Հայտնի է ՏԻՄ ընտրությունների օրը

Հայտնի է ՏԻՄ ընտրությունների օրը
ՀՀ շուրջ 12 համայնք, կարելի է ասել, «անտեր» է մնացել։ Այդ համայնքների ղեկավարների պաշտոնները թափուր են։ 12 համայնքներից 10-ի ղեկավարների պաշտոնները թափուր են մնացել հրաժարականի հիմքով, իսկ մյուս 2-ի՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան եւ Երանոս համայնքների ղեկավարները մահացել են: Նշանակված են ժամանակավոր պաշտոնակատարներ։



ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տվյալների համաձայն՝ հրաժարականի հիմքով թափուր են մնացել Արարատի մարզի Լուսաշող, Նոր կյանք, Զանգակատուն համայնքների ղեկավարների պաշտոնները: Լուսաշող եւ Նոր կյանք համայնքներում նշանակված են ժամանակավոր պաշտոնակատարներ:



Արմավիրի մարզում՝ Էջմիածին, Արմավիր համայնքների ղեկավարների պաշտոնները: Նշանակված են ժամանակավոր պաշտոնակատարներ: Արագածոտնի մարզում՝ Կարմրաշեն համայնքի ղեկավարի պաշտոնը: Գեղարքունիքի մարզում՝ Վերին Գետաշեն (հրաժարական՝ առողջական խնդիրների պատճառով) համայնքի ղեկավարի պաշտոնը: Նշանակված է ժամանակավոր պաշտոնակատար: Լոռու մարզ՝ Վահագնի համայնքի ղեկավարի պաշտոնը: Նշանակված է ժամանակավոր պաշտոնակատար: Կոտայքի մարզում՝ Սոլակ համայնքի ղեկավարի պաշտոնը: Համայնքում նշանակված է ժամանակավոր պաշտոնակատար:



Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ **Տիգրան Մուկուչյանից** փորձեցինք ճշտել, թե երբ պետք է այս համայնքներում անցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Մուկուչյանը նախ ներկայացրեց օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը, ապա նշեց ամենահավանական ամսաթիվը․



««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածը հստակ ասում է, որ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերից է, երբ նա հրաժարական է տվել, նշված հոդվածի համաձայն՝ համայնքի ավագանին կազմում է ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն, եւ այդ արձանագրությունները մարզպետի միջոցով ներկայացվում են կառավարություն եւ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին՝ նախարարություն, որից հետո համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին ավագանու արձանագրությունը ստանալուց հետո 20-օրյա ժամկետում սահմանված կարգով կառավարություն է ներկայացվում տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ։ Ինչ վերաբերում է ընտրությունների օրվան, ապա ընտրությունների օրվա հետ կապված խնդիրներն էլ կարգավորվում են Ընտրական օրենսգրքով։ Ընտրական օրենսգրքի 122-րդ հոդվածը սահմանում է, որ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացվում են 120-րդ հոդվածով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար սահմանված ժամկետները։ 120-րդ հոդվածն էլ սահմանում է, որ ՏԻՄ հերթական ընտրությունների օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանվում են ԿԸՀ-ի կողմից, որոնք կարող են անցկացվել տարին մինչեւ 4 անգամ։ 2018 թվականի համար նման օրեր էին սահմանվել մարտի 11-ը, հունիսի 10-ը եւ հոկտեմբերի 21-ը։ Երկուսն արդեն ավարտված են՝ մարտի 11-ը, հունիսի 10-ը, եւ, հետեւաբար, ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 21-ին։ Եթե մինչ այդ նշանակում են, եւ դրանից հետո պահպանվում են առաջադրման, հանձնաժողովների ձեւավորման ու մնացյալ բոլոր ժամկետները, որոնք նախատեսված են Ընտրական օրենսգրքով, ապա այդ ընտրությունները, ըստ էության, անցկացվելու են նախապես հայտարարված օրը»։



ԿԸՀ նախագահին հարցրինք, թե հնարավո՞ր է, որ արտահերթ խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրություններն անցկացվեն միաժամանակ, եւ քաղաքացիները քվեարկեն ե՛ւ խորհրդարանի ձեւավորման, ե՛ւ ՏԻՄ մարմնի ընտրության համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջերս պարբերաբար խոսվում է նման տարբերակի մասին։ Մուկուչյանը չցանկացավ այս թեմայով դատողություններ անել՝ ասելով, որ դա ԿԸՀ լիազորությունների առարկա չէ․ «Ես չեմ կարող ցանկացած խոսակցության վերաբերյալ դատողություն հայտնել, առավել եւս՝ դա ԿԸՀ լիազորության առարկա չէ»։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**