ փոխարտգործնախարար Կարասինը, որ համարվում է ԼՂ հարցով ՌԴ ԱԳՆ հիմնական դեսպանորդը: Եւ եթե մոսկովյան բանակցություններից հետո նախագահ Սարգսյանն ուղեւորվել է Արցախ, ապա կարելի՞ է ենթադրել, որ ծագել է խորհրդապահական տեղեկատվություն փոխանցելու եւ Ստեփանակերտի արձագանքը ճշտորոշելու անհրաժեշտություն: Հավանաբար՝ այո: Մանավանդ որ նախագահ Սարգսյանի արցախյան այցին հենց այդ դիտանկյունից է անդրադարձել նաեւ ադրբեջանական մամուլը: Բացառված չէ, որ Բաքվում այդ առթիվ որոշակի սպասումներ, այնուամենայնիվ, կան:



Մեկնաբանություններից մեկում նույնիսկ ակնարկվում է, որ Արմեն Սարգսյանը ժամանակին զբաղեցրել է «Բրիթիշ փեթրոլիումի» խորհրդականի պաշտոնը, իսկ բրիտանական այդ կորպորացիան «սերտ կապեր ունի Ադրբեջանի [հետ](https://minval.az/news/123831457 )»:



Հեղինակն, ընդսմին, դրանով է պայմանավորում նաեւ այն, որ նախկինում Արմեն Սարգսյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Կա՞ն նախադրյալներ՝ եզրակացնելու, որ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ տեղի են ունենում որոշակի զարգացումներ: Կարելի է, թերեւս, զգուշավոր ենթադրություններ անել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո միջնորդները կարող են նոր նախաձեռնությամբ հանդես գալ, իսկ նախագահ Արմեն Սարգսյանի ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանն զբաղված է լինելու ներքաղաքական առաջնահերթություններով