Կառավարության եւ ԱԺ հանձնաժողովները «բազարների» մեջ են

Կառավարության եւ ԱԺ հանձնաժողովները «բազարների» մեջ են
Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները երեկ ԱԺ-ում իսկական «բազարի» վերածվեցին։ Ամեն ինչ սկսվեց հենց «բազար» բառից, որը նետեց վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Ներկայանալով ԱԺ աշխատանքային խմբին՝ նա առաջին իսկ րոպեներին արհամարհական նետեց, թե կառավարությունը չի պատրաստվում «բազարի» մեջ մտնել քաղաքական ուժերի հետ, իրենք կլսեն խմբակցությունների առաջարկները, սակայն իրենց նախագիծը կներկայացնեն։



Հիշեցնենք, որ անցած շաբաթ մեկնարկել են ԸՕ-ի շուրջ ԱԺ աշխատանքային խմբի քննարկումները։ 4 ուժերից կազմված խումբը նախորդ 3 հանդիպումների ընթացքում ներկայացրել էր առաջարկներ։ Երեկ նրանց էր միացել կառավարության աշխատանքային խումբը, որոնց հերթն էր սեփական առաջարկները ներկայացնելու։ **Դանիել Իոաննիսյանի** հայտարարությունները, սակայն, քննարկումը տարան այլ հունով։ Տպավորություն էր, թե նոր իշխանությունը հնից վրեժ է լուծում, ինչպես ժամանակին ՀՀԿ-ն թքած ուներ փոքրամասնության կարծիքի վրա եւ ցանկացած հարց լուծում էր սեփական ճաշակով։ Նույն պահվածքն էր որդեգրել իշխանության ներկայացուցիչ Իոաննիսյանը՝ բացեիբաց հայտարարելով, թե իշխանությունը չի պատրաստվում հաշվի նստել քաղաքական դաշտի հետ, ինչն անակնկալի բերեց նաեւ կոալիցիոն գործընկերներին։ «Ես պատրաստ եմ լսել այստեղ հնչեցված գաղափարները, նույնիսկ հանձնաժողովը քննարկել է, դրանք անգամ ամրագրվել են հայեցակարգի նախագծում, բայց չեմ պատկերացնում քաղաքական այս հանձնաժողովի եւ մասնագիտական մեր հանձնաժողովի աշխատանքը համատեղելը: Մենք այստեղ չենք գալու «բազար անելու», ուզում ենք լսենք առաջարկություններ եւ դրանք քննարկել մասնագիտական ֆորմատով»,- ասաց Իոաննիսյանը:



Նա հասկացրեց, որ հանձնաժողովի դիրքորոշումն արդեն իսկ ձեւավորված է, սակայն վերջնական նախագիծը կներկայացնեն քննարկումներից հետո։ Ասաց, որ Նիկոլ Փաշինյանի պահանջն է այնպիսի ԸՕ-ի մշակումը, որը կապահովի ՀՀ պատմության մեջ ամենաժողովրդավար ընտրությունները: Բերելու են այնպիսի նախագիծ, որը «միայն մեր հանձնաժողովի անդամների տեսակետը կարտահայտի»: «Կետ առ կետ քննարկում ենք հանրության տեսակետը, հանրային քննարկումների ժամանակ հնչեցված առավել կոնսենսուսային մոտեցումների վրա ենք հիմնվում: Այս ուղղությամբ շարժվելով՝ կբերվի ԸՕ նախագիծը»,- մանրամասնեց Իոաննիսյանը։ Մինչդեռ ԱԺ աշխատանքային խումբն ակնկալում էր, որ նոր ԸՕ-ն կձեւավորվի կոնսենսուսով։ **Արմեն Ռուստամյանը** վախվորած հետաքրքրվեց՝ ճիշտ չէ՞ր լինի, որ համադրեին բոլոր 5 կողմերի առաջարկները, Իոաննիսյանը պատասխանեց, թե խորհրդարանական խումբը քաղաքական է եւ քաղաքական դիրքորոշումներ են ներկայացնում՝ ի տարբերություն իրենց մասնագիտական խմբի:



