Չկա պատվիրատուն, չկան սոցիոլոգները

Չկա պատվիրատուն, չկան սոցիոլոգները
Տարիներ շարունակ ընտրություններին հետեւած ակտիվ հանրությունն, անշուշտ, նկատել է, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ տարբեր սոցիոլոգիական կենտրոններ հարցումներ չեն անցկացնում, չեն ներկայացնում թվեր, տվյալներ, կանխատեսումներ չեն անում դրանց հնարավոր արդյունքների մասին։ Լռել են «Գելլափը», հայտնի սոցիոլոգներ Գեւորգ Պողոսյանը, Ահարոն Ադիբեկյանը։



Քաղաքագետ **Արմեն Բադալյանից** հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված սոցիոլոգների լռությունն այն դեպքում, երբ 12 քաղաքական ուժ՝ ութ կուսակցություն եւ չորս դաշինք Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու հայտ են ներկայացրել։ «Նախկինում, երբ տեղի էին ունենում ընտրություններ, որոնք ավելի շուտ ընտրական միջոցառումներ էին, ընտրակեղծիքի մեքենայում իրենց դերակատարությունն ունեին եւ՛ ընտրական հանձնաժողովները, եւ՛ սոցիալական բաժինները, որոնք ընտրակաշառք վերցնող քաղաքացիների ցուցակներն էին տրամադրում, եւ՛ թաղային հեղինակությունները, եւ՛ որոշ ԶԼՄ-ներ, որոնք իրականացնում էին անուղղակի քարոզչություն։ Այդ ամենի մեջ իրենց տեղն ունեին նաեւ հասարակական կարծիքի ուսումնասիրությունն անցկացնող «սոցիոլոգները», որոնք իրականում սոցիոնկարիչներ էին։



Նրանք որոշակի գումար էին ստանում որոշակի կենտրոնից եւ նկարում իրականության հետ կապ չունեցող թվեր։ Այդ թվերը միշտ համապատասխանում էին ԿԸՀ-ի թվերին, այսինքն՝ այդ կեղծիքի մեքենայի մաս էին կազմում։ Ես չեմ ուզում անձնավորել, բայց կար այդպիսի պատվեր։ Հիմա, երբ չկա սոցիոնկարչության պետպատվեր, նրանք չգիտեն, թե ինչ թիվ պետք է ներկայացնեն։ Նրանք այն ժամանակ չէին իրականացանում սոցիոլոգիական հարցումներ, հետազոտություն, չունեին բազա, ուղղակի նկարում էին թվեր, որոնք համընկնում էին ԿԸՀ-ի թվերին։ Եվ հիմա իրենք չգիտեն, թե ինչպես վարվեն, որովհետեւ չունեն ինստիտուտներ, որոնք կանցկացնեն այդ հարցումները։ Դրա համար էլ լռել են»,- ասաց Արմեն Բադալյանը։