«Ծառուկյան դաշինքից» **Նաիրա Զոհրաբյանը** հիշեցրեց, որ թե´ իրենց խումբը եւ թե՛ կառավարության հանձնախումբը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովին, եւ վստահ է, որ երկուսին էլ նույն բանն է ասվել՝ իրենց համար ընդունելի է այն տարբերակը, որը կընդունվի քաղաքական կոնսենսուսի դեպքում: «Հասկանալի է, որ դուք ընդունում եք բոլոր հպարտ քաղաքացիների առաջարկները, բայց Վենետիկի հանձնաժողովը չի ասել՝ Վարդուշի առաջարկը պետք է համահունչ լինի Վենետիկի հանձնաժողովին»,- ասաց նա՝ հարցնելով, թե ով է ԸՕ-ի մշակման հարցում ավելի բարձր մասնագետ, քան այստեղ ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Խմբի ՀՀԿ-ական ներկայացուցիչ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն էլ լուսավորեց, որ մասնագիտական հանձնաժողովները ստեղծվում են՝ ձեւակերպելու այն կոնսենսուսը, որը կա քաղաքական ուժերի մեջ․ «Եթե դուք պնդում եք, որ դուք մասնագիտական հանձնաժողով եք, ինձ մոտ հարց է՝ ո՞վ է ձեզ պատվիրել Ընտրական օրենսգիրք ձեւավորել: Ի՞նչ եք դուք գրում, ընտրական օրենսգրքերի 150 տեսակ կա, ո՞ր մոդելն եք վերցնում, ո՞վ է քվեարկելու դա խորհրդարանում»: Նաեւ հարցրեց, թե ինչ փորձագիտական հանրություն կա իրենց հանձնաժողովում, եւ հիշեցրեց, որ ՀՀԿ-ն գնացել է կոնսենսուսային Ընտրական օրենսգիրք ունենալու ճանապարհով: Իոաննիսյանը պատասխանեց, որ հանձնաժողովը կառավարության կամ որեւէ մարմնի իրավաբանական վարչությունը չէ, որ պատվեր իջեցվի, իրենք էլ կատարեն, պատվեր իջեցնողն էլ են իրենք, կատարողն էլ․ «Հանձնաժողովը, լսելով կողմերին, ձեւավորում է դիրքորոշում եւ անում է դա շատ ավելի ներառական ձեւով, քան արվում էր նախկինում։ Երբ դուք էիք իշխանության, նախագիծն արվում էր ու գաղտնի էր պահվում: Մի ստիպեք, որ ես սկսեմ ամեն ինչ հիշեցնել»: Վիգեն Սարգսյանի նյարդերն այստեղ տեղի տվեցին, նա խորհուրդ տվեց մասնագիտական դասագրքեր կարդալ․ «Պետության եւ իրավունքի տեսության դասագրքեր կարդացեք, լա՞վ: Էլեմենտար, պարզ, հասարակ բան է դա: Պատվեր ձեւավորելը քաղաքական ուժերի խնդիր է: Եթե դուք մասնագիտական հանձնաժողով եք, դուք տիրապետում եք ԸՕ ձեւավորելու միայն մի փոքր հատվածային մասին: Դուք ի՞նչ փորձառություն ունեք, որ Ընտրական օրենսգիրք գրեք, ձեր հանձնաժողովի բոլոր անդամները»: Մի խոսքով՝ կողմերը ժամանակի կեսը վատնեցին փոխադարձ մեղադրանքների վրա։ Ի վերջո եկան համաձայնության, որ թե՛ կառավարական, թե՛ ԱԺ խումբը նախագծեր կներկայացնեն, որոնք երկուսն էլ կքննարկվեն ԱԺ-ում։



Իոաննիսյանը մեր հարցին ի պատասխան ասաց, թե նախագիծը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի սեպտեմբերի վերջին։ Այդուհանդերձ, նա խորհրդարանականներին ներկայացրեց իրենց առաջարկներից մի քանիսը, առաջինը վերաբերում էր փակ ցուցակներով համամասնական ընտրակարգին: Այս հարցում ԱԺ ուժերը դեռ միասնական համաձայնության չեն եկել: Վարչապետին առընթեր հանձնաժողովի մյուս առաջարկը խորհրդարան անցնելու շեմը 1-ական տոկոսով իջեցնելու մասին էր:



«Լավ կլինի պետության համար, եթե խորհրդարանն ավելի ներկայացուցչական լինի։ ԱԺ-ն համամասնական ներկայացուցչական մարմին է, եւ այսօր այս նորմը խախտվում է, երբ քաղաքացին ձայն է տալիս մի ուժի, որը շեմի պատճառով խորհրդարան չի անցնում»,- հիմնավորեց Իոաննիսյանը: ՀՀԿ ներկայացուցիչ **Դավիթ Հարությունյանը** բավարար չհամարեց Իոաննիսյանի փաստարկները, առաջարկեց հարցն այլ նիստում կրկին քննարկել: «Խորհրդարանական պետություններում այնպես են անում, որ խորհրդարանում լինեն ոչ թե մասնատված փոքրիկ ուժեր, որոնց դժվար կլինի ձեւավորել մեկ միասնական դիրքորոշում, այլ՝ խոշոր ուժեր։ Այս փոփոխությունից հետո կտուժի քաղաքական կայունությունը»,- ասաց Հարությունյանը: Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հաջորդ հարցը զորամասերում քարոզչություն իրականացնելու մասին էր: Հանձնաժողովն առաջարկում է ամրագրել մեխանիզմներ քարոզչությունը զինվորներին հասանելի դարձնելու համար: Հաջորդը նախընտրական շրջանում Հանրային հեռուստաընկերությամբ բանավեճեր անցկացնելու պարտադիր պահանջն է, բայց մասնակցությունը՝ ըստ ցանկության: «Եթե կուսակցությունը կամ դաշինքը չեն ցանկանա մասնակցել, աթոռը բաց կմնա, ու ընտրողներն իրենք եզրակացություններ կանեն։ Ընդ որում, բանավեճերից մեկը լինելու է կուսակցությունների առաջին համարների մակարդակով»,- ասաց Իոաննիսյանը: Հանձնաժողովի մյուս առաջարկները կներկայացվեն ԱԺ ԸՕ բարեփոխումների խմբի հաջորդ նիստի ընթացքում: